«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանի մասին հանրահայտ ֆիլմը կոռուպցիայի մասին ունի նաև երկրորդ մաս

- Պարոն Մկրտչյան, Երևանի քաղաքապետին վերաբերող տեսանյութն արդյոք ունենալո՞ւ է շարունակություն, թե՞ առկա տվյալներն այսքանն էին։
- Դա նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչև այս տարվա փետրվար արված հետաքննության արդյունքն էր։ Նյութը բավական ծավալուն է, և որոշվել էր, որ երկու մասի կբաժանվի։ Առաջին մասը հրապարակվել է, իսկ երկրորդ մասը հետո է հրապարակվելու։ Բայց չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել, թե երբ դա կլինի, քանի որ կառավարությունում աշխատանքի անցնելուց հետո կապ չունեմ արդեն այդ հաղորդման հետ։ Հաղորդման թիմը որոշում կկայացնի, թե երբ է նպատակահարմար գտնում հետաքննական նյութի երկրորդ մասը հրապարակել։ Ուսումնասիրությունն ավարտված է, և այժմ երկրորդ մասը նյութի դեռևս չմշակված վիճակում է։
- Իսկ ինչո՞ւ էր ընտրվել հենց Տ. Մարգարյանը։
- Ստեղծագործական թիմով այն ժամանակ այդպես որոշեցինք, քանի որ Մարգարյանն ամենահնչեղ անուններից էր։
- Կարո՞ղ եք ասել՝ նախնական ինչ արդյունք է տվել կոռուպցիայի դեմ պայքարը։
- Այս ընթացքում կա բավական խոշոր գործ, որի հետ կապված ես աշխատում եմ։ Գիտեք, որ վարչապետի ինչպես մյուս օգնականները, այնպես էլ ես թիմ չունեմ և միայնակ եմ աշխատում։ Այժմ մի քանի ուղղությամբ տեղեկատվության հավաքագրման փուլ է։ Եվ ծավալուն աշխատանքն ավարտելուց հետո եթե զգանք, որ կա ենթադրյալ չարաշահում, այդ նյութերը կփոխանցվեն համապատասխան մարմիններին։ Հիմա ես փակագծերը շատ չբացեմ, քանի որ եթե գործը փոխանցվեց իրավապահներին, նախաքննություն է լինելու, և եթե հիմա մանրամասներ ներկայացնեմ, կվնասեմ նախաքննությանը։ Կլինի մամուլի հաղորդագրություն, և բոլորը կտեղեկանան։ Դա առաջիկայում կլինի, կիմանաք բոլորդ։
֊ Իսկ արդյո՞ք ուսումնասիրության առարկա դառնալու է նախկին վարչապետերի՝ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի գործունեությունը։ Բացի այդ, պարբերաբար խոսակցություններ էին տարածվում Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործունեությանը վերաբերող խնդիրների մասին։
֊ Ես այս պահին անուններ չտամ, բայց եթե լինեն բացահայտումներ, բոլորը կտեղեկանան։
- Ձեզ վարչապե՞տն է կոնկրետ ցուցումներ տալիս, թե կոնկրետ ում առնչությամբ ուսումնասիրություն կատարեք, թե՞ Դուք ինքներդ եք ընտրում։
- Անձանց և կազմակերպությունների մասով վարչապետը չի ուղղորդում, բայց, ընդհանուր աշխատանքային ռազմավարություն քննարկվում է, այսինքն՝ ինչպես կառուցել աշխատանքը, որպեսզի ավելի արդյունավետ լինի։ Բայց կոնկրետ անուններ, թիրախներ վարչապետը չի նշում։
֊ Իսկ ինչպե՞ս եք ընտրում առաջնահերթությունները։
֊ Այսպես ասեմ, առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, իսկ մնացածը կախված է այն տեղեկատվությունից, որը ստացվում է։ Եթե կան համապատասխան փաստեր, փորձում ենք դրանք ամբողջացնել և գնալ հետքերով։
- Հաջորդ բացահայտումը ե՞րբ է սպասվում։
- Ժամկետ դեռևս չեմ կարող նշել, բայց առաջիկայում կլինի, քանի որ շատ ինտենսիվ կերպով աշխատում ենք։ Ասեմ, որ առանց հանգստյան օրերի՝ առավոտյան 8-ից մինչև ուշ գիշեր աշխատում ենք։
- Մարդկանց մի հատված կարծում է, թե սա վենդետա է, մյուս մասը մտածում է, թե մարդկանց բանտեր տանելու եղանակ է, մարդիկ էլ կան, որ այս գործողությունները բավական դրական են գնահատում։ Դուք ինչպե՞ս կձևակերպեք։
֊ Կարծիքները տարբեր են, իհարկե։ Բայց վենդետա տերմինն այս համատեքստում ես չեմ ընկալում, քանի որ բոլոր գործողությունները կատարվում են օրենքի դաշտում։ Եվ կրկնեմ, որ նպատակը մեկն է՝ կոռուպցիան արմատախիլ անել։
Ամբողջական՝ թերթի օրվա համարում