Լարված իրավիճակ՝ մեղրեցիների և ռուսական սահմանապահների միջև
Արդեն մի քանի ամիս է ինչ Մեղրիի միջհամայնքային ճանապարհի չորս կետերում Մեղրիում տեղակայաված ռուսական սահմանապահ զորամասը անցակետեր է տեղակայել:
Նշված կետերով անցնելիս սահմանապահները ստուգում են վարորդների անձագրերը, գրանցում ավտոմեքենայի համարը, ֆիքսում ավտոմեքենայում գտնվող ուղևորների քանակը:
Նշված ճանապարհին են գտնվում Մեղրիի համայնքի մի քանի գյուղեր, մեծ այգիներ և մարդիկ իրենց գյուղ հասնելու և գյուղից դուրս գալու համար ստիպված են մի քանի անցակետեր անցնել:
Մեղրեցիները բողոքում են, որ ուղղակիորեն խոչընդոտվում է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը:
Հատկապես վրդովված են տվյալ տարածքների այգետերերը, որոնք իրենց այգի հանելու համար ամեն օր մի քանի անգամ ստիպված են ներկայանալ:
-Մենք մեր համայնքում կարծես գաղութում լինենք, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս նվաստացումները,- ասում է նրանցից մեկը:
-Շուտով սկսվելու է բերքի իրացման շրջանը և բազմաթիվ մթերողներ են գալու, իրավիճակն էլ ավելի է սրվելու, այնպես որ այս հարցը պետք է շուտափույթ լուծել,- ավելացնոմ է երկրորդը:
Քաղաքացիներից մեկն էլ նշում է, որ դեռևս մայիսի 18-ին անձամբ հանդիպել է զորամասի հրամանատարի, նրա 2 տեղակալների և իրավաբանի հետ, ներկայացրել հասարակությանը հուզող խնդիրը. հատկապես Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասը տանող ճանապարհի անցակետի մասին, առաջարկեելով խնդիրը մեղմացնելու նպատակով այն տեղափոխել քաղաքի վարչական տարածքից դուրս: Բայց հարցն այդպես էլ լուծում չի ստացել:
Ականատեսները պատմում եմ, որ վերջին օրերին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծվում անցակետերի մոտ, վիճաբանություններ են տեղի ունենում անցորդների և անցակետի սահմանապահների միջև:
Իրավիճակը գնալով սրվում է: Մեղրեցիները հոգնել են ամիսներ շարունակ ներկայանալուց, բորբոքվում են ժամանակի անիմաստ վատնումից, սեփական համայնքում ազատ տեղաշարժվելու խոչընդոտներից և պատկան մարմիններից հարցի շուտափույթ լուծում են պահանջում: