Էրեբունի հիվանդանոցում վիրահատությունից հետո հիվանդը արյան վարակ է ստացել ու մահացել.բազմաթիվ բարձրորակ մասնագետներ են հեռանում

Սեպտեմբերի 19-ին՝ մինչև լույս, և ցերեկը՝ ողջ օրվա ընթացքում, հիվանդի ինքնազգացողությունը շատ վատ է եղել: Նա անընդհատ գալարվել է ցավերից, չի կարողացել միզել, փորը սկսել է ուռչել և քարանալ, վերքի մեջ դրված դրենաժի կողքը սկսել է կապտել. «Երևի մի 100 անգամ լացելով գնացել, էդ բժշկին ասել եմ, որ ամուսինս շատ վատ է, որ փորը քարանում է, որ վիրահատությունը չի օգնել նրան, բայց ոչ մի բան չէին անում: Ցավազրկում էին, մոմիկ էին դնում, որ աղիները գործեն»,- պատմում են կինը և մյուս հարազատները: Նրանց խոսքով՝ վիրահատող բժիշկը՝ Հրաչյա Ալեքսանյանը, բաժնի վարիչի հետ մի երկու անգամ եկել նայել է և ասել՝ ոչինչ, կանցնի, լավ կլինի: Բայց ցավերը գնալով ավելի են սաստկացել, դրենաժի կողքը այտուցվել ու կապտել է: Հիվանդի հարազատները ինչ-որ ծանոթ մարդ են գտել, որ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների մասին տեղեկացրել է հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին / նա հիվանդանոցի սեփականտեր Հարություն Քուշկյանի փեսան է/:
Արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, առավոտյան Մանուկյանն անձամբ գալիս է հիվանդասենյակ, հրավիրում է նաև այլ բժիշկների և Անդրանիկ Անտոնյանին շտապ երկրորդ վիրահատության են ենթարկում՝ փաստորեն լեղապարկի հեռացման վիրահատությունից մոտ 32 ժամ անց: Երկրորդ վիրահատությունից հետո բժիշկները հարազատներին ասում են, որ լեղապարկի հեռացումից հետո հիվանդի մոտ՝ տասներկումատնյա աղիում առաջացել է ստրես խոց, որը պայթել է ու լցվել մաշկի տակ, այդ պատճառով նրա մոտ զարգացել է սեպսիս՝ արյան վարակ:
Երկրորդ վիրահատությունից հետո՝ մոտ 10 օր Անդրանիկ Անտոնյանը շատ ծանր վիճակում գտնվում էր Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Նրա կյանքի և մահվան կռիվը ի վերջո հոկտեմբերի 1-ին՝ գիշերը ժամը 22: 40-ի կողմերը, ավարտվեց մահով: Այս 10 օրերի ընթացքում Անդրանիկ Անտոնյանի հարազատները ամեն օր մի քանի անգամ հանդիպել են բժիշկների հետ, քննարկել հիվանդի վիճակը: Նրանք փաստում են, որ բժիշկները երկրորդ վիրահատությունից հետո արել են ամեն ինչ՝ հիվանդի կյանքը փրկելու համար, դիալիզի ապարատ են միացրել, անհրաժեշտ դեղորայք տվել, և այդ ամենի համար հարազատներից գումար չեն վերցրել: Բայց հարազատները նաև համոզված են՝ արյան վարակի պատճառը լեղապարկի անհաջող վիրահատությունն է եղել և, որ ավելի վատ է, անտարբերությունը կամ անփութությունը: Փաստորեն, ավելի քան 32 ժամ հիվանդի ինքնազգացողությունը ծայրահեղ վատ է եղել, նրա մոտ սեպսիս է զարգացել, իսկ բժիշկները դա չեն նկատել և քայլեր չեն ձեռնարկել: Հարազատները հակված են դատի տալ բժշկին ու հիվանդանոցին:
Հոկտեմբերի 1-ին՝ Անդրանիկ Անտոնյանի մահվան օրը, լեղապարկի վիկրահատություն իրականացրած բժիշկը՝ Հ. Ալեքսանյանը հեռացվել է աշխատանքից: Այդ մասին մահացած հիվանդի հարազատներին ասել է Էրեբունի ԲԿ-ի տնօրեն Մ. Մանուկյանը: Երբ մահացածի հարազատները Մ. Մանուկյանին ասել են, որ պատրաստվում են դատի տալ ՝վերջինս նշել է, թե նման դեպքեր էլի են եղել և իրենք դրան պատրաստ են: Թերևս այս հիվանդանոցում վերջին տարիներին հմտացել են փաստաբաններ վարձելու գործում: Փոխարենը, մեր տեղեկություններով բազմաթիվ բարձրորակ մասնագետներ Էրեբունի ԲԿ-ից հեռանում են :