25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալի բացահայտումը.խոշտանգել են ցուցմունք կոռզելու համար
![25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալի բացահայտումը.խոշտանգել են ցուցմունք կոռզելու համար 25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալի բացահայտումը.խոշտանգել են ցուցմունք կոռզելու համար](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1534741488_1534489716-2873.jpeg)
Չափահասության շեմը նոր հաղթահարած Վահագ Մարուքյանը չէր պատկերացնում, որ իր կյանքը կվերածվի քաոսի: Արդեն 25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալն երազում է ազատության մասին:
Վահագ Մարուքյանի եղբայրը`Հուսիկ Մարուքյանը ScanNews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ողբերգության մանրամասներին:
Կատարվածի պաշտոնական ձևակերպումը այսպիսին է` ավազակային հարձակման ժամանակ, փոխադարձ կրակահերթի հետևանքով, Վանաձորի ռազմական ոստիկանության պետի սպանության համար մեղադրվել է խմբի անդամներից միայն 18 ամյա Վահագն Մարուքյանը: Մարուքյանը Գերագույն դատարանի վճռով դատապարտվել է մահապատժի, սակայն նախագահՌոբերտ Քոչարյանը որոշեց «ներում» շնորհել մահապատժի դատապարտվածներին և մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Վահագն Մարուքյանին վիճակված էր անցնել դաժան փորձության միջով: 18 ամյա տղան չէր ընդունում իր հանցանքը, այն է` մարդ չի սպանել, միայն ավազակային հարձակման մասնակից է եղել: Վահագնին խոշտանգել են ու դաժան ծեծի արդյունքում կորցրել է առողջությունը: Նա արդեն 5 տարի գամված է հաշմանդամության սայլակին և նոր իշխանությանն է դիմում խնդրանք-պահանջով` վերականգնել արդարությունը և թույլ տալ, որ 25 տարի անց տուն վերադառնա:
Վահագնը ցավում է, որ իրենց չմտածված արարքի պատճառով զոհեր են եղել: Եղբայրը նշում է, որ Վահագն էլ «զոհ» էր ու նրա խորտակված կյանքն այլևս հնարավոր չի փոխել, գոնե թող ազատ արձակեն, որ խնամող ունենա:
Նշենք, որ խմբի մյուս տղաները դատապարտվել են միայն ավազակային հարձակման համար:
Վահագն Մարուքյանը դատապարտվել է մեկ մարդու ցուցմունքով` ոստիկանության պետի տեղակալը հավաստել է, որ կրակողը Վահագն է եղել, չնայած շատ մութ է եղել ու հնարավոր չէր այդքան ճշգրիտ տարբերակել մարդուն:
Նշենք, որ դատավճռի հիմքում դրվել է նաև Վահագն Մարուքյանի ինքնախոստովանական ցուցմունքը:
Վահագն իր գրած բաց նամակներից մեկում նշել է, որ իրեն խոշտանգել են, որ չգործած հանցանքի համար պատասխան տա.« Եկան ասեցին՝ Վահրամ Խորխոռունին իրա շքախմբով եկել ա ու հրաման ա տվել, որ եթե չի ասում, որ ինքն ա, ուրեմն քաղմասից հանեք ու խփեք: Առավոտ գիշերով հանեցին դռան դեմը, հրեցին ու կրակեցին հետևիցս: Հիմա էլ գնդակը մարմնիս մեջ ա: Դրանից հետո ասեցի՝ ինչ կասեք, էն էլ կգրեմ: Ու իմ վրա վերցրեցի սպանությունը: Էլ ուրիշ ճար չունեի»:
Եղբայրը փաստում է` բարեբախտաբար գնդակը դեռ Վահագնի մարմնի մեջ է. «Դատարանում նշել են, որ գուցե Վահագնը վիրավորվել է դեպքի ժամանակ, բայց դա այդպես չէ, քանի որ նա բերման է ենթարկվել առողջ վիճակում և տեղափոխվել է Վանաձորի ոստիկանության կենտրոնական բաժանմունք, երեք օր պահվել է բաժանմունքում: Այդ ժամանակ Անդրանիկ Միրզոյանը եղել է ՀՀ հատուկ կարևորագույն գործերով քննիչը և նրա կարգադրությամբ են Վահագնին դուրս հանել ու կրակել վրան: Այդ ժամանակ ներկա է եղել նաև Վանաձորի Ոստիկանության պետ` Արամ Նազարյանն և Ռազմական ոստիկանության զոհված պետի տեղակալ Շահում Տիգրանյանը, որից հետո արնաքամ լինելու պատճառով Վահագնին տեղափոխել են զորամասի հոսպիտալ, որտեղ հետազոտությունը ցույց է տվել, որ գնդակը մարմնում է: Բժիշկը վիրահատություն է առաջարկել, սակայն ոստիկանները պահանջել են վիրահատությունից անիմիջապես հետո տեղափոխել ոստիկանության բաժանմունք: Առավոտյան եղբայրս տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ: Վահագնը հույս է ունեցել, որ Գերագույն դատարանում արդարադատությունը կբացահայտի դեպքի մանրամասները, սակայն չնայած այն հանգամանքին, որ մահացածի կինը դատարանում փաստում է, որ չի հավատում, որ ամուսնուն սպանել է 18 ամյա Վահագը և վերջինս հայտարարում է, որ ինքը չի սպանել, այնուամենայնիվ Ռազմական ոստիկանության պետի տեղակալ Շահում Տիգրանյանը պնդում է, որ կրակել է Վահագ Մարուքյանը: Նշեմ, որ դեպքի վայրում Շահում Տիգրանյանը բազմաթիվ կրակոցների (19 հրազենային փամփուշտ) արդյունքում սպանել է Վահագնի գործով ընկերոջը` Ռոբերտ Օհանյանին (Տխուր): Վահագնը դատարանին հարցրել է` Տիգրանյանը ինչո՞ւ սպանեց հենց Ռոբերտին և ոչ թե ինձ: Նա դատավորին հայտնել է, որ կտտանքների է ենթարկվել ու քաղմասից հանելուց հետո կրակել են իր վրա: Վահագնը հարցրել է` ի՞նչ փախուստի մասին է եղել խոսքը և ո՞նց է քաղմասում «Մակարովի » գնդակը հայտնվել իր մարմնի մեջ: Վահագնը նկատել է, որ Տիգրանյանի վրա գրանցված զինատեսակը եղել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, սակայն նշում են, որ ինքը վիրավորվել է «Մակարով» ատրճանակի փամփուշից: Ինչի կալաշնիկովը Մակարովի փամփուշտ է կրակո՞ւմ»:
Վահագն Մարուքյանը վստահ է, որ ինքը դատվել է պատվերով և դատավորի խղճին չի իր կորսված կյանքը:
Վահագն Մարուքյանը 20 տարի պատժաչափը լրանալուց հետո պարբերաբար իր վճիռը բողոքարկել է տարբեր ատյաններում, սակայն դեռևս ցմահ դատապարտյալին ազատ արձակելու նախադեպ չկա:
Մարուքյանը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կշտկի օրենքի բացը: Նա նամակներ է հղել վարչապետին և Արդարադատության նախարարին:
Հ.Գ Վահագն Մարուքյանի առողջական վիճակը ծանր է, սայլակին գամված դատապարտյալը դժվարությամբ է հոգում բնական կարիքները: