Ադրբեջանական թնդանոթներն աղմկում են Նախիջևանի սահմանին.Սպասում ենք, որ զոհերի թիվը հասնի տասնյակների՝ նոր աղմկե՞նք
Վերջին օրերին ահագնացող տեղեկատվություն է գալիս Նախիջևանի սահմանից դեպի Հայաստան արձակվող հրետանային համազարկերի շուրջ: Մամլո հաղորդագրությունների համաձայն, կան տուժածներ և զոհեր: Հայկական դիվանագիտությունը կրկին անգործության մեջ է: Չենք լսում եվրոպական խոշոր կենտրոններում մեր դեսպանների կողմից բարձրացված դիվանագիտական աղմուկ, չենք ստանում տեղեկություններ, թե ինչ է իրականում կատարվում սահմանի վրա: Լռում է նաև ՀԱՊԿ-ի ղեկավարը, ով ազգությամբ հայ է: Ինչո՞ւ: Սպասո՞ւմ ենք, որ Ադրբեջանն աղմուկ բարձրացնի այն մասին, թե ինչպես են հայերը զինադադարը խախտում: Սպասո՞ւմ ենք, որ մարդկային զոհերի թիվը հասնի տասնյակների՝ նոր աղմկե՞նք: Սպասո՞ւմ ենք, որ քառօրյա պատերազմը կրկնվի ավելի մեծ մասշտաբներով, որ արձագանքե՞նք: Անհասկանալի է:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) պատրաստ է իր ողջ հզորությամբ սկսել բացատրական աշխատանքներ բոլոր եվրոպական կառույցների և ակնառու քաղաքական կենտրոնների հետ՝ ներկայացնելու ադրբեջանական կողմի գործողությունների հնարավոր հետևանքները: Իսկ դրանք շատ կանխատեսելի են. իսլամական պետությունների կողմից բացվում է ևս մեկ պատերազմական օջախ Եվրոպայի քրիստոնեական ֆորպոստ հանդիսացող Հայաստանի և Արցախի դեմ: Ակնհայտ է, որ Եվրոպան չի կարող հանգիստ հետևել նման զարգացումներին, ինչպես նաև ԱՄՆ-ը և, հատկապես, Ռւոսաստանը: Պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձաքննության է ենթարկում հայ-ռուսական դաշինքի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության ամրությունը: Սա նաև հսկայական փորձություն է Ռւոսաստանի համար, որն ամբողջովին ընկղմված է ֆուտբոլի աշխարհի առաջնության մեջ և ստիպված է լինելու վարել, պատկերավոր ասած, «ֆուտբոլային դիվանագիտություն»:
ԵՀՄՖ-ը սպասում է ՀՀ ԱԳՆ արձագանքին, որպեսզի որոշակիացնի իր մոտակա քայլերը:
ԵՀՄՖ նախագահ՝
դոկտոր Աշոտ Գրիգորյան
Բրատիսլավա
04.07.2018թ.