Ազատ արձակեցինք ևս մեկ ոստիկանի, ամսի 23-ին կայանալու է նրա նշանադրության արարողությունը
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ տարածքից ազատ է արձակվել եւս մեկ ոստիկան: Սա նա համարեց բարի կամքի դրսեւորում իրենց կողմից, քանի որ առաջիկայում կայանալու է ոստիկանության ներկայացուցչի նշանադրության արարողությունը. «Ազատ արձակեցինք եւս մեկ ոստիկանի՝ Դավիթ անունով երիտասարդ տղայի, այս ամսի 23-ին նրա նշանադրության արարողությունն է լինելու, դրա համար որոշեցինք թույլ տանք գնա՝ բարի կամք դրսեւորելով, այդ փոքր նվերը մեր կողմից որոշեցինք անել, ուղղակի զուտ մարդասիրական նկրտումներից ելնելով»,- ասաց Վ. Ավետիսյանը:
Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվում է ոստիկանության 4 ներկայացուցիչ: Վերջիններիս ազատ արձակելու տարբերակ այս պահին, ըստ Վ. Ավետիսյանի, չի քննարկվում. «Մոտեցում չկա որեւէ մեկին ազատ արձակելու, սա ուղղակի հատուկ դեպք էր, դրա համար արվեց: Այսօր փոխզիջումների լեզվով են սկսել խոսել, բայց տեսնենք, Հունան Պողոսյանն ասեց, օգտագործեց փոխզիջում տերմինը, հիմա թե ինչ կլինի, տեսնենք»,- նշեց նա:
Վարուժան Ավետիսյանը նշել է, որ բանակցություններն այլ բովանդակություն ունեն, որի մասին դեռեւս չեն ցանկանում բարձրաձայնել.
«Միայն գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչ, չեմ կարող ասել, ընդամենը գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչի մասին, մինչեւ երբ ու ինչ պայմաններով, ինչ ժամկետում, չգիտեմ»: