Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը       Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան    

28 մար 2018 12:27

Եթե ցուցմունք չտաս, վատ է լինելու. քննիչը դատապարտյալին սպառնացել ու ստիպել է ցուցմունք տալ Ալավերդցի Վահագի դեմ

Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով նախաքննական մարմինը այն աստիճան է լծվել գործին, որ չունենալով բավարար ապացույցներ, սկսել է տարբեր անձանցից, կալանավորներից, դատապարտյալներից սպառնալիքների միջոցով ապացույցներ, ցուցմունքներ կորզել։ Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը «Առաջին լրատվական»-ին է տրամադրել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Շահվերդյանի նամակը, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է քննիչն իրեն սպառնացել, փորձել կաշառել, որպեսզի նա ցուցմունք տա Վահագն Աբգարյանի դեմ։ Մինչդեռ, նա Վահագն Աբգարյանին առհասարակ չի ճանաչում։ «Քննիչ Համբարյանը իմ նկատմամբ ճնշումներ է գործադրել։ Սկզբում, սպառնալիքների միջոցով ստիպում էր ցուցմունք տալ քաղաքացի Վահագն Աբգարյանի նկատմամբ, այլապես իմ հանդեպ լրիվ շինծու մեղադրանք է առաջադրելու։

Ես Վահագն Աբգարյանին չեմ ճանաչում, իր հետ որևէ կապ չունեմ և չեմ ունեցել։ Հետևաբար, իր դեմ որևէ ցուցմունք գրել չեմ կարող»,- իր նամակում գրել է դատապարտյալը և շարունակել. «Քննիչի սպառնալիքները վերածվեցին կաշառքի, ապա նա փորձում էր ինձ համոզել, որ գրեմ իր ուզած ձևով։ Նա նույնիսկ հեռախոսահամար է թողել՝ 043 21 41 69։ Հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել քննիչի հետ և նա հեռախոսային խոսակցության ընթացքում հիշեցրեց իր՝ ինձ տված խոստման մասին, որ չի մոռացել ինձ համար բերել ժամացույց, որը քննիչն ինձ խոստացել էր։ Բացի դրանից՝ տուփերով սիգարետներ է բերել ու բերում է և խոստանում, որ կբարեխոսի «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Ա․ Հովհաննիսյանի հետ, որ իր մտերիմ ընկերները և պետը ինձ լավ նայեն։ Նա ուրախ կլինի ինչ-որ բան անել ինձ համար։ Փոխարենը՝ ես Վահագն Աբգարյանի նկատմամբ պետք է ցուցմունք տամ։
 
Ես հայտնում եմ, որ որևէ կապ չեմ ունեցել և չունեմ Վահագն Աբգարյանի հետ, բայց քննիչը ասում էր, որ գրեմ, թե կապ եմ ունեցել Վ. Աբգարյանի հետ։ Ես հերքում էի, չէի գրում այն, ինչ ինձ էր ստիպում։ Վերջում բավականին նեղված ինձնից, քննիչը գնաց՝ ասելով, որ այլևս չի գալու ինձ մոտ, քանի որ ես նրան որևէ տեղեկություն չեմ հայտնում։ Քննիչը ինձ սպառնալիքներ էր տալիս, ասում էր, որ եթե Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք չտամ՝ վատ է լինելու, և ամեն ինչ անում էր՝ ներքաշելու համար ինձ իր հանցավոր մտադրությունների մեջ։ Քննիչը հանցավոր դիտավորություն ունի ինձ ներքաշել իր կեղտոտ գործի մեջ և օգտագործել իր վտանգավոր խաղի մեջ, և Աբգարյանի գործով կեղծ ցուցմունք կորզել»,- գրել է Արթուր Շահվերդյանը։

Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ խոսքը Ալավերդիում տեղի ունեցած մի միջադեպի մասին է, երբ վիճաբանության ժամանակ մեկի ականջը կտրել էին։ Հիմա քննիչը փորձում է դատապարտյալից ցուցմունք կորզել, որ նա ասի, թե դեպքի վայրում ով է եղել և ինչ է արել։ Մինչդեռ, անգամ Արթուր Շահվերդյանը ներկա չի եղել այդ միջադեպին։

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) և Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր