Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

21 հուլ 2018 10:52

Լրբերը սրբեր են դառել, սերը սրբել են տարել

Լրբերը սրբեր են դառել, սերը սրբել են տարելԻշխանափոխությունից (վերջին օրերին տեղի ունեցածից հետո չեմ համարձակվում հեղափոխություն ասել) հետո Նոր Հայաստանում նոր «քոլեր» են աճել, այդ «քոլերից» էլ հսկայական քանակով «բիբարներ» են աճել ու որոշել, որ Հայ Առաքելական եկեղեցին փրկության կարիք ունի, իրենք էլ հենց «փրկիչներն են» եւ կաթողիկոսին փոխելով պետք է փրկեն եկեղեցին: Այսինքն` սրանք «ուրիշ քոլի բիբարներ են»:
Ամենասկզբից ընտրությանն անդրադառնալով հարց է ծագում` ո՞վ է այս սատանայի վերակացուների դեմքով աքլորներին համոզել, որ իրենք հզոր են, հրոտ, հրածին, որ իրենք կբերեն փրկությունը մեր եկեղեցու:
Մինչ այսօր հայտնի չէ` այս կորուսյալները կաթողիկոսի՞ն են ուզում հրաժարեցնել, թե՞ եկեղեցին քանդել: Երկու մտադրություններն էլ դատապարտված են ձախողման: Քանի որ նրանք կաթողիկոսին կարող են հրաժարեցնել այնպես, ինչպես ես կարող եմ պայթեցնել, ասենք, Պենտագոնը: Իսկ եթե ցանկանում են քանդել մեր եկեղեցին, ապա թող համոզված լինեն, որ ես ու իմ նման հազարավորները նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես ինձ հետ կվարվեին ամերիկացիները` Պենտագոնը պայթեցնելու փորձից հետո:
Եւ հետո, եթե որեւէ մեկն այս ամբոխի գլուխը հեշտությամբ լցոնել է այն գաղափարով, որ իրենք «նոր խաչակիրներ» են եւ պետք է փրկեն Հայոց եկեղեցին, ապա ես պատրաստ եմ երկարատեւ բացատրական աշխատանք տանել նրանց հետ եւ ապացուցել, որ, ա՛յ ընկերներ, ախր դուք ինքներդ փրկության եւ փրկչի կարիք ունեք, քանի որ նախաձեռնել եք մի բան, որի մոտեցումն առաջին հերթին սխալ է, եւ երկրորդ`այն իրագործելու համար փոքր եք, գաճաճ: Եթե ուզում եք, ձեր ձեւակերպմամբ` «փրկել եկեղեցին», ապա ինչո՞ւ եք պղծում այն, ինչո՞ւ եք Վեհարանի տարածքը դարձրել ճաշարան, ինչո՞ւ եք տարածքում վրաններ խփում, ծննդյան արարողություններ կազմակերպում: Չե՞ք հասկանում, որ աչքը նորոգելու փոխարեն ունքն էլ եք փչացնում:
Ջրի կաթիլի պես պարզ է, որ այս մարդկանց նպատակն ամենեւին էլ կաթողիկոսի հրաժարականը չէ, այլ Հայոց եկեղեցու հիմքերի խարխլումն ու կործանումը: Նրանք թքած ունեն եկեղեցու որեւէ վիճակի վրա, որի վառ ապացույցն են վերոհիշյալ եւ չնշյալ փաստերը: Այս պնդումը եւս մեկ անգամ ամրագրում է այն օտարերկրյա կերակրատաշտի գործունեությունը, որը կերակրում է այս «փրկիչներին»:
Մյուս կողմից, շատ զարմանալի ու տխրեցուցիչ է հայ մտավորականության լռությունը: Մինչդեռ ամենաառաջինը հենց նրանք պետք է կանգնեին Վեհարանի ու ամբոխի միջեւ, կաթողիկոսի ու բողոքողների միջեւ, հենց նրանք պետք է կոչ անեին երկրի ղեկավարությանը` կանխել այս խայտառակությունը: Բայց ձայն չկա, եւ այդ լռությունն էլ ուղիղ համեմատական է մտավորականության կշռի հետ:
Լավ, ամեն ինչ ու բոլորը մի կողմ, ո՞ւր է նայում երկրի ղեկավարությունը, ենթադրենք մտավորականները չեն խառնվելու, իսկ լռելո՞ւ է իշխանությունը, ինչո՞ւ չի միջամտում, ո՞նց հասկանանք այս ամենը: Ախր սա Երեւանի քաղաքապետարանի շենքը չէ, սա Մայր աթոռ Ս. Էջմիածինն է, Հայ Առաքելական եկեղեցու հիմքը: Այստեղից դուրս պրծած մեկ-երկու Պետրոս Գետադարձի ու Տեր Ավետիսի փոխարեն այստեղ են ամուր կանգնել հզոր հայրապետներՙ Գեւորգ Չորեքչյանը, Խրիմյան Հայրիկը, Գեւորգ Սուրենյանցը եւ այն հարյուրավոր հոգեւորականները, որոնք հայ ազատագրական պայքարի անբաժան մասն են կազմել:
Չի կարելի շահարկման առարկա դարձնել այն սուրբ վայրը, որտեղից հնչած զանգերը բեկում են մտցրել այնպիսի բախտորոշ ճակատամարտի մեջ, ինչպիսին Սարդարապատի հերոսամարտն էր:
Եթե նույնիսկ որոշ մարդիկ անկեղծ են պահանջում կաթողիկոսի հրաժարականը, ապա դա պետք է արվի լրջությամբ, խոնարհությամբ, աղոթքով, պարկեշտ մարդկանց կողմից, սեղանի շուրջ հավաքվելով, անկեղծ զրույցի շուրջ, առանց Վեհարանի տարածքը լրբերի սրբացման արարողավայր դարձնելու:
ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր