Փամփուշտ չկար զինվորները կրակեին,ջեմով կոնֆետը գցում էին «կանիստրի» մեջ, ջուր լցնում, թափահարում, «սոկ» սարքում

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ պատերազմը վերսկսվելուց անմիջապես հետո որոշել է ռազմաճակատ մեկնել: Դիմել է Իջեւանի զինվորական կոմիսարիատ, կամավորագրվել՝ դիրքեր մեկնելու համար:
«Առաջինն էի: Իմ անունը գրեցին, թե բա՝ կկանչենք: Մեկ օր, երկու օր, երեք օր, չորս օր... Նորից գնացի, թե՝ ուրիշ մարդ չկա: Մի օր էլ գնացի, թե բա դու ուր ես գնում, բա էստեղի մեր սահմա՞նը: Ասի՝ այ ախպեր, ես տարիքս առած մարդ եմ, ինքս կարող եմ որոշել՝ որտեղ գնամ: Թողեցի դուրս եկա: Ամսի 13-ն էր արդեն: Էդքան օր ես գնում էի, գալիս, չէին տանում»,- ասաց Սերյոժա Քամալյանը: Բայց հետո ընկերն է հանդիպել, հայտնել, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) մի խումբ անդամների, որոնք Արցախում են, փոխարինող է պետք: Դա լսելով՝ մեր զրուցակիցը շտապել է ԵԿՄ տարածքային կառույց: Այստեղ պարզել է, որ այդկերպ որպես կամավորական սահման մեկնելու համար պետք է միության անդամ լինել:
59-ամյա Սերյոժա Քամալյանը, իր գնահատմամբ, դիմել է այդ ստորացուցիչ քայլին, անդամագրվել միությանը: Ի վերջո, Իջեւանից եւ Դիլիջանից ընդհանուր առմամբ 15 հոգով ճանապարհ են ընկել: Ապա մեր զրուցակիցը ծառայության է անցել Հադրութում: Ասում է՝ այդ գրեթե 25 օրերի ընթացքում, ինչ գտնվել է այնտեղ, իրենց զորամասում քաղաքացիների ու դպրոցականների ուղարկած օգնություններից չի ստացվել: Միայն տեղ հասնելու օրը մեկական արկղ թխվածքաբլիթ ու ջեմով կոնֆետ է եղել: Զինծառայողները ստացել են Պաշտպանության նախարարության տրամադրած սնունդը, որը չափազանց վատ որակի է եղել:
«Էդ երեխեքի վիճակը որ տեսել եմ, ես երկու օր լաց եմ եղել. է՞ս է ձեր պահած զինվորը: Սնունդը նայում ես, սնունդ չի, հացը պիտանի չէ, շիկահող է, մի այլանդակ բան: Հարցնում եմ՝ արա էս ինչ հաց է: Մոսոյի հացն է՝ Մովսես Հակոբյանի բիզնեսն է: Հացի ծայրամասերը հազիվ ուտում էին, մնացածը ուտելու չէր: Մի փոս կար, լցնում էին էդ փոսի մեջ: Էդ «տուշոնկեն», բանը չի ուտվում, հնար չի լինում: Տեսնում ես՝ արջն էլ չի կերել, դա ուտելու բան չի, մի անորակ բան, բացում էիր, հոտը գցում»,- պատմեց կամավորական զինծառայողը: Հիշեց նաեւ ջեմով կոնֆետների յուրօրինակ կիրառության մասին: «Էդ ջեմով կոնֆետը բացում էին, 5 լիտրանոց «կանիստրի» մեջ լցնում, մնացածը ջուր էին ավելացնում ու թափահարում, թափահարում, թափահարում, շինում էին սոկ ու խմում»,- ասաց Սերյոժա Քամալյանը:
«Ես որ իջա, ինձ ասեցին՝ գիտե՞ք՝ ինչեր ենք ուղակել ՝ ծխախոտ, բան, ասի՝ տղերք, ոչ մի բան էլ չի եկել մեզ մոտ: Կամանդիրն էր ասում՝ Մաթեւոսյան Լյովան՝ Դիլիջանի «Երկրապահի» մեծն է: Ասի՝ Լյովա, էդպիսի բան չի եղել, զուր մի ասա»,- շարունակեց կամավորական զինծառայողը:
Սերյոժա Քամալյանը պատմեց նաեւ բանակում հանդիպած մի երեւույթի մասին, որը զարմացրել էր նրան: Ասաց, որ զինծառայողներին չէր թույլատրվում կրակել:
«Ես անձամբ էնտեղ էի, Խաչատուրովը հրաման տվեց՝ ով մի հատ փամփուշտ կրակի, դատապարտվելու է: Բա ադրբեջանցին էնտեղից կրակում է, ինձ ինչի՞ հրաման չկա, իրավունք չկա»,- տարակուսանքը փոխանցեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ես «պոստի» գնացի ու կրակեցի, կապիտանը, որ մի շատ լավ անձնավորություն էր, եկավ, նեղացավ, թե հոպար, մի կրակիր, ցավդ տանեմ, մեզ նեղացնում են դրա համար: Վերջը ինձ թույլատրեցին օրը չորս հատ կրակեմ՝ ամեն հերթափոխին, իսկ էդ երեխեքը՝ ոչ մի հատ: Էնտեղից կրակում էին, երեխեքը կզում էին ու սկսում նրանց կրակած փամփուշտները հաշվելը: Հաշվում էին, հաղորդում՝ 300 հատ եկավ, 500 հատ եկավ, իստիգլալը, սնայպերը կրակեց»:
«Կարմիրեցի տղա կար, ППК էր ձեռքինը, ասում էր՝ մի հատ թողեք կրակեմ: Վերջը ՄՈԲ-ից մի տղա կար, ասաց՝ ախպեր, կրակիր, ես փամփուշտը կճարեմ, դրա տեղը կդնենք: Պատկերացրու՝ էդ ավտոմատը չկրակեց: Խառնվեցին իրար, քանդեցին, էն անտեր ասեղը լռվել էր: Բա որ հանկարծ թուրքը եկել էր, էդ ավտոմատը ոնց էր աշխատելու: Մի խայտառակ պատմություն: Հետո բոլորին ասացին՝ ամենքդ մի փամփուշտ կրակեք, որ տեսնենք՝ աշխատում են էդ զենքերը, թե չէ»,- նկարագրեց Սերյոժա Քամալյանը: Այդպես անցկացնելով զինծառայության օրերը, նա հիասթափված վերադարձել է Իջեւան. «Իրիկունները հեքիաթ պատմելով, գիրք կարդալով, պատմություններ անելով՝ երեխեքի հետ անցկացինք էդքան օրերը: Վերջը ես եկա, բայց իմ ուշքը էնտեղ է»:
Հ.Գ. Հունիսի 17-ին ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում Արցախի հերոս, գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք, ինչպես նաեւ զինվորի համար նախատեսված սնունդ: