Լյովա Սարգսյանը գործով կասկածյալի կարգավիճակ է ձեռք բերել
2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, որի համաձայն` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ:Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Լյովա, Նարեկ եւ Անի Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Լյովա Սարգսյանի օգնականը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել էր, որ Լյովա Սարգսյանն արդեն 12 օր է՝ Հայաստանից բացակայում է: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է նա ստորագրություն տվել՝ երկրից չհեռանալու մասին։
Մեր հարցին՝ ինչպե՞ս է Լյովա Սարգսյանը ստորագրել երկրից չհեռանալու մասին, եթե նա 12 օր է՝ երկրում չէ, ՀՔԾ-ից պատասխանեցին. «Որոշումը կայացվել է օրենքով սահմանված կարգով: Քննիչը նման որոշում կայացրել է, որպեսզի Լյովա Սարգսյանը գործով կասկածյալի կարգավիճակ ձեռք բերի»:
Ստացվում է, որ Լյովա Սարգսյանի բացակայության պայմաններում նույնպես հնարավոր էր խափանման միջոց կիրառել ստորագրությունը, այսինքն, եթե, որպես խափանման միջոց չկիրառվեր, Լյովա Սարգսյանը, որպես կասկածյալ, գործով չէր կարող ներգրավվել