Պատերազմի վերսկսման կամ անդորրի պահպանման բանալին գտնվում է Մոսկվայի ձեռքերում
Այսօր Սանկտ-Պետերբուրգում ԼՂՀ կարգավորման խնդրի հետ կապված կայացավ Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց քաղաքագետ, փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան ինչպե՞ս կգնահատեք Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: Այս հանդիպումը ինչպե՞ս
կանդրադառնա ԼՂՀ խնդրի հետագա զարգացման վրա:
-Հանդիպումը նախատեսված էր և կայացավ մեծապես ճնշումների ներքո, քանի որ, ըստ էության, ո'չ ադրբեջանական կողմը, ո'չ էլ հատկապես հայկական կողմը որևէ դրական տեղաշարժ
դրանում չէին տեսնում և մոտ շրջանում դժվար էլ տեսնեն: Սակայն հանդիպումը դրական կարելի է որակել կողմերի համար գոնե նրանով, որ այն թեկուզ և դեկլարատիվ բնույթ է կրում իր որակական տեսակետից, սակայն ենթադրում է դինամիկա, այլ ոչ ստատիկա, քանի որ բանակցությունների սառեցումը և բանակցային գործընթացի կասեցումը կամ դադարեցումը միանշանակ պատերազմ վերսկսելու հիմնական շարժառիթն է
հանդիսանում:
Ըստ էության,
ռուսական կողմը ձեռնամուխ է լինում աստիճանաբար կենտրոնացնելու ԼՂ
հակամարտությունն իր անմիջական և, ըստ էության, միանձնյա վերահսկման տիրույթներում,
ինչի մասին առնվազն խոսում է այն փաստը, որ հակամարտության կարգավորման խնդրով
զբաղվող հիմնական կառույցը` ԵԱՀԿ-ն, դեռևս հանդիպումից օրեր առաջ հայտարարություն
էր տարածել, որ տեղյակ չէր հանդիպման մասին և որևէ կողմից հրավերք չէր ստացել:
Փոխարենը` տարբեր աղբյուրներ, այդ թվում նաև` պաշտոնական, բացեբաց հայտարարում էին
Սանկտ-Պետերբուրգում սպասվող եռակողմ
հանդիպման մասին: Այս և վերջին շրջանում
դիտարկվող ռուսական կողմի կտրուկ ակտիվացումը, ավելին` դիրքային ամրապնդումը խնդրի շուրջ կարող է փաստել մեկ բան.
Ռուսաստանի վրա Արևմուտքի կողմից օրեցօր ավելացող ճնշումները ստիպում են Մոսկվային
կտրուկ քայլերի դիմել, քանի որ Ուկրաինայից և Սիրիայից հետո երրորդ ճակատը մեծապես
կարող է հենց Հարավային Կովկասը լինել, որն էլ, կորցնելով, Ռուսաստանը փաստացի
կկորցնի իր երբեմնի կայսրության վերջին հանգրվանը:
Բացի դրանից,
Ռուսաստանը խնդիր ունի ներգրավելու ԵԱՏՄ նաև Իրանին, որի տեսակարար կշիռն
աշխարհում, հատկապես պատժամիջոցների վերացումից հետո, ավելի ու ավելի է մեծանում,
ինչի արդյունքում էլ Մոսկվայի համար
ավելանում է նաև Իրանին կորցնելու վտանգը: Ուստի այս ամենի
համատեքստում ԼՂ հակամատության խնդրի լուծումը ռևերսորեն ստատուս-քվոյից վերածվում
է անկանոն և անկայուն ստատուս-քվոյի, երբ
Ադրբեջանին ԵԱՏՄ ներքաշելու և Իրանի հետ Անդրբեջանի տարածքով անմիջական ցամաքային
կապ հաստատելու նպատակը դառնում է ռուսական շահի համար գերկարևոր, հատկապես, երբ
մեծանում է Բաքվին կորցնելու և
Ադրբեջանական տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղադրելու հնարավորությունների
վտանգը, մեծապես, եթե հաշվի առնենք այն,
որ արդեն իսկ ստեղծվել և արագ կերպով զարգանում է ՆԱՏՕ-յի հովանու ներքո
գործող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական կառույցը: Այս ընդհանուր տիրույթներից
ելնելով էլ` ռուսական իսթեբլիշմենտը, ըստ էությամբ, ցանկանում է Հայաստանի դիրքերի որոշակի թուլացմամբ`
ի վնաս հայկական շահի` տարածքների զիջմամբ և Ռուսաստանի կողմից ՀՀ օդային
տարածքների միանձնյա կամ մասնակի կառավարման հնարավորությունների ձեռքբերման
արդյունքում սիրաշահել Ադրբեջանին ներգրավելու ԵԱՏՄ՝ ի ցանկություն,
որպեսզի ապագայում այդ կառույցում տեսնի նաև Թեհրանին:
-Վիենայի հանդիպումից հետո համաձայնություն էր ձեռք բերվել, կրկին հանդիպել և
ձեռք բերված պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերել: Այս հանդիպումը կարո՞ղ
է վճռորոշ լինել:
-Այդ հանդիպումը,
իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ: Այն երբևէ վճռորոշ չէր էլ կարող լինել: Առնվազն
կարելի է փաստել երկու պոստֆակտում. մեկը
վերաբերում է նրան, որ Ադրբեջանին որևէ մեկը պաշտոնապես չդատապարտեց թե' ռազմական
ագրեսիա նախաձեռնելու, թե' ցեղասպանության իրականացման մտադրությունների և
գործառույթների առաջմղման, հատկապես` ռազմագերիների խոշտանգումների և սպանության,
խաղաղ բնակչությանը բնաջնջելու, պատերազմ հրահրելու և այլոց համար, ինչն էլ առիթ
ստեղծեց ադրբեջանական վերնախավի համար, անմիջապես Վիենայից վերադառնալուն պես` նոր
սադրիչ գործողություններ նախաձեռնելու և նախանշելու համար: Պարզ է, որ
Ադրբեջանը շարունակելու է իմիտացիոն իր պահվածքը՝ նա երբևէ չի համաձայնվի սահմանին
մոնիթորինգային վերահսկիչ մեխանիզմերի տեղադրման գաղափարի իրականացման հետ, որին
թեև տվել է իր համաձայնությունը: Ինչ խոսք, այսօր էլ տեսնում ենք սահմանին և'
դիվերսիոն հարձակումներ, և' կրակոցներ, և մասշտաբային զորավարժություններ, օրինակ`
հատկապես, օրեր առաջ Բաքուն ներգրավել էր մի քանի հազար զինվորական և զինտեխնիկա:
Ըստ էության,
Ալիևին հաջողվեց հաղթահարել կարևոր մեկ բան` մտավախությունը, ինչից նա առավելապես
վախենում էր կամ փորձում էր զերծ մնալ. դա միջազգային դատապարտումն է, հատկապես` պատժամիջոցները:
Չէ որ չգտնվեց գեթ մեկ կառույց կամ երկիր, բացի Չիլիից, որը պաշտոնապես
կդատապարտեր ադրբեջանական ագրեսիան: Եվ երկրորդ պոստֆակտումը վերաբերում է նրան,
որ մեզ չհաջողվեց հասնել նրան, որպեսզի գոնե մեկ երկիր ճանաչեր ԼՂՀ անկախությունը`
օգտվելով ակնառու չարաբաստիկ ադրբեջանական ագրեսիայի գործոնից: Փոխարենը` Ալիևը
որոշակիորեն ամրապնդեց իր լեգիտիմության դիրքերն իր երկրում, ազատ արձակվեցին
քաղբանտարկյալները, որն էլ, իհարկե, մշակված պլանի համաձայն էր:
-Ըստ Ձեզ` որքա՞ն կտևի հարաբերական անդորրը շփման գծում: Արդյոք Ադրբեջանը չի սանձազերծի նոր լարվածություն:
-Ցավոք,
պատերազմի վերհսկսման կամ անդորրի պահպանման բանալին այս պահին մեծապես գտնվում է Մոսկվայի ձեռքերում:
Կախված նրանից, թե որքան կբավարարվեն վերջինիս ամբիցիաները, այդքանով էլ
պայմանավորված, ավելին` հիմնավորված կլինի
անդորրն առաջնագծում: Մեկ բան պարզ է և այն չի հակասում նաև արևմտյան քաղաքական
էլիտաի հիմնարար կարծիքին. Ռուսաստանը
դեռևս չի կորցրել կողմերի (և' Հայաստանի, և' Ադրբեջանի) վրա գերազդեցություն ունենալու հնարավորությունները: Եվ
թեպետ կգտնվի տեսակետ, ըստ որի` Ադրբեջանը
լռիվ անկախ է և ինքնակամ է գործում, սակայն, վերջինս քաջ գիտակցում է, որ,
ընդդիմանալով Մոսկվային, նա պարզապես կխթանի Հայաստանում երկրորդ ռուսական
ռազմաբազայի հիմնմանը, որն այս անգամ ուղղված կլինի դեպի Բաքու և Նախիջևան, ինչն
էլ մեծապես վերջնակետի կհասցնի ԼՂ հակամարտության հիմնախնդիրը: Հետևաբար, պրոռուսական
կողմնորոշմամբ օժտված ալիևյան վարչակազմը շարունակում է գնալ Մոսկվայի հետ
առավելապես մերձեցման, հարաբերությունների ամրապնդման (ընդուպ մինչև դաշնակցային)
քաղաքականության ուղղությամբ` իր խորամանկ քայլերով փորձելով սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ`
օգտագործելով ցանկացած առիթ, հատկապես` սպառազինության ձեռքբերման
ուղղությամբ: Սակայն այս պահին այդ սցենարն աստիճանաբար
դառնում է իրականություն….