Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը          Չավուշօղլուին անհամար վիճակի մեջ գցեցին՝ փող խնդրելո՞ւ եք եկել Կատար       Ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում... Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների գործերն իշխանափոխությունից հետո լավացել են    

27 մայիս 2016 14:14

Իշխանությունը մոտեցել է Ռուբիկոնին և կարող է ամեն բան կորցնել. Ս. Սաֆարյան

«Հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ ի դեմս նոր Ընտրական օրենսգրքի ներդրման՝ քաղաքական նոր մշակույթ է ձևավորվում»,-մայիսի 27-ին Հայացք մամուլի ակումբում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը: «Օրենսգրքի ընդունման ժամանակ կողմ 102 ձայները ցույց տվեցին, որ ամեն դեպքում համախմբում տեղի ունեցավ: Իհարկե, Ընտրական օրենսգիքը հընթացս կարելի է փոփոխությունների ենթարկել, սակայն առավել կարևոր է, որ սա քաղաքակիրթ, ազատ ընտրությունների հիմքերն ապահովող փաստաթուղթ է»,-հավելեց պատգամավորը: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, որ արդեն 25 տարի է՝ քննարկում ենք, թե ինչպես ճիշտ հաշվել քվեաթերթիկները. «Այս ընտրական օրենսգրքի քննարկումները գերազանցապես կարելի է ասել այդ և նմանատիպ խնդիրների շուրջ են: Ես՝ որպես ընտրություններին բազմիցս մասնակցած գործիչ, մի բան վստահաբար կարող եմ ասել, որ խնդիրը միայն ու միայն ճիշտ հաշվելը չէ: Ընտրությունների դեպքում խնդիրն այն է, թե մենք ինչ ձայներ ենք հաշվում և ինչ ճանապարհով բերված ձայներ ենք հաշվում»: Անգամ գրոշի արժեք չունի քվեների ճիշտ հաշվարկը, եթե այդ ձայները բերվել են ընտրակաշառքով: Այս խնդիրներին ընտրական օրենսգիրքը լուծում չի տվել»,- ասաց նա:
 
Անդրադառնալով Վիեննայում օրեր առաջ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Կարինե Աճեմյանը համոզմունք հայտնեց, որ այդ հանդիպումից հետո կյանքը փոխվեց. «Իհարկե, խաղաղությունը փխրուն է, սակայն առավել լավ է փխրուն խաղաղություն, քան պատերազմական գործողություններ: Ադրբեջանին միայն ճնշումների միջոցով կարելի է բերել բանակցությունների սեղանների շուրջ: Մեր հակառակորդն անկառավարելի և անտրամաբանական քայլեր է անում: Սա է պատճառը, որ մենք պետք է կրկնակի զգոն և ուշադիր լինենք: Հայկական կողմը պետք է պատշաճ ներկայացնի քառօրյա թեժացումները՝ միջազգային հանրությանը ստիպելով հասցեական գնահատականներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ լայնածավալ պատերազմական գործողություններ դժվար թե վերսկսվեն: Պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարությանը՝ շեշտելով, որ բոլոր այն չինովնիկները, ովքեր մսխում են բյուջեն և խոչընդոտում արտասահմանյան ներդրումները, պետք է պատժվեն: «Մենք գիտակցաբար պետք է պայքարենք կոռուպցիոն երևույթների դեմ: Հովիկ Աբրահամյանի խոսքերն այս անգամ չեն մնա օդում, դրանց կհետևեն կոնկրետ գործողություններ»,- հույս հայտնեց Կարինե Աճեմյանը:
 
Ստեփան Սաֆարյանը անդրադարձավ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը նշեց, որ արտաքին քաղաքականությունը մեկ անձի թատրոն չէ. որքան էլ այդ անձը լինի լավ տեսաբան, անարդյունավետ է, երբ համակարգը չի աշխատում: «Ասենք՝ Հերմինե Նաղդալյանը Վրաստան է գնացել, Տաջիկստան է գնացել, խնդրում եմ՝ ասեք՝ Հերմինե Նաղդալյանի ամբողջ պահվածքը ԵԽԽՎ-ում երբեք վրացամետ չի եղել: Եթե խնդիր է եղել ռուս-վրացական կողմնորոշման, Հերմինե Նաղդալյանը հստակ ռուսական կողմնորոշում է ունեցել: Հիմա Հերմինե Նաղդալյանի, Վարդան Այվազյանին ուղարկում են Վրաստան կբացատրե՞ք այդ այցելության օգուտը: Մի մարդ, որը հաստատապես ողջունելի չի լինի վրաց մեր կոլեգաների համար իր կողմնորոշումների պատճառով»:ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ պատասխանեց, որ բոլոր այցելություններից հետո հաշվետվություններ են ներկայացվում և խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Հերմինե Նաղդալյանին. «Եկեք առանձին դրվագներով չխոսենք: Ընդհանուր առմամբ, Ազգային Ժողովի պատվիրակություններում կան նաև այնպիսի պատգամավորներ, որոնք շատ ակտիվ աշխատում են: Հնարավոր է այդ աշխատանքն այդքան պարզ չի երևում: Արդյունքները նրանք էին, որ ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցը չանցավ, իհարկե՛, Դուք հիմա կասեք, որ պիտի Սարսանգն էլ չանցներ, ես համաձայն եմ, մենք պետք է ավելի հետևողական լինենք»:


Խոսելով կառավարության հակակոռուպցիոն ծրագրից Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ պատահական չէ, որ կոռուպցիան Հայաստանում համատարած բնույթ է կրում: Մեր երկրում առկա են ոչ թե կոռուպցիոն դրսևորումներ, այլ կոռուպցիոն ամբողջական համակարգեր. «Որքան էլ իշխանությունը գոհ լինի Ընտրական նոր օրենսգրքից, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ կոռուպցիան առաջին հերթին հենց ընտրական ոլորտում է: Այսօր կոռուպցիայի դեմ պայքարում է այն անձը, ով մշտապես ՀՀԿ-ի ընտրական շտաբի ղեկավար է եղել, առնչվել է նմանօրինակ երևույթների հետ: Ես այս Կառավարությունից կոռուպցիայի դեմ պայքար չեմ ակնկալում: Իշխանությունը քաջատեղյակ է, թե որտեղ է կոռուպցիան, որտեղից է այն գալիս, և ես չէ, որ Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստին հուշումներ կամ առաջարկություններ պետք է ուղարկեմ: Օլիգարխիկ կառավարությունը երբեք խաղի կանոնները չի փոխելու, մոնոպոլիստներն իրենք իրենց դեմ ուղղակի չեն կարող պայքարել»,- նշեց նա՝ հավելելով, որ հասարակությունը նման է հիվանդի, իսկ իշխանությունը՝ բժշկի. նա կամ պետք է ստանձնի հիվանդի բուժումը, կամ եթե իր ուժերից վեր է, հրաժարվի:
Անդրադառնալով ապրիլյան քառօրյա թեժացումներին՝ Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ թեպետ, անցել է մեկ ամսից ավելի ժամանակ, այնուամենայնիվ, իր համար դեռ պարզ չէ՝ Հայաստանն ի պաշտոնե դիմե՞լ է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ բարձրացնելով հայ զինվորների և խաղաղ բնակչության խոշտանգումների ու սպանությունների հարցը: «Իշխանությունն ինչպես առաջ չի գնում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, այնպես էլ դիվանագիտական հարթությունում ակտիվ քայլեր չի կատարում: Իշխանությունը մոտեցել է Ռուբիկոնին և կարող է ամեն բան կորցնել»,- ենշեց Ստեփան Սաֆարյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր