ՀՔԾ-ն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանել
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1533035595_2113544.thumb1_.jpg)
Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, «Ազատությանը» փոխանցել է ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Երեկ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն «Ազատությանն» ասել էր, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ «Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ»,- ասել էր փաստաբանը:
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:
Այսօր Արամ Օրբելյանը «Ազատությանն» ասաց, որ ՀՔԾ-ի որոշմանը դեռ ծանոթ չեն, և դրան նախկին նախագահի պաշտպանական խումբը կանդրադառնա վաղը: