Գերմանիայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների ու արաբների միջև
Գերմանական Բիլեֆելդ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել արաբների և ադրբեջանցիների միջև, վեճը սկզիբ է առել տեղի թուրքերից մեկին պատկանող հագուստի խանութում:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական Report գործակալությունը, ի սկզբանե կոնֆլիկտ է ծագել տեղի խանութներից մեկի արաբ այցելուի ու խանութի տիրոջ միջև, որն ազգությամբ թուրք էր:
Նշվում է, որ արաբ այցելուի պահվածքը խանութում վրդովվեցրել է տեղի տիրոջը, ինչն էլ վեճի առիթ է դարձել: Այդ պահին խանութում գտնվող ադրբեջանցի Ալի Զամանովը նկատել է վիճող կողմերին ու փորձել հանգստացնել տղամարդկանց: Սակայն արաբը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, վիրավորել է նաև ադրբեջանցուն, ինչին ի պատասխան Զամանովը հարվածել է նրան:
Խանութի արաբ այցելուն հանդիպման ժամ է նշանակել ու կանչել ադրբեջանցուն հաշիվները մաքրելու: Նրա հետ միասին եկել է նրա հայրենակիցների մի խումբ, Զամանովին նույնպես եկել են աջակցելու տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Ի վերջո, կողմերի միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով կռվի որոշ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:
Հայտնի է, որ իրավապահները ձերբակալել ու դրամական տույժի են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին հասարակական կարգի խախտման համար: