Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

05 հուլ 2018 19:50

Ի՞նչ վիճակ է Վերին Լարսի անցակետում. պարզաբանում է փոխնախարարը

Արդեն մի քանի օր է, ինչ «Վերին Լարս» անցակետում են կուտակվում Հայաստանից մեկնող բեռնատար ավտոմեքենաներ, որոնք չեն կարողանում անցնել անցակետը: Շուրջ մի քանի հարյուրի հասնող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաները օրեր շարունակ վրաց-ռուսական «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետում սպասում են սահմանը հատելու իրենց հերթին, մինչդեռ բեռնախցիկներում բեռը փչանում եւ անպիտան է դառնում: Հայ վարորդները հայտարարում են, որ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվում եւ վրացական ավտոմեքենաներին թույլատրում են հեշտությամբ անցնել:

Ի՞նչ է արել հայկական կողմը խնդիրը կարգավորելու համար, մանրամասնեց ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

- Պարոն Փամբուխչյան, ի՞նչ իրավիճակ է տիրում այս պահին «Վերին Լարս»-ի անցակետում, արդյո՞ք այժմ էլ մեծ թվով բեռնատարներ կան հավաքված: Հայտնի է, որ մի շարք բեռնատարներ լիքն են պտուղ բանջարեղենով, ի՞նչ եք արել դրա հետ կապված:

- Մենք 3 օր է՝ ակտիվ համագործակցում ենք մեր դեսպանների հետ, մասնավորապես՝ Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ: Մենք ուղարկել ենք մեր ներկայացուցչին այնտեղ, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին: Մեր ներկայացուցիչը տեղում բոլոր վարորդներին բաժանել է մեր դեսպանատան հեռախոսահամարները, որպեսզի կապվեն եւ խնդիրների մասին տեղեկացնեն:

Արագ փչացող բեռների մասով, ես հայտարարել էի, որ եթե կան մարդիկ, որոնք տեղափոխում են արագ փչացող բեռներ եւ խցանման մեջ են, անձամբ դիմեն մեր նախարարություն՝ նշելով իրենց մեքենայի համարը եւ վարորդի անուն ազգանունը: Վրացական իշխանությունների հետ կար պայմանավորվածություն, որպեսզի այդ մեքենաները արագ սպասարկվեին, այսինքն` արտահերթ: 3-4 հոգի դիմեց եւ նրանք սպասարկվեցին այդ արտահերթ ռեժիմով: Մնացած բոլորը արդեն տեղում էին ծանոթացել եւ անմիջապես դիմել էին մեր դեսպանության աշխատակիցներին:

Վրացական կողմը մեզ հավաստիացնում է, որ խնդիրը իրենց մեջ չէ, այսինքն՝ մենք պետք է դիտարկենք ռուսական կողմի խնդիրները, որոնք այնտեղ թողունակությունը քչացրել են, որի պատճառով գոյանում են նման հերթեր: Ես այսօր կապի մեջ եմ եղել Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսի հետ, նա ներկայացուցիչ է ուղարկել` բանակցել են: Ռուսները ասում են, որ աննախադեպ քանակությամբ տուրիստներ են ժամանել եւ ժամանում են, դա է պատճառը եւ իրենք թողունակության հետ խնդիր չունեն, այլ պարզապես տուրիստների քանակն է խնդիրը: 5 կիլոմետրանոց հերթ է գոյացել, սակայն հերթը ոչ թե կանգնած է, այլ անցողիկ է:

- Նշվում է նաեւ, որ վրացական մեքենաները կարողանում են հանգիստ անցնել, դա ճի՞շտ է:

- Վրաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ինձ հավաստիացրել են, որ անցակետում առկա են տարբեր պետհամարանիշներով եւ տարբեր պետությունների մեքենաներ, այսինքն՝ նման խնդիր չկա: Բոլորն են հերթի մեջ` կողմնապահություն չկա: Ասում էին նաեւ, որ ռուսական կողմն է կողմնապահություն անում մեր մեքենաներին: Այս պահի դրությամբ մեզ խոստացել են, որ կարգավորումները այնպես կանեն, որ հերթը մաքսիմում օբյեկտիվ կառավարվի եւ թե՛ մեկնման, թե՛ ժամանման հետ մենք խնդիր չունենանք:

- Այսինքն, հնարավո՞ր չէ, որ քաղաքական ինչ-որ պատճառներից ելնելով կողմնակալություն լինի:

- Ինչքանով որ այնտեղի մեր իշխանության ներկայացուցիչները ներկայացրել են, սա կրում է միմիայն կենցաղային բնույթ: Անցյալ տարի էլ են նույն ձեւի հերթեր գոյացել, այսինքն՝ ընդհանրապես քաղաքական երանգներ տալ պետք չի, քանի որ ռուսական կողմից շատ են ժամանողները, հիմա մրգի շրջան է, տուրիստներն են շատ գնում` թե՛ ֆուտբոլի եւ թե՛ այլ բաների հետ կապված եւ միայն դա է խնդիրը, որ այս պահի դրությամբ այդ հերթերը գոյացած են:

Հավելեմ, որ Վրաստանում մեր դեսպանի ջանքերի շնորհիվ նաեւ ջուր է ուղարկվել այնտեղ, որպեսզի խցանման մեջ ընկած մեր վարորդները եւ բոլոր քաղաքացիները ջրի խնդիր չունենան:

Մենք ինտենսիվ աշխատում ենք միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի հետ եւ ցանկացած լուրջ խնդրի մասին մենք տեղեկանում ենք եւ ձեռնարկում ենք համապատասխան միջոցառումներ:

- Մոտավորապես՝ քանի՞ օրվա ընթացքում այս իրավիճակը կկարգավորվի:

- Ըստ իրենց խոսքերի՝ վրացական կողմում արդեն գրեթե կարգավորվել է այդ հարցը, նաեւ ձայնագրություն կար, որտեղ ներկայացուցիչն ասում է, որ մեքենաներն այնտեղ շատ չեն, բայց էլի շեշտում է, որ տարբեր պետհամարանիշներով մեքենաներ կան, նույնիսկ վրացական: Իսկ ռուսական կողմն էլ ասում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրենք ամբողջությամբ կաշխատեն, այսինքն՝ կսպասարկեն այդ 10 անցակետը համապատասխանաբար մարդկանցով, որպեսզի այս իրավիճակը լուծվի: Ես կարծում եմ, որ 1-2 օրվա ընթացքում այս իրավիճակը կհարթվի, որովհետեւ սա արդեն իրոք անընդունելի է դառնում, որովհետեւ մարդիկ գնում են այնտեղ եւ օրերով մնում են խցանման մեջ:

- Իսկ նախարարությունը բեռնափոխադրող ընկերություններին զգուշացրե՞լ է, որ գոնե այս 1-2 օրվա ընթացքում բեռնափոխադրումներ չպլանավորեն մինչեւ այս իրավիճակը կարգավորվի:

- Մեր կողմից բեռնափոխադրողներին զգուշացում չի եղել, բայց ամեն դեպքում տեղյակ ենք պահել ասոցիացիայի միջոցով եւ այլ մասնավոր կառույցների միջոցով, որոնք ինտենսիվ կապի մեջ են լինում նախարարության հետ: Առանց մեր տեղեկացնելու խնդիրը հնչեղություն է ստացել եւ բոլորն էլ գիտեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր