Ադրբեջանը երբեք չի համաձայնվի շփման գծում վերահսկման սարքեր տեղադրել
Հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգում ԼՂՀ կարգավորման խնդրի հետ կապված Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը կայացավ մեծապես ճնշումների ներքո, քանի որ, ըստ էության, ո'չ ադրբեջանական կողմը, ո'չ էլ հատկապես հայկական կողմը որևէ դրական տեղաշարժ դրանում չէին տեսնում և մոտ շրջանում դժվար էլ տեսնեն: Սակայն հանդիպումը դրական կարելի է որակել կողմերի համար գոնե նրանով, որ այն թեկուզ և դեկլարատիվ բնույթ է կրում իր որակական տեսակետից, սակայն ենթադրում է դինամիկա, այլ ոչ ստատիկա, քանի որ բանակցությունների սառեցումը և բանակցային գործընթացի կասեցումը կամ դադարեցումը միանշանակ պատերազմ վերսկսելու հիմնական շարժառիթն է հանդիսանում: Ըստ էության, ռուսական կողմը ձեռնամուխ է լինում աստիճանաբար կենտրոնացնելու ԼՂ հակամարտությունն իր անմիջական և, ըստ էության, միանձնյա վերահսկման տիրույթներում, ինչի մասին առնվազն խոսում է այն փաստը, որ հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող հիմնական կառույցը` ԵԱՀԿ-ն, դեռևս հանդիպումից օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ տեղյակ չէր հանդիպման մասին և որևէ կողմից հրավերք չէր ստացել: Փոխարենը` տարբեր աղբյուրներ, այդ թվում նաև` պաշտոնական, բացեբաց հայտարարում էին Սանկտ-Պետերբուրգում սպասվող եռակողմ հանդիպման մասին: Այս և վերջին շրջանում դիտարկվող ռուսական կողմի կտրուկ ակտիվացումը, ավելին` դիրքային ամրապնդումը խնդրի շուրջ կարող է փաստել մեկ բան. Ռուսաստանի վրա Արևմուտքի կողմից օրեցօր ավելացող ճնշումները ստիպում են Մոսկվային կտրուկ քայլերի դիմել, քանի որ Ուկրաինայից և Սիրիայից հետո երրորդ ճակատը մեծապես կարող է հենց Հարավային Կովկասը լինել, որն էլ, կորցնելով, Ռուսաստանը փաստացի կկորցնի իր երբեմնի կայսրության վերջին հանգրվանը:
Բացի դրանից, Ռուսաստանը խնդիր ունի ներգրավելու ԵԱՏՄ նաև Իրանին, որի տեսակարար կշիռն աշխարհում, հատկապես պատժամիջոցների վերացումից հետո, ավելի ու ավելի է մեծանում, ինչի արդյունքում էլ Մոսկվայի համար ավելանում է նաև Իրանին կորցնելու վտանգը: Ուստի այս ամենի համատեքստում ԼՂ հակամատության խնդրի լուծումը ռևերսորեն ստատուս-քվոյից վերածվում է անկանոն և անկայուն ստատուս-քվոյի, երբ Ադրբեջանին ԵԱՏՄ ներքաշելու և Իրանի հետ Անդրբեջանի տարածքով անմիջական ցամաքային կապ հաստատելու նպատակը դառնում է ռուսական շահի համար գերկարևոր, հատկապես, երբ մեծանում է Բաքվին կորցնելու և Ադրբեջանական տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղադրելու հնարավորությունների վտանգը, մեծապես, եթե հաշվի առնենք այն, որ արդեն իսկ ստեղծվել և արագ կերպով զարգանում է ՆԱՏՕ-յի հովանու ներքո գործող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական կառույցը: Այս ընդհանուր տիրույթներից ելնելով էլ` ռուսական իսթեբլիշմենտը, ըստ էությամբ, ցանկանում է Հայաստանի դիրքերի որոշակի թուլացմամբ` ի վնաս հայկական շահի` տարածքների զիջմամբ և Ռուսաստանի կողմից ՀՀ օդային տարածքների միանձնյա կամ մասնակի կառավարման հնարավորությունների ձեռքբերման արդյունքում սիրաշահել Ադրբեջանին ներգրավելու ԵԱՏՄ՝ ի ցանկություն, որպեսզի ապագայում այդ կառույցում տեսնի նաև Թեհրանին:
Մինչդեռ
ս.թ. մայիսին տեղի ունեցած Վիենայի հանդիպումը, որքան էլ որոշ քաղաքագետների մոտ
մեծ էին սպասելիքները, այնուամենայնիվ, կարելի է հաստատել, որ այն իհարկե, կրում է ժամանակավոր
բնույթ: Այն երբևէ վճռորոշ չի կարող լինել:
Առնվազն կարելի
է փաստել երկու պոստֆակտում. մեկը վերաբերում է նրան, որ Ադրբեջանին որևէ մեկը պաշտոնապես չդատապարտեց թե' ռազմական ագրեսիա նախաձեռնելու, թե' ցեղասպանության իրականացման մտադրությունների և գործառույթների առաջմղման, հատկապես` ռազմագերիների խոշտանգումների և սպանության, խաղաղ բնակչությանը բնաջնջելու, պատերազմ հրահրելու և այլոց համար, ինչն էլ առիթ ստեղծեց ադրբեջանական վերնախավի համար, անմիջապես Վիենայից վերադառնալուն պես` նոր սադրիչ գործողություններ նախաձեռնելու և նախանշելու համար: Պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է իմիտացիոն իր պահվածքը՝ նա երբևէ չի համաձայնվի սահմանին մոնիթորինգային վերահսկիչ մեխանիզմերի տեղադրման գաղափարի իրականացման հետ, որին թեև տվել է իր համաձայնությունը: Ինչ խոսք, այսօր էլ տեսնում ենք սահմանին և' դիվերսիոն հարձակումներ, և' կրակոցներ, և մասշտաբային զորավարժություններ, օրինակ` հատկապես, օրեր առաջ Բաքուն ներգրավել էր մի քանի հազար զինվորական և զինտեխնիկա:
Ըստ էության, Ալիևին հաջողվեց հաղթահարել կարևոր մեկ բան` մտավախությունը, ինչից նա առավելապես վախենում էր կամ փորձում էր զերծ մնալ. դա միջազգային դատապարտումն է, հատկապես` պատժամիջոցները: Չէ որ չգտնվեց գեթ մեկ կառույց կամ երկիր, բացի Չիլիից, որը պաշտոնապես կդատապարտեր ադրբեջանական ագրեսիան: Եվ երկրորդ պոստֆակտումը վերաբերում է նրան, որ մեզ չհաջողվեց հասնել նրան, որպեսզի գոնե մեկ երկիր ճանաչեր ԼՂՀ անկախությունը` օգտվելով ակնառու չարաբաստիկ ադրբեջանական ագրեսիայի գործոնից: Փոխարենը` Ալիևը որոշակիորեն ամրապնդեց իր լեգիտիմության դիրքերն իր երկրում, ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, որն էլ, իհարկե, մշակված պլանի համաձայն էր:
Ցավոք, պատերազմի վերհսկսման կամ անդորրի պահպանման բանալին այս պահին մեծապես գտնվում է Մոսկվայի ձեռքերում: Կախված նրանից, թե որքան կբավարարվեն վերջինիս ամբիցիաները, այդքանով էլ պայմանավորված, ավելին` հիմնավորված կլինի անդորրն առաջնագծում: Մեկ բան պարզ է և այն չի հակասում նաև արևմտյան քաղաքական էլիտաի հիմնարար կարծիքին. Ռուսաստանը դեռևս չի կորցրել կողմերի (և' Հայաստանի, և' Ադրբեջանի) վրա գերազդեցություն ունենալու հնարավորությունները: Եվ թեպետ կգտնվի տեսակետ, ըստ որի` Ադրբեջանը լռիվ անկախ է և ինքնակամ է գործում, սակայն, վերջինս քաջ գիտակցում է, որ, ընդդիմանալով Մոսկվային, նա պարզապես կխթանի Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազայի հիմնմանը, որն այս անգամ ուղղված կլինի դեպի Բաքու և Նախիջևան, ինչն էլ մեծապես վերջնակետի կհասցնի ԼՂ հակամարտության հիմնախնդիրը: Հետևաբար, պրոռուսական կողմնորոշմամբ օժտված ալիևյան վարչակազմը շարունակում է գնալ Մոսկվայի հետ առավելապես մերձեցման, հարաբերությունների ամրապնդման (ընդուպ մինչև դաշնակցային) քաղաքականության ուղղությամբ` իր խորամանկ քայլերով փորձելով սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ` օգտագործելով ցանկացած առիթ, հատկապես` սպառազինության ձեռքբերման ուղղությամբ: Սակայն այս պահին այդ սցենարն աստիճանաբար դառնում է իրականություն…
Քաղաքագետ, փորձագետ
Ք.Գ.Թ Ռոման Մելիքյան