Լավ եղել ենք ու լավ էլ կլինենք, անհանգստանալու կարիք չկա,մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզ
Հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու որևէ բան չկա, մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզ:
Սեպտեմբերի 6-ին Ազգային Ժողովում այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Մեր գործընկերների համար անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում. 10 օրվա ընթացքում իշխանափոխություն տեղի ունեցավ ու իշխանության եկավ մի ուժ, որը եղել է ընդդիմություն: Գերտերությունները, ոչ միայն Ռուսաստանը, ուսումնասիրում են Հայաստանի այսօրվա իշխանությունը»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են պահպանել լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Անհանգստանալու որևէ բան չկա հայ-ռուսական հարաբերություններում: Դրանք լավ մակարդակի վրա են, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ավելի լավանան»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում: Կողմերը բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցություններ կվարեն:
Սա կլինի Փաշինյանի երրորդ այցը Ռուսաստան. ավելի վաղ նա Պուտինի հետ հանդիպել էր մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ապա հունիսի 13-ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության շրջանակում: