Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

05 հուլ 2018 17:08

Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

168.am-ի տեղեկություններով, գիշերն ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը:
Իսկ ինչ վերաբերում է նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին, ապա ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նա կասկածվում է սպանության փորձի մեջ:
ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վերսկսվել է 2007 թվականի ապրիլին Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Վերջինիս սպանելու փորձի մեջ կասկածվում է Հայկ Սարգսյանը։
2007 թվականի ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:00-ին, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը:
Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:
Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
2007 թվականի մայիսի 28-ին ոստիկանությունում որոշում է կայացվել Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:
Նոր երևան եկած հանգամանքներով՝ 2018 թվականի հունիսի 29-ին որոշում է կայացվել Դավիթ Սիմոնյանին կյանքից դիտավորությամբ զրկելու փորձ կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով վարույթ հարուցելու մասին, որի արդյունքում:
2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2007 թվականին կայացված որոշումը վերացնելու վերաբերյալ, իսկ քրեական գործը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Դ.Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե Ա.Ղևոնդյանի կողմից անզգուշությամբ, այլ՝ մեկ այլ անձի կողմից դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով։
Քննությամբ պարզվել է տուժողին սպանելու նպատակով նրա ուղղությամբ դիտավորյալ կրակոց արձակած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ 1984թ. ծնված Հայկ Սարգսյանը: Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն։
Հուլիսի 4-ին Հ.Սարգսյանին տրվել է դատավարական կարգավիճակ. նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ սպանության փորձ կատարելու մեջ։
Նախաքննությունը շարունակվում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր