Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

08 հուն 2018 18:25

Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հաջորդ հայրապետների համար դամբարան է կառուցվում

Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հաջորդ հայրապետների համար դամբարան է կառուցվումՄեր ստացած տեղեկությունների համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում դամբարան է կառուցվում՝ նախատեսված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի համար: Ըստ նույն տեղեկությունների՝ նպատակ կա նորակառույց դամբարան տեղափոխել նաեւ տաճարի բակում գտնվող հայրապետների շիրիմները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը, պատասխանելով մեր հարցմանը, հաստատեց, որ դամբարան կառուցվում է, բայց նաեւ նշեց, որ շիրիմների տեղափոխման խնդիր դրված չէ: Ի դեպ, Տեր Վահրամը, նկատեց, որ մեկնարկող շինարարության մասին հայտարարվել է դեռ վաղուց, ինչը փաստորեն, դուրս է մնացել հանրության ուշադրությունից:
«Արդեն մի քանի տարի է՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինն այդ մասին ծանուցել է ե՛ւ պաշտոնական հաղորդագրություններով, ե՛ւ տարբեր արարողությունների առիթով: Մայր տաճարի հարեւանությամբ կառուցվում է առանձին մատուռ՝ մոմավառության սրահ, որպեսզի մայր տաճարից մենք կարողանանք դուրս բերել մոմավառությունը՝ ի սեր Մայր տաճարի որմնանկարների պահպանման եւ հարատեւության»,- ասաց Տեր Վահրամը:
Նա նշեց, որ այսուհետ հանգուցյալ հայրապետների հուղարկավորությունը նույնպես լինելու է կառուցվող մոմավառության սրահում: «Մոմավառության սրահը կառուցվում է՝ չխախտելով Մայր Աթոռի որեւէ լանդշաֆտային տեսարան, եւ պատմական տեսքը նույնպես չխախտելով: Այնտեղ նաեւ նախատեսվում է, որ այսուհետ պիտի լինեն հայրապետների հուղարկավորությունները: Այդ մատուռը ծառայելու է իբրեւ դամբարան, սակայն նշեմ, որ որեւէ հայրապետի շիրիմի փոխադրություն չի կատարվելու: Այսինքն՝ այն շիրիմները, որոնք առկա են մայր տաճարի զանգակատան երկու կողմերում, որեւէ կերպ չեն խաթարվելու, անշարժ մնալու են: Խոսքը վերաբերում է հաջորդիվ հանգուցյալ հայրապետների հուղարկավորությանը»,- մանրամասնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը:
Անդրադառնալով կաթողիկոսների նոր կարգով հուղարկավորության անհրաժեշտությանը՝ Տեր Վահրամը պատասխանեց. «Չեմ կարծում, թե ճիշտ է, որ Մայր տաճարի ամբողջ բակը փակվի հայրապետների գերեզմաններով եւ շիրիմներով: Կարծում եմ, որ հայրապետը ճիշտ լուծում է գտել, ինչպես որ մյուս նվիրապետական աթոռներում կան առանձին դամբարաններ՝ պատրիարքների համար, այնպես էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կլինի առանձին այդպիսի վայր, որտեղ կհուղարկավորվեն Ամենայն Հայոց հայրապետները: Նպատակները խիստ գործնական են, եւ մենք փորձելու ենք առկա խնդիրը լուծել այդ ճանապարհով»:
Վերոնշյալ պաշտոնական հաղորդագրության տեքստից պարզեցինք, որ կառուցվող դամբարանի ճարտարապետներն են Ասլան Մխիթարյանը եւ Հայկ Մկրտչյանը: Շինարարությունն իրականացվում է Տեր եւ տիկին Գառնիկ եւ Անի Յակուբյանների (ԱՄՆ) բարերարությամբ:
Աղբյուր՝  armtimes.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր