Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր կներկայացնեն կալանավորման որոշման դեմ բողոքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն այսօր կբողոքարկվի վերաքննիչ դատարան: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից:
Թե առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելիս հիմքում ի՞նչ է դրել, այս փուլում պաշտպանը չի շտապում բացահայտել:
Արամ Օրբելյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ մեղադրանքի էությունը՝ պաշտպանական կողմի համար անհասկանալի է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Նշենք, որ ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի էլ՝ այս ամենը պատվեր է, իսկ թե ում կողմից է պատվեր տրվել՝ փաստաբանը չի մանրամասնում:
Միևնույն ժամանակ Սահակյանը հայտարարել էր, թե նախաքննական մարմին գործի նյութերի մի մասը թաքցրել է և չի տրամադրում պաշտպանական կողմին, ինչով խախտում է զենքերի հավասարության եվրոպական կոնվենցիայով նախատեսված սկզբունքը:
«Փաստինֆո»-ի հարցին էլ ի պատասխան Հատուկ քննչական ծառայության լրատվականից ասացին՝ ՀՔԾ-ն առաջնորդվում է բացառապես օրենքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է՝ հետևաբար ավելորդ են համարում մեղադրանքի որոշման վերաբերյալ որևէ մեկնաբանում տալ: