Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

26 մար 2018 15:17

«Կանաչ ճանապարհ է բացվելու դեղի «մաֆիայի» համար». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկա չէ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին։
Այսօր խորհրդարանում պատգամավորը հայտարարեց, որ դա համարում է արհամարհանք խորհրդարանի հասցեին. «Ավելին, երբ ապրիլի 9-ից նոր Սահմանադրությունն ամբողջապես կմտնի ուժի մեջ, դրույթը, որ կառավարության առանձին անդամների դեպքում հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել նրանց հրաժարականի հարցը, ես կարծում եմ, որ «Ծառուկյան» դաշինքը կօգտվի այդ հնարավորությունից, և այն նախարարների, որոնք իրենց պատվից ցածր են համարում գալ այստեղ և պատասխանել լրջագույն հարցերին, նմանօրինակ նախարարների հրաժարականի հարցը մենք անպայման կքննարկենք և կբարձրացնենք»։
Զոհրաբյանը նկատեց՝ որևէ մեկը չի ասում, որ ոլորտը լինի բարձիթողի վիճակում, և դեղերի շրջանառություն արվի. «Այո, հիվանդը չպետք է որոշի՝ ինքը հիվանդ է, թե ոչ, և գնա՝ դեղատնից վերցնի իրեն անհրաժեշտ դեղը։ Բայց, ինչպես միշտ, մենք գալիս ենք վերջից։ Այստեղ անընդհատ հղում են անում ԵՄ երկրներին, բայց ԵՄ երկրներում, որտեղ կա ցիվիլ առողջապահության համակարգ, կա առողջապահական ապահովագրական համակարգ, բացարձակապես այլ մեխանիզմներ են գործում։ Եթե քաղաքացին գնում է դեղատուն՝ դեղ գնելու, և նրան ասում են՝ 200 դրամանոց դեղ գնելու համար 20 հազար դրամանոց հետազոտություն պետք է անցնես, հետազոտության գումարը ոչ թե վճարում է հիվանդը, այլ ապահովագրական համակարգը։ Հիմա մենք, չունենալով ապահովագրական համակարգ, գալիս ենք ամենավերջին կետը վերցնում ու ասում ենք՝ սա միջազգային փորձ է։
Միջազգային փորձ է՝ ունենալ բժիշկներ, որոնք կարող են տառաճանաչ կերպով գրել դեղատոմս։ Հիմա ես գրազ եմ առաջարկում ԱՆ-ին՝ միասին մտնենք տասը բժշկի տանք «Անալգին» դեղի քիմիական բաղադրատոմսը, վստահեցնում եմ, որ 10-ից 8-ը չի կարող ճիշտ գրել ոչ թե՝ այն պատճառով, որ վատ բժիշկներ են։ Նրանք չեն կարող դեղի քիմիական բաղադրությունը գրել։ Այս խնդիրների համակարգը լուծեիք, հասկանայիք՝ ունե՞նք պրոֆեսիոնալ դեղագործներ, գրագետ դեղագործ, գրող բժիշկներ»։
Զոհրաբյանը հավելեց, որ այս որոշմամբ կանաչ ճանապարհ է բացվելու դեղի «մաֆիայի» համար. «Մենք ունենք բազմաթիվ դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, ունեն հիվանդանոցներ, դեղատներ, ուրեմն՝ իրենց հիվանդանոցներում ուղղորդելու են դեպի այն դեղատները, իրենց հիվանդանոցի բժիշկը գրելու է այն դեղի անունը, որը տվյալ օլիգարխն անձամբ է ներկրում։ Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ մոնոպոլիայի է տանելու։ Ասում են՝ առողջապահությունը աշխարհում մեծ քայլերով է զարգանում, բայց իմ տպավորությամբ՝ թռիչքով անցել է Հայաստանի վրայով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր