Ե՛վ Ռուսաստանում, և՛ Հայաստանում կան լուրջ փորձագետներ և շոումեններ՝ սադրիչներ

Պարոն Սուշենցով, ինչո՞ւ են հայ-ռուսական հարաբերություններում ավելի հաճախակի «ջրի երես» դուրս գալիս խնդրահարույց թեմաներ: Սրանք զուտ քաղաքական շահարկումնե՞ր են, թե՞ երկկողմ հարաբերություններում առկա են լուրջ խնդիրներ:
Կարծում եմ, այստեղ կան թե շահարկումներ, թե իրական մտահոգություններ... Որոշակի միջադեպեր կամ հայտարարություններ ճիշտ չեն ընկալվում դառնալով փոխադարձ քննադատության պատճառ: Բանն այն է, որ երկու պետությունները թեպետ դաշնակիցներ են և ունեն միմյանց համար շատ մեծ նշանակություն, սակայն որակավորված փորձագետների պակաս կա: Օրինակ Հայաստանում չկան Ռուսաստանի հարցերով մասնագիտացած փորձագետներ: Նրանց տեղը մեդիա դաշտում հաճախ զբաղեցնում են մարդիկ, որոնք շահարկումներ են անում և ՌԴ-ի մասին մտածում են կարծրատիպերով, միֆերով ու լեգենդներով: Նրանք չգիտեն իրականում ինչպիսի քաղաքական հարաբերություններ են Ռուսաստանում, ինչպես են այնտեղ որոշումներն ընդունվում և այլն: Սակայն այդ մարդկանց հայտարարությունները որևէ կապ չունեն երկկողմ իրական քաղաքական հարաբերությունների հետ: Այդ հարաբերություններում կան գործոններ, որոնք հայ֊ռուսական կապերը շատ հաստատուն են դարձնում չնայած այն հանգամանքին, թե ՀՀ-ում ով է եկել իշխանության:
Մի քանի օր առաջ Շիրակի Փանիկ գյուղում ՈԴ ռազմաբազայի զինծառայողների կրակոցների միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ-ում: Վարչապետ Փաշինյանն այն հայտարարեց որպես սադրանք՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Ռուսաստանցի որոշակի փորձագետներ Փաշինյանի հայտարարությանը սվիններով ընդունեցին նշելով, որ սադրանք է ՀՀ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գորավարժություններին:
Գիտեք, փորձագետները հաճախ անպատասխանատու մարդիկ են, քանի որ պետական դիրքորոշում չեն հայտնում և լուրջ պարտավորություններ չունեն: Տվյալ հայտարարություններին ես մեծ նշանակություն չէի տա, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը շատ նորմալ է նայում Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի փորձերին: Ռուսաստանում հասկանում են ինչպիսի գեոտնտեսական վիճակում է գտնվում Հայաստանը՝ երկու կողմից բլոկադա, ՌԴ-ի հետ սահմանի բացակայություն, ԼՂ հակամարտություն և այլն: Այս իրավիճակում նորմալ է, որ Հայաստանը նոր ուղղություններ ու իր համար ռեսուրսների հավելյալ աղբյուրներ է փնտրում: ՀՀ իշխանությունները ևս ռեալիստ են և հասկանում են, որ ԵԱՀԿ ԱԽ համանախագահներից ԼՂ հակամարտության էսկալացիայով առավել քիչ հետաքրքրված է Ռուսաստանը: Սա բնական է, քանի որ այս հակամարտությունն աշխարհագրորեն մեզ շատ մոտ է և միանգամից սպառնալիքներ կստեղծի Ռուսաստանի ներքին անվտանգության համար:
Ռուսաստանը շատ զուսպ արձագանքեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացներին, որը բավականին տարօրինակ էր: Ինչո՞ւ։
Ռուսաստանում լավ են հասկանում, որ Հայաստանը չունի ՆԱՏՕ-ական օրակարգ: Բացի այդ Հայաստանում դեռևս անցումային կառավարություն է և մեծ սպասելիքներ չկան արտաքին քաղաքականության տեսանկյունից: Ռուսաստանը հետաքրքրված հետևում է, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում և Մոսկվան շահագրգռված է, որ ամեն ինչ անցնի սահմանադրական ճանապարհով: Մոսկվան համագործակցելու է ՀՀ-ում իշխանության եկած յուրաքանչյուր քաղաքական ուժի կամ կառավարության հետ:
ՌԴ-ում փորձագիտական ո՞ր կառույցներին ու փորձագետներին է պետք լուրջ ընդունել, իսկ որոնց՝ ոչ:
Այս հարցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ-ում բացակայում են Ռուսաստանի վերաբերյալ որակյալ փորձագիտական վերլուծությունները: Եթե դրանք լինեին և իրենց արժանի տեղն ունենային մեդիայում, ապա Դուգինի կամ մյուս փորձագետ կոչվածների հայտարարությունները լուրջ չէին ընկալվի: ՀՀ-ում ևս ՌԴ վերաբերյալ բավականին ոչ ադեկվատ կարծիքներ են հնչում, անգամ առ այն, որ ՌԴ-ն սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ Այս կարծիքները նկատելի են, սակայն դրանց մեծ ուշադրություն չի դարձվում, քանի որ լավ հասկանում են, որ երկու պետություններում կան լուրջ փորձագետներ և շոումեններ։ Շոումենները նրա համար են, որ անեն աղմկահարույց հայտարարություններ, դա իրենց հացն է, նրանք այդպես փող են աշխատում: Իսկ եթե ուզում եք լուրջ փորձագետների անուններ լսել, որոնց պետք է իսկապես լուրջ ընդունել, ապա դրանք են ՝ Սերգեյ Մարկեդոնովը, Նիկոլայ Սիլաևը, Ֆյոդոր Լուկյանովը, Վլադիմիր Դեգուևը և այլն: Նրանց կողքին կան էմոցիոնալ, սադրիչ մարդիկ, որոնք երբեմն մեկնաբանոթյուններ են անում անգամ ստրեսային իրավիճակներում:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում