ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանակարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը:
Այդուհանդերձ, եկել է լուրջ քաղաքական երկխոսության և, ինչն էլ ավելի կարևոր է` արդյունավետ աշխատանքի պահը: Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր` մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից: