Մանվելի ընտանիքի անդամները կորցնում են հետքերը. Լույսի մարդիկ «բրոնեժիլետներ» էին դարձել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ Էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել եւ «Լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում: Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճնշումը պատճառ են դարձել, եւ հունիսի 19-ին նա ապամոնտաժել է լվացակայանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելի փեսան նույն փողոցում, ավտոլվացակայանից մի քանի մետր հեռավորության վրա, նաեւ սպա կենտրոն ունի՝ «Լեդի սպա» անունով: «Ճիշտ ժամանակն է, որ ստուգումներ իրականացնողներն այցելեն նաեւ Էջմիածնի հարկային տեսչություն: Հաստատ՝ հետաքրքիր բացահայտումների պակաս չեն ունենա»,- ասաց Էջմիածնի հարկային տեսչության նախկին աշխատակիցը: Գրիգորյանների ընտանիքն ու մերձավորները տասնյակ տարիներ չեն վճարել նաեւ կոմունալ վարձերը: «Ջուր, լույս, գազ օգտագործել են ու պարտքը թողել ընկերությունների վրա: Սրանք էլ, որպեսզի այդ պարտքերը մարեն, ծախսը ցրել են բնակիչների վրա: Էս խեղճ մարդիկ իրենց ճղում էին, թե իրենց ծախսածից կրկնակի ու եռակի ավել են վճարում, բայց ո՞ւմ ինչ ապացուցեին… վզներին էր, պիտի փակվեին: Լույսի մարդիկ «բրոնեժիլետներ» էին դարձել. վիզ դրած՝ պաշտպանում էին սրանց ապօրինությունները»: Էջմիածինցիներն այնքան զայրացած են կատարվածից, որ շատ հնարավոր է սրանց մի մասը նաեւ լեգենդներ լինեն: Այս քաղաքում, որը ստրկական հնազանդությամբ տասնամյակներ շարունակ կրել է Մանվել Գրիգորյանի լուծը, մարդիկ ընդվզել են: Նորօրյա սպարտակները Գրիգորյանների մասին այժմ լսել անգամ չեն ուզում եւ նույնիսկ խոսում են նրանց քաղաքից վտարելու մասին: Ասում են՝ էս սուրբ քաղաքում նրանց նման պիղծ մարդիկ չպետք է ապրեն»: