Գասպարիին Արմեն Սարգսյանի տան դիմացից հեռացրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Սերժիկ սրիկա, Սերժիկ մարդասպան» պաստառով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի: Գասպարին նոր էր սկսել քայլերթը, երբ նրան մոտեցան մի քանի ոստիկաններ եւ փորձեցին ցուցապաստառը վերցնել: Գասպարին ամեն կերպ ընդդիմանում էր՝ թույլ չտալով իրեն դիպչել:Քաղաքացիական ակտիվիստն իր ցուցապաստառով նստեց Դեմիրճյան 26 շենքի դիմաց, որի հարևանությամբ էլ Արմեն Սարգսյանի տունն էր:
« Արմեն Սարգսյանը իրենից ոչինչ է ներկայացնում: Նա Սերժ Սարգսյանի նշանակած չինովնիկ է եւ շարունակվելու են ակցիաները անցած երկու- երեք տարիներին, անկախ նրանից նա կլինի վարչապետ, թե քողարկված վարչապետ»,- ասաց Վարդգես Գասպարին:
Մի քանի րոպե անց ոստիկանները պահանջեցին ազատել տարածքը։
«Եկել է, տան դիմացը կանգնած է, խոչընդոտ է հանդիսանում: Բողոք կա տան անդամների, շենքի բնակիչների կողմից, որ խափանում է ելումուտը»,- ասաց ոստիկաններից մեկը:
Այնուհետեւ ոստիկանները ուժով Վարդգես Գասպարիին տեղափոխեցին դիմացի մայթ:
Դրանից հետո կրկին Գասպարին շարունակեց ակցիան, այս անգամ պառկած: Նա Արմեն Սարգսյանին տեսնելուց հետո գիտի ինչպես կվարվի.
«Թիկունքով կկանգնեմ նրա դեմ, դա կլինի իմ ասելիքը»:
Վարդգես Գասպարին նշեց՝ ակցիաները կրկին շարունակական են լինելու: