Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

22 փետ 2018 15:00

Արցախում զինծառայող է վիրավորվել․ ՊԲ-ն կրկին լռում է

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին հերթական դեպքն է տեղի ունեցել բանակում, որի մասին  Արցախի ՊԲ-ն կրկին չի հայտնել:

Փետրվարի 20-ի գիշերը Արցախի ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Դավիթ Քամալյանը:
Պարբերականի տեղեկություններով՝ նրա ուղղությամբ կրակել է ծառայակիցը: Պատճառը ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է այն, որ ծառայակիցը գիշերային մթության մեջ գաղտնաբառ է հարցրել եւ պատասխան չստանալուց հետո կրակել է Դավիթ Քամալյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, վիճակը ծանր է, այդ պատճառով էլ դեռ հնարավոր չի լինում նրան տեղափոխել Երեւան՝ Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ:

Տեղեկությունները թերթի հետ  զրույցում հաստատել է Դավիթ Քամալյանի մայրը՝ տիկին Շուշիկը: Նա ասաել է, որ որդին այժմ միացված է արհեստական շնչառության ապարատին. «Վիճակը փորձում են կայունացնել, երեխան շատ է արյուն կորցրել: Հիմա արյուն են մատակարարում քնած են պահում, որ ուժ հավաքի կարողանան տեղափոխել Երեւան: Պետք է նորից վիրահատեն կարողանան գնդակը մարմնից հանել՝ թոքը ծակել անցել է ողնաշար»,- ասաց նա: Հարցին, թե ի՞նչ վարկածներ են շրջանառվում դեպքի հետ կապված, զինծառայողի մայրը պատասխանել է հետեւյալը. «6 ամսվա սերժանտ է կրակողը, նոր է դիրքեր բարձրացել: Տղաս շատ լավ ծառայող է, իր հերթափոխը հանձնելուց հետո գնացել է զուգարան, որ գա հանգստանա: Հետ գալիս, մութ է եղել, գիշերը ժամը 00:00-ի սահմաններում, սերժանտը կանգնած է եղել, շարժ է նկատել, ո՛չ գաղտնաբառ է հարցրել, ո՛չ էլ ասել է՝ ով է՝ կրակել է: Ինքը ասել է, որ դրանից առաջ կատուից վախեցել է, շարժը տեսել է, նորից վախեցել է դրա համար կրակել: Միանգամից 14  կրակոց է արձակել, բայց մեկն է կպել»: 19-ամյա զինծառայողի ծառայության ավարտին մնացել էր 4 ամիս: Թերթի տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դեռ ձերբակալված չկա:
Արցախի ՊԲ  մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից թերթը  փորձել է պաշտոնական հաստատում ստանալ դեպքի հետ կապված: Հասրաթյանը սակայն հարցը լսելուն պես ասել՝ հետեւեք  պաշոտանական կայքէջին. «Անհրաժեշտության դեպքում մենք կտեղադրենք, խնդրում եմ մեզ ճիշտ հասկացեք»: Դիտարկամնը, որ պաշտոնական կայքում նման տեղեկատվություն չկա, այսինքն անհրաժեշտություն չկա՞, նա արձագանքեց. «Ես ձեզ նորմալ, հայերեն լեզվով բացատրեցի, այն տեղեկությունը, որոնք պետք է հանրությունը իմանա, մենք տեղադրում ենք, այսքանը»:
Թերթը գրում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ՊՆ-ն կամ Արցախի ՊԲ-ն թաքցնում են զոհի (փետրվարի 12-ին մահացած զինծառայողի դեպքը) եւ վիրավորների մասին տեղեկատվությունը: Ըստ էության նրանք նոր մարտավարություն են մշակել՝ փորձելով որքան հնարավոր է հանրությանը չտեղեկացնել վիրավոր զինծառայողների, ինչպես նաեւ զոհերի մասին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով ,  պաշտպանության գերատեսչությունը առանձնապես մեծ ջանք չի գործադրում զինված ուժերում մահացության դեպքերի եւ վիրավորների վերաբերյալ տվյալները հրապարակելու ուղղությամբ: «Կարծում եմ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ տեղեկությունների, գրաքննության, չհրապարկելու, կոծկելու, թաքցնելու վարքագիծը ձեւավորվեց, բայց դա ոչ թե պետք է դիտարկել ինչ-որ կարճ ժամանակային պահվածք՝ կոնկրետ իրավիճակում, այլ երբ դիտարկում ենք ընդհանուր պետությունում իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ մասնավորապես կառավարության նիստերի փակ անցկացնելու, արդեն նույնիսկ ավագանու նիստերի փակ անցկացնելու, լրագրողների մուտքը սահմանափակելու ուղղությամբ, տեսնում ենք, որ սա ոչ միայն հատուկ է զինված ուժերին, այլ՝ դա ընդհանուր վարքագիծ է»,- ասել է իրավապաշտպանը:

Նրա կարծիքով, սա ամենեւին պայամանվորված էլ չէ ինչ-որ կառույցի առանձնահատկությամբ, որը կարող է գործ ունենալ պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ՝ չնայած մահացության դեպքերը, վիրավորների վերաբերալ տվյալները չեն կարող որեւէ կերպ համարվել գաղտնիք: Սաքունցի խոսքով, նման մոտեցումը՝ տեղեկությունները չհրապարակելը կհանդիսանա եւ հանդիսանում է ըստ էության անհմաչափ եւ ոչ հիմնավոր, որովհետեւ քաղաքացիներից թաքցնում են իրավիճակի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը: «Զինված ուժերի ղեկավարությունը բավական լուրջ սխալ է գործում. թափանցիկ, հաշվետու աշխատելու փոխարեն, փորձում են  փակ աշխատել»,- եզրափակեց Իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ փետրվարի 12-ին հոսպիտալում մահացել է զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Զինծառայողի մահվան մասին ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չէր հայտնել. տեղեկությունը հայտնի էր դարձել լրատվամիջոցին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր