էս ճանապարհով 10 զոհերի մահվան հանգամանքները հաստատ չեն պարզվելու.Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան

- Ռոբերտ Քոչարյանը պատրաստվե՞լ է այս հարցաքննությանը, գիտի՞, թե ինչ է իրեն սպասվում, և ինքն ինչ է պատասխանելու, քանզի այս թեմայով 10 տարի շարունակ օդում կախված հարցեր կան, և այս իշխանափոխությունը, փաստորեն, բացառիկ շանս է տվել թե ձեզ՝ պաշտպանվելու հասարակության մեղադրանքներից, թե հասարակությանը՝ ի վերջո իմանալու ճշմարտությունը:
- Ես իմ պատասխանը կբաժանեմ երկու մասի: Չկա որևէ հարց, հանգամանք կամ որևէ փաստ՝ կապված Մարտի 1-ի վերաբերյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որևէ գործողության հետ, որը գաղտնիք հանդիսանա, և որի վերաբերյալ պատասխաններ չլինեն: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ այդ հանգամանքների վերաբերյալ հատուկ պատրաստություն է պետք: Դրանք հանրահայտ փաստեր են, դրանց մեծ մասը հրապարակայնացված է, այնպես որ՝ ոչ նոր հորինելու բան կա, ոչ ինչ-որ պատրաստվելու հարց կա: Մյուս կողմից, մենք շատ կարևոր մի հարցի պետք է պատասխանենք նախևառաջ՝ իսկ որքանով է օրինական այն գործը, այսպես կոչված՝ «նոր դրվագը», որը հարուցվել է Մարտի 1-ի գործով: Կան բազմաթիվ հիմքեր պնդելու համար, և այդ հիմքերը տալիս են իրավաբանների հետ զրույցները, որ այս նոր դրվագը բացարձակապես մտացածին է, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներին, ԿԸՀ որոշումներին, չի համապատասխանում օրենսդրությանը և գլխիվայր է շուռ տալիս պատմությունը: Ինչո՞ւ․ կարծում եմ՝ դուք ինձնից լավ գիտեք, որովհետև, եթե հավատանք այն հանգամանքներին, որ մեջբերում է ՀՔԾ-ն, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը, որը փորձում էր տապալել սահմանադրական կարգը, հիմա ստացվում է՝ ինքը սահմանադրական կարգի կրողն էր կամ ներկայացուցիչը, և այդ սահմանադրական կարգն ինչ-որ մեկը տապալել է: Սա, իմ կարծիքով, նոնսենս է: Հիմա այս երկու պատասխանները միավորենք: Հասարակությունից թաքցնելու որևէ բան Ռոբերտ Քոչարյանը չունի էդ թեմաներով, և այդ պատասխանները, որ ինքը պետք է տա, իմ կարծիքով՝ սակավաթիվ են, և էստեղ առանձնապես պատմելու շատ բան չկա: Մյուս կողմից, մեծ հարց է՝ այս գործն ո՞ւր է տանում, սա օրինականություն հաստատելու և Մարտի 1-ը բացահայտելո՞ւ փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու փորձ: Սա մեծ հարց է, որին դեռևս պետք է պատասխանել:
- Դուք չունե՞ք այդ հարցի պատասխանը: Ամեն դեպքում, տասը տարի այս գործը յոթ կողպեքի տակ փակված էր, այսօր իշխանություն է փոխվել, և այդ իշխանությունն ուզում է բացահայտել այն: Այսինքն՝ ինչո՞ւ պետք է հաշվեհարդար լինի՝ բացի արդարությունը վեր հանելուց և տասը զոհերի պատասխանատուներին բացահայտելուց:
- Էսպես ասեմ, մի բան ակնհայտ է, որ էս ճանապարհով տասը զոհերի մահվան հանգամանքները հաստատ չեն պարզվելու: Սա ակնհայտ է, որովհետև սա փորձ է ոչ թե դիտարկել իրականությունը, այլ իրականությունը վերաձևակերպել ու պարզապես վերանայել պատմական իրադարձությունները, որը ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև դատապարտելի:
Ամբողջական՝ «Հրապարակ»թերթի օրվա համարում