Աննա Հակոբյանը՝ ՀԺ խմբագրի աշխատանքից հրաժարվելու մասին

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե 2012թ.-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր ընտրվեց, կարգավիճակի փոփոխությամբ դադարեցրեց խմբագրական գործունեությունը, արդյո՞ք Աննա Հակոբյանը ևս պատրաստվում է կարգավիճակի փոփոխությամբ դադարեցնել նույն գործունեությունը: Աննա Հակոբյանը պատասխանեց, որ ինքը կառչած է իր գործին և շատ դժվար է բաժանվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականություններից:
«Բայց փաստն է այն, որ այս պահին դրությամբ առնվազն 2 ամիս է՝ չեմ կարողացել կատարել իմ աշխատանքը, և հետո ծանոթներս, բարեկամներս հուշում են, որ էթիկայի տեսակետից ճիշտ չի լինի, որ նոր կարգավիճակի բերումով ես շարունակեմ մնալ:
Մինչ վերջին պահը ես վստահ էի, որ կարող էի լուծում գտնել, բայց այս օրինակից հետո, երբ չկարողացա ձեր հարցին պատասխանել, արդեն սկսում եմ անհանգստանալ, և կարծում եմ՝ այդ հարցին լուծում կգտնվի, ինչքան էլ ես չուզենամ: Այս պահին ուղղակի դեռևս պատրաստ չեմ, որ անեմ, բայց իրավիճակը երևի կհանգեցնի դրան»,-ասաց նա:
Ուսանողների հետ հանդիպումից հետո Աննա Հակոբյանը նաև պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես լրագրողները հետաքրքրվեցին, թե հեղափոխությունից հետո «Նվիրի կյանք» հիմնադրամը փակվեց, արդյո՞ք ինքը պատրաստվում է աշխատել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետ: Աննա Հակոբյանը պատասխանեց, թե չի կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ մանկական քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու շուրջ ինչ-որ թեմա է արծարծվում:
«Եթե կան մարդիկ, ովքեր սպասում են ինչ-որ խոսք լսել ինձանից, գնահատական, ապա իրենց հիասթափություն է սպասվում, ես ոչինչ չունեմ դրա մասին ասելու: Հույս ունեմ, որ բոլորը կաշխատեն և կկարողանան օգտակար լինել այդ երեխաներին»,-ասաց նա:
Նա նաև անդրադարձավ ուսանողների պայքարին և հարցին, թե ինչպես է գնահատում պայքարի նման միջոցները, Աննա Հակոբյանը նշեց, որ դա ուսանողների իրավունքն է:
«Ուսանողներն այն սերուցքն են, որ վաղը դառնալու են քաղաքացական ու քաղաքական դաշտի մտավորականությունը, և եթե ուսանողները ճնշված լինեն իրենց բողոքը անելու հարցում, դա լուրջ խնդիր կլինի երկրի, եթե կուզեք՝ նույնիսկ անվտանգության համար: Աշխարհում ուսանողներն ամենաակտիվ խավն են, և նրանց ղեկավարները՝ ռեկտորները պետք է պատրաստ լինեն նման իրավիճակին: Իհարկե, ցավում եմ, որ Արամ Սիմոնյանի համար նման իրավիճակ եղավ, բայց ուսանողները պետք է պատրաստ լինեն իրենց իրավունքները պաշտպանել, և ղեկավարությունն էլ լուծում տա նրանց բարձրացրած հարցերին»,-ասաց նա: