Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

01 հուն 2018 13:16

Շիրակ Թորոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան և մասնավորապես Ջավախք կատարած այցի շուրջ, Hayacq.com-ը, զրուցեց ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ:
 
-Պարոն Թորոսյան, ինչպե՞ս կգնահատեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան։
-Գնահատում եմ բարձր և աննախադեպ։
-Մեկնաբանե՛ք խնդրեմ։
-Վրաստանը մեզ համար չափազանց կարևոր երկիր է։ Չնայած արտաքին կողմնորոշումների որոշակի տարբերություններին՝ մենք Վրաստանի հետ ունենք տարածաշրջանային ընդհանուր գերակա շահեր, որոնց սպասարկումը պետք է լինի կողմերի քաղաքական առաջնահերթությունների ցանկում։ Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում հստակորեն մատնանշվեցին երկկողմ շահերը և համատեղ գործողությունների առաջնային ուղղությունները։ Առաջ քաշվեց հին օրակարգը, բայց նորովի մոտեցումներով։     
 
Փոխադարձ շփումներում ամենակարևոր սկզբունքը համարվեց անկեղծությունն ու ազնվությունը։ Մարդիկ կկարողանան ուղիղ նայել միմյանց աչքերի մեջ, որտեղ, ինչպես նշեց վարչապետ Փաշինյանը, գրված կլինի ճշմարտությունը։ Այս ամենի արդյունքում երկկողմ հարաբերությունները կբարձրանան որակական նոր աստիճանի, և մենք վերջապես կկարողանանք ձերբազատվել Հայոս-Քարթլոսյան կենացային մակարդակի կեղծ հարաբերություններից, երբ ասվում էր մի բան, բայց գրեթե միշտ արվում էր հակառակը։  
-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի վարչապետի Ջավախք այցելությունը։
-Այդ այցելությունն աննախադեպ էր։ Թբիլիսիի հայ համայնքի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը այցելեց Ջավախք և կանգառ կատարեց 6 բնակավայրերում՝ գուսան Հավասու ծննդավայր Այազմա գյուղում, գեղատեսիլ Փարվանա լճի ափին Փոկա գյուղում, Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում, 1918թ․ մայիսյան հերոսամարտերի վայրերից մեկում՝ Սաթխա գյուղում և Նինոծմինդա ու Ախալքալակ շրջկենտրոններում։
 
Հայաստանի ղեկավարի կարգավիճակում Ջավախք այցելություն էր կատարել միայն Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականին։ 2005թ-ին էլ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր մասնակցել Վահան Տերյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումներին։          Ջավախքում Փաշինյանին ընդունեցին մեծ ջերմությամբ։ Հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ դիմավորելու Հայաստանի վարչապետին։ Կադրերում ես տեսա բազմաթիվ հարազատների, բարեկամների, ընկերների և ծանոթների։ Ջավախքյան ելույթներում վարչապետ Փաշինյանը շեշտեց Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցության շրջանակներում ջավախքահայությանն աջակցություն տրամադրելու հարցում, որը պետք է գլխավորապես միտված լինի Ջավախքի հայապահպանությանը և դեպի Ջավախք ներգաղթի ապահովմանը։
Այս այցելությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ջավախքահայությունն ապրում է մայր հայրենիքի հոգսերով, սրտացավ է և մտահոգ Հայաստանի Հանրապետության ապագայի համար։
-Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կանեք։
-Հայաստանն ու Վրաստանը պարտավոր են գերազանց գիտակցել տարածաշրջանի ընդհանուր մարտահրավերները և արագորեն մշակել դրանց դիմակայելու և հաղթահարելու միջոցներն ու գործիքակազմը։ Այս ամենի համատեքստում Ջավախքը պետք է գնահատվի որպես կարևոր աշխարհաքաղաքական գործոն և առաջնահերթ դիտվի վերջինիս հայապահպանությունը։                                             Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը հորդորում եմ վճռական լինել հայ-վրացական հարաբերությունների նորովի մոտեցումներում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր