Քաղաքացին հերթերի պատճառով տասը օրվա ընթացում չի կարողանում մաքսազերծում իրականացնել. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և Խաչատուրով փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը խոսեցին ավտոմաքսազերծման խնդիրներից, Նորագավիթի մաքսատանը կայանալիք բողոքի ակցիայի և ՊԵԿ-ի կողմից խոստացած բարեփոխումների մասին:
Գայանե Պապոյանը նշեց, որ ինվոյսների հետ կապված երկակի ստանդարտներ են կիրառվում. «Նորագավիթի մաքսատանը կիլոմետրանոց հերթեր են առաջանում, և դրա պատճառներից մեկն այն է, որ Բագրատաշենում մաքսազերծում չեն իրականացնում: Քաղաքացին հերթերի պատճառով տասը օրվա ընթացում չի կարողանում մաքսազերծում իրականացնել, և ստիպված մաքսային պահպանության են հանձնում՝ օրավարձով: Ստացվում է, որ մաքսային մամինը նպաստում է, որ տասնօրյա ժամկետում քաղաքացիները չկարողանան իրականացնել մաքսազերծումը: Բագրատաշենից քաղաքացիներն
ահազանգում են, որ Վրաստանից տրանսպորտային միջոց գնելուց հետո գնման ակտն են ցույց
տալիս, բայց պարտադրում են անպայման ինվոյս ունենալ, և քաղաքացիները 2000 դրամ վճարում
ու ձեռք են բերում: Առաջարկում ենք կառուցվածքային բարեփոխում՝ և՛ կադրային, և՛ կահավորման առումով, որպեսզի նաև թարգմանչական ծառայություն լինի, որ հերթագրվելու համար սարք լինի՝ կտրոններով, քանի որ երբեմն վեճեր են առաջանում: Առաջարկում ենք կարմիր և կանաչ լույսերի գաղափարը ներմուծել, եթե քաղաքացին մաքսային մարմնի հետ կապված վեճ չունի, թող նրա համար ավելի պարզ գործընթաց գործի: Առաջարկում ենք նաև, որ ՊԵԿ-ը վճարովի ծառայություն ստեղծի, որ ոչ աշխատանքային օրերին ևս ծառայություն լինի, ինչը կնպաստի նաև արտաբյուջտային ֆոնդի լրացմանը»,- ասաց փաստաբանը:
Արտակ Խաչատրյանն էլ ասաց,
որ իրենց առաջարկների նպատակն այն է, որ նախկին ռեժիմով աշխատանքը դադարեցվի, հարմարավետ լինի, այդ թվում՝աղջիկների համար:
Նա նաև ասաց, որ այս հարցերի շուրջ քննարկում են ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալի հետ և որոշ հարցերի շուրջ համաձայնության են եկել.«Մաքսատանը շատ ավելի ուրիշ հիմնարկի աշխատողներ կան, քան մաքսատան աշխատողներ, միայն, երևի, պաղպաղակ վաճառողներ չկան: Երկիրը զարգացման ուղի է բռնել, բայց մաքսատունն իր ամեն ինչով 90-ական թվականներին է մնացել»,-ասաց Արտակ Խաչատրյանը, հավելելով, որ չնայած որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածության են եկել, սակայն երկուշաբթի նախատեսում են Նորագավիթի մաքսատանը բողոքի ակցիա իրականացնել, քանի որ, ամեն ինչ դանդաղ է ընթանում,
բայց սպասելու ժամանակ չկա: