Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

17 ապր 2018 12:00

Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ)

Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ)ԱԺ հատուկ նիստում, որը գումարվել է իրավունքի ուժով, ընթանում է վարչապետի ընտրությունը: Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները: Հայտնի է, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու են առաջադրել Սերժ Սարգսյանին: «Ծառուկյան» դաշինքը որոշել է չառաջադրել թեկնածու, իսկ «Ելք»-ը որեւէ որոշում չի կայացրել, թեեւ նախապես նշվում էր, որ այդ թեկնածուն կարող է խմբակցության ղեկավար լինել Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի ընտրության կարգը հետեւյալն է. նախ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կներկայացնի վարչապետի թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին, ապա կպատասխանի պատգամավորների հարցերին:
Այնուհետեւ ելույթ կունենա Սերժ Սարգսյանը եւ մոտ մեկ ժամ կներկայացնի իր ծրագիրը, որից հետո կպատասխանի պատգամավորների հարցերին:
Դրանից հետո կսկսվի մտքերի փոխանակությունը, կլինեն ելույթներ:
Վերջում Սերժ Սարգսյանը եզրափակիչ 30 րոպեանոց ելույթ կունենա:
Նշենք, որ ի տարբերություն ՀՀ նախագահի ընտրության, վարչապետին ԱԺ-ն կընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Եթե ԱԺ-ին չի հաջողվում վարչապետ ընտրել, քվեարկությունից 7 օր անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:
Ընտրվելու դեպքում հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետին եւ 17 նախարարներից։ Ներկայումս նախարարների թիվը 18 է, կրճատվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։
Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը եւ նույն օրը ԱԺ հատուկ նիստում Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանն ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները: Նույն օրը կառավարությունը հրաժարական է տվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր