Սպանության փորձ «Ալավերդցի Վահագի» նկատմամբ
![Սպանության փորձ «Ալավերդցի Վահագի» նկատմամբ Սպանության փորձ «Ալավերդցի Վահագի» նկատմամբ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1542729272_00-646.jpg)
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
Մեղսագրված արարքի կատարման պահին Վարդան Անտոնյանը 33 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի ու ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Դեպքը կատարվել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին:
Վարդան Անտոնյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է 2016 թվականի հունվարի14-ին:
Ըստ մեղադրանքի՝ նա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինի ձեռք բերված հրազենից՝ ինքնաձիգից կրակոցներ արձակելով՝ փորձել էր սպանել քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագին»: Սակայն իր հանցավոր մտադրությունը Վարդան Անտոնյանը, ըստ մեղադրանքի, ավարտին չէր հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ մեքենան, որի վրա կրակել էր, զրահապատ էր եղել, և, որ ամենակարևորն է՝ «Ալավերդցի Վահագը» այդ մեքենայի մեջ չէր եղել…
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ի երեկոյան Վարդան Անտոնյանն իր ծանոթ Արմեն Հ.-ի հետ, վերջինիս «Մերսեդես» մեքենայով շրջել է Ալավերդի քաղաքում: Թումանյան փողոցում նա տեսել է «Ալավերդցի Վահագի» «Համերը» ու դրա հետևից ընթացող «Նիսանը»՝ «Ալավերդցի Վահագի» ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող:
Վարդան Անտոնյանը, ըստ մեղադրանքի, տվյալ պահին Արմեն Հ.-ից թաքցրել է «Ալավերդցի Վահագին» սպանելու իր մտադրությունը, բայց խնդրել է, որ նա մեքենան վարի հիշյալ մեքենաների հետևից:
Նույն օրը, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում շրջանցելով վերը հիշատակված մեքենաները ու հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող՝ Ախթալա քաղաք տանող կամրջին, Վարդան Անտոնյանի խնդրանքով Արմեն Հ.-ն մեքենան կայանել է կամրջի վերջնամասում:
Որոշ ժամանակ անց Անտոնյանը տեսել է կամրջի վրայով ընթացող «Համերն» ու «Նիսանը»: Նա մեքենայից վերցրել է քննությամբ չպարզված ինքնաձիգը և «քննությամբ չպարզված շարժառիթով» «Ալավերդցի Վահագին» կյանքից զրկելու դիտավորությամբ, մութ լինելու և մեքենաների ապակիները մգացված լինելու պատճառով չիմանալով, որ «Ալավերդցի Վահագի» փոխարեն մեքենայում է նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, չիմանալով, թե երկու մեքենաների մեջ քանի մարդ կա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել կամրջի վրա գտնվող «Համերի» ու անմիջապես նրա հետևից ընթացող «Նիսանի» ուղղությամբ:
Ըստ մեղադրանքի՝ Վարդան Անտոնյանը իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված: Արձակված կրակոցները չեն դիպել որևէ մեկին, մասնավորապես՝ մեքենաներում գտնվող Էդուարդ Պողոսյանին ու Արթուր Մնացականյա
նին, այլ դիպել են «Համեր» մեքենայի տարբեր մասերին ու շրջակա ժայռերին:
Վարդան Անտոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքի համար: Նախաքննության ընթացքում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Արմեն Հ.-ի հետ առերես հարցաքննության ժամանակ, երբ Արմենը պնդել է իր ցուցմունքը, Վարդան Անտոնյանը հայտարարել է, թե Արմենը սուտ է ասում, դեպքի օրն ինքը եղել է տանը:
Դատարանում սպանության փորձի համար Վարդան Անտոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել «այն պարզ պատճառով», որ երբևէ որևէ մեկին սպանելու ցանկություն, նպատակ չի ունեցել, սպանելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել:
2015 թվականի հունիսին Ալավերդի քաղաքում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, որից հետո քաղաքում մթնոլորտը լարվել է: Իր դիրքորոշման պատճառով այդ լարվածությունը հասել է նաև իրեն: Դա արտահայտվել է Ալավերդու բնակիչներ Էդուարդ Պողոսյանի ու Վարդան Ավագյանի կողմից իր ու իր մի քանի ընկերների նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունքով: Նրանք բացահայտ հետևում էին իրեն՝ երևի՝ վախեցնելու համար: Երևի հասկանալով, որ ինքը չի վախենում, նրանք մի անգամ երկուսով դարանակալել են իրենց շենքի մուտքում ու հարձակվել են իր վրա, հարվածներ են հասցրել իրեն, ինչ-որ առարկայով հարվածել են իր գլխին ու փախել են: Դրանից հետո չեն հանգստացել, ամեն պահի կարող էին հայտնվել ու ցույց տալ, որ հետևում են իրեն: Բանը հասել է անգամ իր ընտանիքի անդամներին ահաբեկելուն՝ Է.
Պողոսյանը միտումնավոր՝ վախեցնելու նպատակով մեքենան վարել է իր ընտանիքի անդամների վրա:
Հասկանալով, որ այդ իրավիճակը լավ բանի չի հանգեցնի, ինքը որոշել է սաստել նրանց, վախեցնել, որ իրենից ու իր ընտանիքից հեռու մնան:
Հոկտեմբերի 11-ին նկատել է «Ալավերդցի Վահագի» զրահապատ «Համեր» մեքենան, որի ղեկին Է. Պողոսյանն էր:
Այդ օրը պատահաբար իրեն հանդիպած Արմեն Հ.-ին խնդրել է հետևել «Համերին»: «Ախթալա» չհասած՝ ինքը Արմենին խնդրել է անցնել «Համերին»: Կամուրջն անցնելուց հետո խնդրել է կանգ առնել:
Երբ «Համերը» հայտնվել է կամրջին, իսկ «Նիսանը» եղել է նրա հետևում, ինքը հասկանալով, որ «Նիսանը» չի վնասվի, դիմացից մի քանի անգամ կրակել է զրահապատ «Համերի» վրա: Այդ պահին «Համերից» բացի՝ ուրիշ մեքենաներ կամ մարդիկ կրակոցների ուղղությամբ չկային: «Նիսանը» զրահապատ «Համերի» հետևում էր, իսկ նրա հետևում ժայռեր էին՝ պարզ էր, որ ոչ մեկին վնասել չէր կարող:
Երբ սկսել է կրակել, «Համերի» վարորդի դուռը բացվել է: Ինքն անմիջապես կրակը դադարեցրել է, որ մեկնումեկին չվնասի: Երկու մեքենաների վարորդներն իջել են, նայել են շուրջը, նորից նստել են մեքենաներն ու շարժվել են:
Երբ Արմենի մեքենայով վերադառնում էին Ալավերդի, ինքը նկատել է, որ «Համերն» ու «Նիսանը» ճանապարհին կանգնած են, Է. Պողոսյանը կանգնած էր «Համերի» մոտ…
Վարդան Անտոնյանը պնդել է, թե ինքը որևէ մեկին սպանելու նպատակ կամ ցանկություն չի ունեցել, կրակել է զրահապատ մեքենայի վրա, որ Է. Պողոսյանը հասկանա ու դադարեցնի իր «գործելաոճը»:
Անտոնյանն ասել է՝ եթե ուզենար որևէ մեկին սպանել, հանգիստ կարող էր դա անել այն ժամանակ, երբ տվյալ մարդը զրահապատ մեքենայի մեջ չլիներ: Այն, որ «Համերը» զրահապատ էր, գիտեր ամբողջ Ալավերդի քաղաքը…
Գործով տուժող Արթուր Մնացականյանը հայտնել է, թե դեպքի օրը, ժամը 18 –ն անց 30-ի սահմաններում իր ընկերներ Է. Պողոսյանի ու Վահագն Աբգարյանի հետ Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող սրճարանում ֆուտբոլ է դիտել, հետո Վահագնին տարել է տուն, իսկ ինքն ու Պողոսյանը որոշել են գնալ Ճոճկան գյուղում գտնվող իրենց տուն: Ինքը վարել է «Նիսանը», իսկ Պողոսյանը՝ «Համերը»:
Երբ հասել են Ախթալայի կամրջին, իր առջևից ընթացող «Համերը» արգելակել է, ինքն էլ է արգելակել: Մի քանի րոպե անց Պողոսյանը դուրս է եկել մեքենայից ու ասել է, թե մեքենան անսարք է: Նշված տարածքից մի քիչ հեռանալուց հետո «Համերը» խափանվել է, ավտոքարշակ են կանչել ու մեքենան տեղափոխել են քարշակով: Ինքը կրակոցներ չի լսել, որևէ մեկին չի տեսել, իր մեքենայի մեջ բարձր երաժշտություն էր միացված…
Գործով տուժող «Ալավերդցի Վահագը» հայտնել է, թե Վարդան Անտոնյանի հետ վատ հարաբերությունների մեջ չի գտնվել, նրա հետ չի շփվել, չի կարծում, թե նա իրեն սպանելու նպատակ է ունեցել, չի էլ հավատում, թե նա կրակել է իր մեքենայի վրա: Իր «Համերը» զրահապատ է, դա ինքը գաղտնի չի պահել, բայց չգիտի՝ դրա մասին ովքեր գիտեին:
Նախաքննական ցուցմունքում «Ալավերդցի Վահագը» հայտնել է, թե ինքը ինտերնետային կայքերից է իմացել, որ Ախթալայի կամրջի վրա կրակոցներ են եղել՝ կրակել են իր «Համերի» վրա… Ինքը չգիտի՝ ով է եղել կրակողը, ում են ուղղված եղել կրակոցները…
Գործի դատական քննության ընթացքում Էդուարդ Պողոսյանը արդեն ողջ չէր: Նախաքննության ժամանակ նա տվել էր Արթուր Մնացականյանի ցուցմունքի նման ցուցմունք: Դատարանը նրանց ցուցմունքներն արժանահավատ չի համարել:
Գործով վկա, դեպքի պահին Վարդան Անտոնյանի մոտ գտնված Արմեն Հ.-ն հայտնել է, որ Վարդան Անտոնյանը Ախթալայի կամրջին գտնվող «Համերի» ու «Նիսանի» ուղղությամբ կրակոցներ է արձակել, ինքը փախել է դեպի մոտակա ճոպանուղին՝ մտածելով, թե նա կարող է կրակել նաև իր վրա: Հեռացել է շուրջ 100 մետր, այդ ընթացքում մոտ տասը կրակոց է լսել: Նայել է «Համերին», տեսել է, որ կրակոցներից ջարդվել է այդ մեքենայի «ֆառը», ու հանգել է լույսը: Կրակոցներից հետո այդ մեքենաներից ոչ ոք չի իջել, մեքենաները շրջվել ու գնացել են դեպի Ալավերդի: Ինքը վերադարձել է իր մեքենայի մոտ: Տեսնելով, որ Վարդան Անտոնյանը չի երևում, նրան ձայն է տվել: Նա եկել, նստել է իր մեքենան, ասել է՝ քշի Շամլուղ: Ինքը մեքենան վարել է Շամլուղ, բայց ճանապարհին Վարդանն ասել է՝ ինչի՞ ենք գնում Շամլուղ, արի գնանք Ալավերդի:
Ինքը շրջվել ու մեքենան վարել է դեպի Ալավերդի: Ճանապարհին տեսել է «Համերը», որի մոտ մարդ չկար: Ինքը մի քանի անգամ Վարդանին հարցրել է՝ ինչի՞ արեցիր: Նա ասել է՝ քշի գնա: Ալավերդիում Վարդանին իջեցրել է, ինքը գնացել է տուն: Իրենց տուն են եկել «Ալավերդցի Վահագի» ընկերները, իրեն տարել են «Քարափ» սրճարան, ինչ-որ մեկը խոսել է իր հետ: Իրեն ասել են՝ աշխատող տղա ես, ընտանիքիդ մասին մտածի: Ասել են նաև, որ հաջորդ օրը տեղ չգնա…
Արմեն Հ.-ն ասել է, թե Վարդան Անտոնյանի զենքը «ոնց որ ավտոմատ էր, որի կամ պոչը չկար, կամ՝ ծալովի էր»: Նա ասել է նաև, թե բոլորը գիտեն, որ «Ալավերդցի Վահագի» «Համերը» «բրանիրովաննի է»:
Արմեն Հ.-ն ասել է՝ եթե ինքն իմանար, որ այդպիսի բան է լինելու, չէր գնա կամ մեքենան կտար Վարդան Անտոնյանին՝ թող ուր ուզում է՝ գնար:
Լրացուցիչ ցուցմունքում վկան ասել է, թե «Համերի» վրա կրակելուց առաջ Վարդան Անտոնյանն ասել է. «Վահա՛գ, արի ասեմ», ու կրակել է…
Դատարանը Վարդան Անտոնյանին մեղավոր է ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի ու ապօրինի հրազեն պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2 –րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Վարդան Անտոնյանը վերջին հաշվով դատապարտվել է 13 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 14-ից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Վարդան Անտոնյանի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Վերջինս վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրեց իրենց բողոքի հիմնավորումները:
Պաշտպանը նշեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչը դատավճիռը բեկանելու հիմք է: Դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցների բովանդակությանը: Գործով ձեռք բերված ապացույցներով, ըստ պաշտպանի, չի հիմնավորվել, որ Վարդան Անտոնյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է սպանության փորձ, հակառակն է հիմնավորվել:
Վերաքննիչ բողոքով փաստաբաններ Լ. Սահակյանն ու Ե. Վարոսյանը պահանջել են սպանության փորձի մասով իրենց պաշտպանյալ Վարդան Անտոնյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:
Ե. Վարոսյանը վերաքննիչ դատարանում մեջբերեց ամբաստանյալ Վարդան Անտոնյանի ցուցմունքները, որտեղ նա պնդել է, թե որևէ մեկին սպանելու նպատակ չի ունեցել, որևէ մեկին սպանելու ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարել: Իր նպատակն է եղել Է. Պողոսյանին սաստելն ու վախեցնելը…
Առաջին ատյանի դատարանն անարժանահավատ է համարել ամբաստանյալ Վարդան Անտոնյանի ցուցմունքը և, ըստ պաշտպանի՝ դատարանն իր «խաբուսիկ» դատողությունները հիմնել է «Ալավերդցի Վահագի զինվոր», վկա Արմեն Հ.-ի ցուցմունքների վրա…
Մինչդեռ, ըստ Վարդան Անտոնյանի պաշտպանների՝ Արմեն Հ.-ի ցուցմունքները հաստատում են առաջադրված մեղադրանքում ոչ թե Վարդան Անտոնյանի մեղավորությունը, այլ՝ անմեղությունը:
Արմեն Հ.-ն նույնպես հայտնել է,թե Ալավերդիում շատերը գիտեին , որ Վահագի «Համերը» զրահապատ է, օրինակ իրեն՝ Արմենին, այդ մասին հայտնել էին ավտոլվացման կետի աշխատողները:
Արմեն Հ.-ն նույնպես նշել է, որ Ալավերդու քաղաքապետի ընտրությունների ժամանակ առաջացած լարվածության պատճառով, իրոք, հարձակվել էին Վարդան Անտոնյանի վրա, ինչ-որ առարկայով հարվածել էին գլխին: Արմեն Հ.-ն նույնիսկ նշել էր՝ Վարդանը լավ է պրծել…
Պաշտպանը նշեց, որ վկա Գուրգեն Հ.-ն՝ Արմեն Հ.-ի եղբայրը, տվել է իրարամերժ ցուցմունքներ: Դատարանը, ըստ պաշտպանի, ընտրել է մեղադրական դատավճռին հարմար տարբերակը՝ հակիրճ շարադրել է Գուրգենի ցուցմունքները՝ համարելով, թե դա բավարար է… Բայց նույն Գուրգենը նշել է, թե Վարդանի հետ խոսելուց հետո, երբ վերջինս ասել է. «Ձեզական բան չկա, ես գիտեմ ինչ եմ արել, տենց էր պետք», ինքը ենթադրել է, որ Վարդանը վախեցնելու նպատակով է կրակոցներ արձակել…
Պաշտպանը նշեց, որ դատական ակտում թվարկված են փաստաթղթեր, որոնք որևէ կերպ չեն հաստատում սպանության փորձի մեղադրանքը, օրինակ՝ «Նիսան» մեքենայի զննության արձանագրությունը, որի համաձայն՝ «Նիսանի» վրա որևէ վնասվածք չի հայտնաբերվել: Իսկ դա, ըստ պաշտպանական կողմի, հաստատում է հենց Վարդան Անտոնյանի ցուցմունքը՝ որ նա կրակել է «Համերի» վրա՝ հաստատ իմանալով, որ այն զրահապատ է և, որ նրա հետևում կանգնած «Նիսանը» կրակոցներից չի վնասվի…
Դատական ակտում հիշատակված է դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ «Համերի» վնասվածքները տեղակայված են եղել դիմացի՝ շարժիչի հատվածում: Պաշտպանն ընդգծեց՝ կրակոցները չեն ուղղվել զրահապատ «Համերի» այնպիսի հատվածներին, որոնք կարող էին խոցելի լինել ու հնարավոր դարձնել գնդակների թափանցումը մեքենայի սրահ:
Կրակողի դիմաց գտնվող քարաժայռի վրա հայտնաբերվել են ութ կրակոցներից առաջացած վնասվածքներ ու գնդակների բեկորներ:
Պաշտպանն ընդգծեց՝ կրակոցների ուղղությամբ չի եղել բնակելի տարածք, չեն եղել մարդիկ, ժայռ է եղել, այդ ուղղությամբ կրակոցներ արձակելը բացառում է շատերի կյանքի համար վտանգավորությունը:
Ըստ պաշտպանական կողմի՝ հիմնազուրկ է առաջադրված մեղադրանքի ծանրացումը՝ «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» որակյալ հատկանիշով:
Ըստ պաշտպան Ե. Վարոսյանի՝ դատավճռում, ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված լինելու տպավորություն ստեղծելու համար, այնպիսի «թղթեր» են թվարկված, որոնք չեն կարող ապացույց համարվել, օրինակ՝ օպերատիվ-հետախուզական աշխատանքի վերաբերյալ զեկուցագրեր, գրություններ…
Երվանդ Վարոսյանն ընդգծեց՝ Վարդան Անտոնյանը սպանության փորձ կատարելու համար մեղավոր է ճանաչվել միայն ենթադրությունների հիման վրա…
Պաշտպանը դատական ակտում Վարդան Անտոնյանի մեղավորությունը հաստատող եզրահանգումները վերաշարադրեց՝ պաշտպանական կողմի վարկածը հաստատելու առումով և վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ իր վերաշարադրումից, ըստ էության, ոչինչ չփոխվեց:
Պաշտպանը նշեց, որ Վարդան Անտոնյանը, ցանկանալով վախեցնել իրեն ու իր ընտանիքի անդամներին նեղություն տվող Է. Պողոսյանին ու տեսնելով, որ նա է «Ալավերդցի Վահագի» զրահապատ «Համերի» ղեկին, վերցրել է ինքնաձիգը, հետևել է «Համերին», դիրքավորվել է կամրջի վերջնամասում ու դիմահար կրակել է «Համերի» վրա այնպես, որ վնասի միայն զրահապատ մեքենայի առջևի՝ լույսերի մասը, որևէ մարդու վնասելու նպատակ նա չի ունեցել, կրակոցների մի մասն էլ արձակել է դիմացի քարաժայռի վրա: Արձակել է 20 կրակոց:
Պաշտպանը անհամոզիչ համարեց դատարանի դատողությունները, թե որևէ մեկին վախեցնելու նպատակով Վարդան Անտոնյանը կարող էր այլ գործողություններ կատարել, ասենք՝ օդ կրակել, ոչ թե դիրքավորվել ու դիմահար կրակել մեքենայի վրա:
Երվանդ Վարոսյանը տարակուսեց՝ Է. Պողոսյանին վախեցնելու համար, այո, Վարդան Անտոնյանը հազարումի բան կարող էր անել, ասենք՝ կարող էր պարել հնդկացիների պարը, կարող էր գիշերը թակել Պողոսյանի դուռն ու փախչել, կարող էր նամակ կամ հաղորդագրություն գրել: Բայց մարդը իր ձևով է վախեցրել…
Պաշտպանը նշեց՝ եթե Վարդան Անտոնյանը «Նիսանի» վարորդին էլ էր ուզում վնասել, կարող էր, ասենք, քարով խփել նրա գլխին, ինչո՞ւ էր սպասում, որ «Նիսանը» կանգնի զրահապատ «Համերի» հետևում, որպեսզի «շատերի կյանքի համար վտանգավոր» կրակոցներ արձակի… Նույնիսկ վկա Արմեն Հ.-ն, ով Վարդան Անտոնյանի դեմ է ցուցմունք տվել, նշել է՝ եթե Վարդանը շատ էլ ուզենար, չէր կարող վնասել «Նիսանի» վարորդին, քանի որ «Նիսանը» «Համերի» հետևում էր կանգնած…
Ըստ պաշտպանական կողմի՝ Վարդան Անտոնյանին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի մեղադրանք առաջադրելն ու այդ մեղադրանքում նրա մեղավորությունը հաստատող դատավճիռ կայացնելը, ակնհայտ խիստ պատիժ նշանակելը արդյունք են նրա նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի:
Պաշտպան Երվանդ Վարոսյանը իր խոսքը եզրափակեց բողոքի պահանջով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, արդարացնել Վարդան Անտոնյանին:
Վարդան Անտոնյանը միացավ պաշտպանների բերած վերաքննիչ բողոքին՝ ասելով. «Ոչ մի սպանության փորձ էլ չի եղել…»:
Գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց բերված բողոքի դեմ, այն գնահատեց որպես անհիմն, մերժման ենթակա: Մեղադրողն ասաց, թե առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն «ավելի քան հիմնավոր է»:
Մեղադրողը հիշատակեց, որ 2015 թվականին Ալավերդիում քաղաքապետի ընտրությունների ժամանակ երկու խմբավորում է առաջացել: Այդ խմբավորումների միջև առճակատման արդյունքում հետագա ժամանակահատվածում եղել են և՛ մահափորձեր, և՛ սպանություններ: Կյանքից զրկվել է նաև այս գործով անցնող Է. Պողոսյանը, «Ալավերդցի Վահագը» մեկ այլ մահափորձի արդյունքում ծանր վնասվածք է ստացել, ապա և մեղադրյալի կարգավիճակ է ստացել հանցավոր համագործակցություն ստեղծելու մեղադրանքով: Ըստ մեղադրողի՝ Վարդան Անտոնյանի կատարածը հենց Ալավերդցի Վահագի կյանքի դեմ էր ուղղված, ու առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր դատական ակտ:
Մեղադրողը նշեց, որ միայն վախեցնելու համար կրակողը ինքնաձիգով 20 հատ մենահատ կրակոց չէր արձակի մեքենային դիմահար կամ՝ դիմացի քարաժայռին ուղղված: Իսկ երբ «Համերի» ու «Նիսանի» վարորդները դուրս են եկել մեքենաներից, Վարդան Անտոնյանը դադարեցրել է կրակոցները, որովհետև նրա նպատակը եղել է «Ալավերդցի Վահագի» սպանությունը:
Մեղադրողը հիշատակեց վկա Արմեն Հ.-ի ցուցմունքներից մեկը, որտեղ նա նշել է, թե «Համերի» վրա կրակելուց առաջ Վարդան Անտոնյանն ասել է. «Վահագ, արի ասեմ»:
Վերաքննիչ դատարանի դատավորները մեղադրողին հիշեցրին, որ ըստ մեղադրանքի՝ «քննությամբ չպարզված շարժառիթով» է Վարդան Անտոնյանը ցանկացել սպանել «Ալավերդցի Վահագին», իսկ մեղադրողը կոնկրետ երկու խմբավորումների առճակատման մասին խոսելով՝ հենց շարժառիթի մասին էր խոսում, այսինքն՝ առաջադրված մեղադրանքի ծավալից դուրս էր գալիս…
Փաստաբան Լուսինե Սահակյանը, մեղադրողի ներկայացրած առարկությունների դեմ խոսելով՝ նշեց, որ «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» սպանության փորձի որակումը ոչնչով հիմնավորված չէ, այն մեծ պատժաչափ սահմանելուն է նպատակաուղղված եղել: Բուն սպանության փորձի մեղադրանքը նույնպես անհիմն է՝ ըստ պաշտպանական կողմի. «Ուզենար սպանել, կգնար կսպաներ, պիտի զրահապատ մեքենայի վրա՞ կրակեր, այն մեքենայի վրա, որի մեջ «Ալավերդցի Վահագը» չկա՞ր…»:
Այս գործով հաջորդ դատական նիստը վերաքննիչ դատարանում կկայանա դեկտեմբերի 18-ին: