Ախուրյանցի աշակերտների ծնողները զինվորների համար ապառիկով էին սնունդ գնել

Տեսանյութում երեւում էին նաեւ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի N2 հինական դպրոցից ուղարկված ծանրոցները, որոնք հանգրվանել էին Մանվել Գրիգորյանի ամառանոցում՝ գազանների բաժին դառնալու համար: Դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանը armtimes-ի հետ զրույցում ասաց, որ տեսանյութին ծանոթ է: Ավելին, Հատուկ քննչական ծառայության քննիչն իրեն արդեն հարցաքննել է:
- Իհարկե, տեսել եմ: Հուզվել եմ չափից դուրս, սրտի ցավ եմ ապրում: Ես չափից դուրս եմ վիրավորված, թե այս ինչքան զինվորը մեղք է, որ այս պարագայում երեխաներն այդպիսի օգնություն են ցուցաբերել ու հանկարծ տեղ չի հասել:
- Իսկ աշակերտներն իրենք տեղյա՞կ են ինչ է կատարվել, որեւէ արձագանք ունե՞ք:
- Ես արձագանքը այսպես գնահատեմ. նախ, այսօր եկել եմ աշխատանքի, ամբողջ մանկավարժական հանրույթը կանգնած էր, ասում էր՝ լացել ենք այդ պահին: Անհամբեր ինձ էին սպասում, որ ես մտնեի դպրոց, որովհետեւ ես նաեւ երեկոյան եղել եմ ոստիկանությունում, որտեղ ինձ հարցաքննել է ՀՔԾ քննիչը: Հետո աշակերտները, որոնք արդեն ավարտել են դպրոցը (մեր դպրոցը հիմնական է), եկել էին, հավաքվել էին դպրոցի բակում: Եկան մոտեցան ինձ, ասում են՝ ընկեր Մուշեղյան, դուք հիշո՞ւմ եք այդ օրը: Դե բնական է, երեխաներն այդ հարցը պետք է տային: Ասում եմ՝ ինչպես չեմ հիշում, երբ ես հուզված պատուհանից դուրս էի նայում, որպեսզի դուք իմ հուզմունքը չտեսնեիք: Ու անձամբ իմ ձեռագիրն է արկղերի վրա: Իրենք փաթեթավորում էին, ես գրում էի: Նույնիսկ իմ ուսուցիչները, ձեռագիրս ճանաչելով, իրիկունը ասել են՝ վայ մեր արկղերն են:
- Իսկ ինչպե՞ս կազմակերպվեց զինվորներին օգնություն ուղարկելու պրոցեսը, կնկարագրե՞ք:
- Ապրիլի 4-ին աշակերտական խորհուրդն արտահերթ նիստ գումարեց՝ մեր նախաձեռնությամբ, իրենց նախաձեռնությամբ, ծնողներ էին հավաքվել, որ քառօրյա պատերազմին օգնություն ցուցաբերեն աշակերտների կողմից եւ կազմակերպեն այդ գործընթացը: Աշակերտներն արտահայտվեցին, որ բնականաբար հայոց բանակին օգնելու համար գոնե մի փոքրիկ լումա էլ մենք ներդնենք: Յուրաքանչյուր երեխա երկու օրվա ընթացքում ինչ-որ տանը ունեին՝ հիգիենիկ պարագաներ, ներքնաշորեր զինվորների համար, ծխախոտ, խտացրած կաթ, պահածոյացված միս, քաղցրաբլիթներ, կոնֆետներ, նույնիսկ շաքարավազ, բերել էին: Հավաքվեց շատ: 42 արկղ պատրաստեցինք, տեսակավորեցինք, յուրաքանչյուր տուփում դրեցինք նմանատիպը, իրենք այդ արկղերը փակում էին, ես էլ վրան գրում էի, ու դասավորեցինք, գյուղապետից խնդրեցինք տրամադրել փոխադրամիջոց եւ ուղարկեցինք Ղարաբաղ: Իբր Ղարաբաղ: Հետո տեղեկացանք, որ Ղարաբաղ է տարվել: Մենք կոնկրետ հասցեատիրոջ չէինք ուղարկել: Ամբողջ գյուղից ուղարկվող արկղերն էին բեռնվել այդ մեքենա: Երեխաները շատ հուզված եկան, ես էլ եմ այս պահին հուզված, որովհետեւ ես նման բան չէի լսել, չէի տեսել, չէի պատկերացնում: Յուրաքանչյուր երեխա իր փոքրիկ ներդրման հետ բերել էր նաեւ նամակ, որոնք դրված էին արկղերի մեջ: Յուրաքանչյուր արկղի մեջ աշխատեցինք, որ անպայման լինեն այդ նամակներից:
- Տիկին Մուշեղյան, ենթադրում եմ, որ գյուղի դպրոցի աշակերտները սոցիալապես ոչ լավ պայմաններում են ապրում եւ նրանց համար ծանրոց ուղարկելը բավական զոհողությունների գնով է եղել:
- Իհարկե: Ես նաեւ տեղեկացա, որ շատ ծնողներ եկել էին, ոչ կանխիկ գումարով խանութներից վերցրել էին սննդամթերք, երբ բերեցին, ես պատկերացնելով, ասացի՝ էլ դուք ինչու եք բերել, մենք արդեն դրել ենք: Ասացին՝ խնդրում ենք, ուղղակի սրանք էլ տեղավորեք արկղերի մեջ, որպեսզի մենք մի փոքր հանգիստ զգանք մեզ: