«Սպառնում էր, որ կսպանի մեզ, եթե ես ծնկի չգամ իր առաջ». վարդավառ, որը չի մոռացվի
Կոտայք գյուղի 42 ամյա բնակիչ Ավետիք Սարգսյանը իր անձնական խայտառակությունն է համարում Վարդավառի տոնին՝ հուլիսի 8-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի առանձնատան բակում տեղի ունեցած միջադեպը: Ինչպես հայտնի է, Գասպարյանի եղբայրը զրկել է Ավետիք Սարգսյանին ազատությունից, կանչելով նրան իր տուն և փակելով դարպասի դռները, ապա ստիպել է ծնկի գալ իր առաջ, իսկ Գասպարյանի որդին հարվածներ է հասցրել նրան:
Պատմության սկիզբը, մի փոքրիկ դույլ ջուրն է եղել, որը Ավետիքի 12-ամյա դուստրը՝ Սոնան, Վարդավառի օրը նետել է Գասպարյանի եղբոր ավտոմեքենայի ուղղությամբ: Կարեն Գասպարյանը կանգնեցրել է մեքենան և, հարձակվելով երեխայի վրա, փորձել է նրա վզից բռնել և մտցնել առուն: Հայրը, բնականաբար, պաշտպանել է աղջկան: Երկու տղամարդկանց կռվի տեսագրությունը, որին փորձում են միջամտել հարևանները, հաշշված ժամերում տարածվել է համացանցով մեկ: Կռիվը շարունակվել է Գասպարյանի առանձնատանը: Ավետիքը ծեծված վիճակում ուղեղի ցնցումով հայտնվել է հիվանդանոցում:
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստել և ուղարկել է գլխավոր դատախազություն, նաև ծառայողական քննություն է սկսվել Կարեն Գասպարյանի որդու՝ ոստիկանության աշխատակից, օպերլիազոր Սերգեյ Գասպարյանի նկատմամբ: Նա, գյուղացիների վկայությունների համաձայն, ծեծի է ենթարկել Ավետիքին: Սերգեյ Գասպարյանի լիազորությունները ժամանակվորապես կասեցված են:
Գործը ՀՔԾ-ում է
Գլխավոր դատախազությունից Forrights.am-ին հայտնեցին. «Ոստիկանությունից ստացված նյութերը գլխավոր դատախազությունից ըստ ենթակայության՝ ուղարկվել են ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստումը շարունակելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու համար»։ Այսօր Ավետիք Սարգսյանին կանչել են հատուկ քննչական ծառայություն: «Ես մինչև վերջ գնալու եմ», - ասաց նա Forrights.am-ին:
Ավետիք Սարգսյանը փաստաբան չունի, մինչդեռ Վովա Գասպարյանի եղբայրը արդեն հասցրել է պաշտպան վարձել՝ փաաստաբան Արմեն Ֆերոյանին: Վերջինս երեկ հայտարարել է. «Լրատվամիջոցներով Կարեն Գասպարյանի մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ առկա են շատ հստակ ապացույցներ, որոնք ուղղակիորեն ապացուցում են դրանց շինծու և մտացածին լինելը: Մասնավորապես` առկա է ինչպես դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկի տեսագրությունը, այնպես էլ` Կարեն Գասպարյանի տան տեսագրությունը»:
Կինն ու աղջիկը հրճվում էին մեր ծնկի գալու վրա
Ավետիք Սարգսյանը, նրա հարևան Շուրա Մելքոնյանը նողկալի մանրամասներ են հաղորդում դեպքի մասին, և ինչպես և Ֆերոյանը, վստահ են որ տեսախցիկների տեսագրությունները արձանագրել են ողջ եղելությունը: Ըստ տուժողի, կռվից հետո Գասպարյանի օպերլիազոր որդին՝ Սերգեյը, Ավետիքին կանչել է իրենց տուն, վերջինս իր 70 տարեկան հարևանի և եղբոր զինակոչիկ որդու հետ գնացել են Կարեն Գասպարյանի առանձնատուն, որտեղ տեղի է ունեցել այն, ինչ Ավետիք Սարգսյանը որպես տղամարդ երբեք չի մոռանալու:
«Իրենք 8-ից 10 հոգի էին, համազգեստով չէին, քաղաքացիական շորերով էին, բայց ես իրենց դեմքերը չեմ ճանաչում: ՄԻանգամից չեն խփել ինձ: Ինքը՝ Կարենը, ինձ իմ հարևանի, եղբորս երեխայի ներկայությամբ, սպառնում էր, որ կսպանի մեզ, եթե ես ծնկի չգամ իր առաջ: Ասեց՝ ես հաճույք եմ ստանում նրանից, որ իմ առաջ չոքում ներողություն են խնդրում: Պետք է դու չոքես ներողություն խնդրես, թե չէ քեզ և երեխային սպանում եմ»:
Ինչո՞ւ դուք հավատացիք, որ նա իրոք, կսպանի: Այս հարցին տուժողը պատասխանեց. «Հավատացի, որովհետև նա ասեց՝ մեքենայի մեջ անձնական զենքեր ունեմ, ոչ մեկդ ողջ դուրս չի գալու, ես սպանելու եմ երկուսիդ էլ: Սկզբում ես ծնկի չիջա: Նրա տղեն ինձ անսպասելի հարվածեց: Էդ տղեն, որ սկզբից ասում էր՝ գնանք, պապայի հետ էլ խոսանք, վերջանա, գնա: Էդ ամեն ինչը մեր հարևան Շուռա Մելքոնյանի աչքի առաջ կատարվեց: Որ ասեցի, ես ծնկի չեմ գա, նույն րոպեին մեր հարևանը Շուռա Մելքոնյանը, ասեց, պետք է, ես ներողություն խնդրեմ, ծնկի գալը ո՞րն է: Ինքը / Կարեն Գասպարյանը/ բրդեց հարևրանին, ասեց՝ պտի ծնկի գաս, թե չէ, քեզ էլ, երեխուն էլ գյուլլում եմ: Որ եղբորս երեխուն տարան էն կողմը, ես էլ վախեցա երեխու համար, ծնկի իջա: Մյուս մարդիկ ուղղակի շրջապատել էին, սպասում էին»:
Ավետիք Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց վատ առողջական վիճակում է: «Սթրեսի մեջ եմ, ի՞նչ վիճակում պետք է լինեմ: Երեխայի ներկայությամբ ինձ նվաստացրել են, ու իրա կինն ու աղջիկն էլ էն կողմը հրճվում էին մեր ծնկի գալու վրա: Ես մինչև վերջ գնալու եմ: Էսօր իմ երեխու վրա հարձակվեց, վաղը մեկ ուրիշին է վնասելու», - պատմում է վիրավորված տղամարդը:
«Փաստաբանը ստում է»
Ավետիք Սարգսյանի քույրը՝ Հայկուհի Սարգսյանը պնդում է, որ փաստաբանը ստում է: Նա լսել է աղջնակին ուղղված Կարեն Գասպարյանի գոռոցները: «Տատիկիդ գնա ջրի, պապիկիդ գնա ջրի, հորդ մորդ, դու չգիտե՞ս, ես ով եմ: Ո՞վ ես դու, ո՞ւմ լակոտն ես դու»: «Նա շատ կոպիտ խոսքեր էր ասում, որը որ ինձ հարիր չի արտաբերել հիմա: Ինչու մենք պետք է իմանանք, ինը ով է: Թող ավտոյի վրա գրի իր անունը, որ բոլորը իմանան», - ասում է կինը:
Նա մի 10 օր առաջ որդու հետ եկել է Շվեդիայից: Տղան 8 տարեկան է: Մոր հայրենասիրական պատմությունները կլանելուց հետո եկել ու բախվել է հայկական իրականությանը, և առաջին տպավորություններից մեկը, որ ստացել է՝ Հայաստանի նախկին ոստիկանապետի եղբոր հայհոյանքներն ու բռնություններն են եղել, որոնք կատարվել են երեխայի աչքի առաջ:
«Մենք ուղղակի ապշած ենք, - ասում է Հայկուհի Սարգսյանը, - Մեզ մոտ Շվեդիայում շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում երեխաների իրավունքների պաշտպանությանը: Իսկ այստեղ ոչ ոք չասաց, որ բռնություն է կատարվել մանկահասակ երեխայի նկատմամբ: Ոստիկանները մեզ շատ անտարբեր ընդունեցին, մի կերպ: Եղբորս աղջիկը, Սոնան ինքն իրեն է մեղադրում կատարվածի համար, որովհետև գիտի, որ իր հայրը հասարակ գյուղացի է, անօգնական է կալվածատերերի դեմ: Մենք ուրախ եկել էինք Վարդավառ տոնելու, բայց հանցագործների պատճառով մենք շատ տխրել ենք: Հարցը մարմնական վնասվածքը չէ, այլ հոգեկան ճնշվածությունն է, իմ եղբորը նվաստացրել է, որը երեք անչափաս երեխայի հայր է»:
Բարբարոսություններին միացել են Գասպարյանի ընտանիքի անդամները: Աղջիկը, որը երեխաներին վախեցրել է էլեկտրաշոկով: «30 տարեկան աղջիկ կար, նրա եսիմ ինչն էր, իմ հետևից ասեց՝ ձեր հետևից գալու են; Եւ իրոք, իրենք եկան մեր հետևից», - պատմում է Հայկուհին:
«Կարենը քմծիծաղ տվեց: Իրա հաճույքը ստացավ, պրծավ»:
Սարգսյանների հարևան, 70-ամյա Շուրա Մելքոնյանը համարում է. կատարվածը «ստորություն» է: «Դա ստորություն էր իր կողմից: Մարդուն ստիպեցին, որ պետք է չոքես ու ներողություն խնդրես չոքած: Ես միջամտեցի, ասեցի՝ լավ, ներողությունը հասկացանք, բա չոքածը ո՞րն է: Թե՝ ես դրանից հաճույք եմ ստանում: Դա է մարդկանց մակարդակը: Ասեց, չոքում ես, չոքի, եթե չէ՝ զենքով վերջացնում եմ, խփում եմ քեզ: Մոտ 8-10 մարդ էր հավաքված, բոլորի շունչը կանգնել էր: Դա վերջին ստադիայի ստորացումն էր իրենց կողմից, որը կանի միայն ամենավերջին գազան մարդը: Չի կարելի, չի թույլատրվում նման բան»: Մեր հարցին, թե ինչ արեց Կարեն Գասպարյանը երբ Ավետիքն այնուամենայնիվ ծնկի եկավ իր առաջ, Շուրա Մելքոնյանը պատասխանեց. «Կարենը քմծիծաղ տվեց: Իրա հաճույքը ստացավ, պրծավ»:
Սադիստական գործողություններից, մարդուն նվաստացնելուց ընտանյոք հանդերձ հաճույք ստանալը կարող է մի բան նշանակել՝ որ Կարեն Գասպարյանը և նրա որդին նախկինում էլ են իրենց ինքնասիրությունը նման հաճույքներով շոյել: Կոտայք գյուղում այս մասին ոչինչ չգիտեն:
Նախկին ոստիկանապետի եղբայր Կարեն Գասպարյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետն է: Ապրում է Երևանում: Գյուղ գալիս-գնում է ժամանակ առ ժամանակ: Նրա առանձնատունը բարձր բետոնյա պատով է առանձնացված մնացյալ աշխարհից, և ինչ է այնտեղ կատարվում, գյուղացիները չգիտեն: Գյուղացիները չգիտեն, արդյոք Վովա Գասպարյանի եղբայրը նախկինում էլ է տղամարդ նվաստացրել, թե ոչ:
«Նա իրենց տան պահակին ու բոլորին վախեցնում է միշտ: Ինքը քֆուրներով, հայհոյանքներով բոլորին վախեցնում է, նա չի շփվում գյուղացիների հետ», - պատմեց գյուղի կանանցից մեկը: