«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

22 մայիս 2018 14:24

ԱԱԾ-ն ժամանակ է տվել. ԱՄՆ-ն ու Ռուսաստանն արել են իրենց գործը

ԱԱԾ-ն ժամանակ է տվել. ԱՄՆ-ն ու Ռուսաստանն արել են իրենց գործըՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան ԱԱԾ պետի հայտարարության մասին հարցի հորդորում է սպասել բացահայտումներին: ԱԱԾ պետը հայտարարել էր, որ մայիսի 23-ից կլինեն կոռուպցիոն խոշոր սխեմաների բացահայտումներ, թե ինչպես են տարբեր անձինք 350 տարբեր քաղաքացիների անունով բացել ընկերություններ ու հարստացել պետության եւ հանրության հաշվին: Թե քանիսն են այդ անձինք, որոնք օգտագործել են այն 350-ին, ԱԱԾ պետը չէր ասել: Բայց, ասվածն արդեն իսկ աննախադեպ է, որովհետեւ հանրայնորեն խոստացվում է բացահայտել շատ կոնկրետ սխեմա: Ընդ որում, դա աննախադեպ է ոչ միայն իբրեւ հայտարարություն-խոստում, որի առաջ հեղինակն այլեւս պատասխանատու է կոնկրետ գործով:
Հայտարարությունն աննախադեպ է նաեւ նրանով, որ ԱԱԾ պետը կամա թե ակամա փաստորեն «ժամանակ» է տալիս նրանց, ովքեր բացահայտվելու են: Հանրությանը չի ասվում, թե նրանք ովքեր են, բայց ովքեր օգտագործել են այն 350-ին, անկասկած գիտեն, որ ԱԱԾ-ն գիտե այդ մասին: Հետեւաբար հետաքրքիր է դառնում, թե ինչու՞ է տրվում այդ «ժամանակը»: Նրանք «փախչելու» տեղ չունեն այլեւս եւ դա՞ է պատճառը, որ ԱԱԾ պետը շատ հանգիստ ու վստահ հայտարարում է առաջիկա օրերից սկսվող բացահայտումների մասին, թե՞ հրապարակային հայտարարության ներքո կա զուգահեռ այլ գործընթաց, գործընթացի բնականաբար ոչ հրապարակային մաս, որտեղ գուցե առկա է որոշակի բազմաշերտ իրողություն, եւ հրապարակային հայտարարությունը ուներ հենց այդ բազմաշերտ իրողություններում ԱԱԾ կամ ավելի լայն՝ քաղաքական նոր ղեկավարության դիրքերն ամրացնելու նպատակ: Ուշագրավ է այն, որ ԱԱԾ պետը հայտարարել էր, թե գործընթացը կամ բացահայտումները կսկսեն մի քանի օրից, երբ ինքը կմեկնի Ռուսաստան ու կվերադառնա:
Ռուսաստան մեկնելը նա անմիջականորեն չէր կապել իր հայտարարած բացահայտումների խնդրին: Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Սանկտ-Պետերբուրգ մեկնում է հակահետախուզությունների ղեկավարների հավաքին մասնակցելու համար: Այսինքն, խոսքը կարծես թե պլանավորված միջոցառման մասին է, ուր նա մեկնում է ի պաշտոնե: Բայց բոլոր դեպքերում ուշագրավ է, որ բացահայտումների «մեկնակետ» դիտարկվում է Ռուսաստանի այցին հաջորդող օրը: Իհարկե պարզունակ է մտածել, թե խնդիրը այդ բացահայտումների համար Ռուսաստանի հավանությունը ստանալն է: Այդպիսի խնդիր լինելու դեպքում նաեւ հրապարակային հայտարարությունը կարվեր Ռուսաստան այցից հետո: Ըստ ամենայնի խնդիրն առնչվում է մասշտաբների վերջնական հստակեցմանն ու «սլաքների ճշգրտմանը», որովհետեւ կասկած չկա, որ կոռուպցիոն սխեմաները չէին կարող սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն բավական փոքր է եւ ըստ այդմ բավական բարդ կլիներ թաքցնել կամ կորցնել հետքը միայն Հայաստանի տարածքում: Իսկ դրանից դուրս մասշտաբներում Հայաստանի անվտանգության կառույցներն ու հատուկ ծառայությունները հասկանալիորեն ունեն «հասանելիության» խնդիր բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով: Այդ խնդիրը չունեն եզակի պետությունների հատուկ ծառայություններ, եւ այդ իմաստով խիստ հատկանշական է ոչ միայն Ռուսաստան այցի հանգամանքը, այլ նաեւ ԱԱԾ պետի պարզաբանումը ԱՄՆ հետաքննական խմբի ժամանման հետ կապված, որի վերաբերյալ հրապարակումներ էին եղել հայկական մամուլում:
ԱԱԾ պետը չի հաստատել այդ տեղեկությունը, սակայն հետաքրքիրն էլ հենց այդ է, որ այն հերքվում է միայն բազմաթիվ օրեր անց, եւ միայն անսպասելի «բացահայտումների» խոստմանը «զուգահեռ», ինչը թողնում է տպավորություն, որ ամերիկյան հետաքննական խումբը «արել է իր գործը»՝ դարձյալ բուն, թե պատկերավոր իմաստով, ու այն կարող է «հեռանալ»: Այդպիսով, փաստացի ստացվում է, որ ԱՄՆ ու Ռուսաստանը «արել են իրենց գործը», եւ ԱԱԾ պետն ըստ երեւույթին «ժամանակ» է տվել որոշ մարդկանց գիտակցելու, թե ինչ մասշտաբում է խնդիրը եւ որքան է անիմաստ դիմադրության մասին մտածելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր