Ադրբեջանի ղեկավարությանը պետք է ցուցաբերի զգուշավորություն և զերծ մնա անմիտ ու ամբիցիոզ քաղաքականությունից՝ խուսափելու անդառնալի կորուստներից
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/1534436586_torosyan.png)
Վերջին
օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտատարությունն
էր Հայաստանի Հանրապետության տարածքների, այդ թվում մայրաքաղաք Երևանի նկատմամբ ցուցաբերած
հավակնությունների վերաբերյալ: Ինչ խոսք այս հայտարարության մասին հնչեցին բազմաթիվ
սուր քննադատություններ և՛ փորձագիտական և՛ քաղաքական շրջանակներից, նաև Մինսկի խմբի
համանախագահ երկրների կողմից: Բայց միայն սա չէ կարևորը: Կարևոր է նաև այն բացասական
զգացողությունը, որ համակեց շատ շատերիս այդ տխրահռչակ ելույթից հետո: Մեզանից շատերը
ծանր դառնության զգացում ապրեցին՝ հերթական անգամ մտորելով՝ թե էս ու՞մ հետ գործ ունենք.
մի մարդու, ով սպառելով իր ներքաղաքական փամփուշտները նախագահական ընտրությունների
նախընտրական փուլում խելահեղ և անբնական հայտարարություններով փորձում է տպավորություն
գործել ներքին լսարանի վրա, թե՞ պատերազմական այդ հռետորաբանությամբ ցույց է տալիս
համաշխարհային հանրությանը, որ թքած ունի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների
և դրանցով առաջնորդվող ԵԱՀԿ Մինսկի խմբի արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման
միջնորդական առաքելության վրա կամ օգտվելով տարածաշրջանում համաշխարհային ուժային կենտրոնների
վարած շահախնդիր և հակասական քաղաքականությունից՝ ձգտում է ամրապնդել ներկայիս Ադրբեջանի
տարածքում խորը պատմական արմատներ ունեցող հին պարսկական խանական կառավարման համակարգը՝
նոր փայլփլուն շղարշով: Որ տարբերակն էլ որ լինի, հաստատ մեկը մեկից վատն է:
Ի
դժբախտություն իրեն, Ադրբեջանի նախագահը այս ամենի մեջ հաշվի չի առնում թերևս ամենակարևոր
հանգամանքը՝ հայ ժողովրդի հավաքական իղձը: Խոսելով այդ իղձի մասին, ես թերևս ակամա
հուշում եմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցուցաբերել զգուշավորություն և
զերծ մնալ անմիտ ու ամբիցիոզ քաղաքականությունից՝ խուսափելու անդառնալի կորուստներից,
բայց այդ հուշումը ես անում եմ գիտակցաբար, քանզի, թող տարօրինակ չթվա, իմ սիրտը ցավում
է նաև Ադրբեջանի այն բազմաթիվ, գուցե և հազարավոր անմեղ քաղաքացիների համար, ովքեր
իրենց պետության անհեռատես վարքագծի պատճառով կարող են բախվել հայկական անկասելի ռազմական
մեքենային և ջարդուփշուր լինել:
Իսկ
այդ իղձը հայ ժողովուրդի իր պատմական հայրենիքում ազատ անկախ և միացյալ պետություն
կերտելու անսահման մղումն է, երազանքը, որը հազարամյակներ շարունակ սնուցել է մեր ոգին
և ազգային նկարագիրը՝ հաղորդելով մեզ անհողդողդ վճռականություն՝ հասնելու մեր ազգային
երազանքի իրականացմանը: Արևմտահայ հայտնի պոետ Մեծ եղեռնի նահատակ Դանիել Վարուժանը
գրել է.
Ինչ փոյթ կեանքը մեռնող
Երբ որ երազը կ՛ապրի,
Երբ որ երազն անմահ է:
Երազանքը շարունակվում է, եթե անգամ այն կատարվում
է:
Երազանքի շարունակականութունը գաղափարի կատարելագործման
բացառիկ գրավականն է: