Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

28 փետ 2019 17:07

Քիմիական նոր զե՞նք են սարքել, որ գաղտնի են պահել. Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի անձնակազմը՝ լուծարման որոշման մասին

Քիմիական նոր զե՞նք են սարքել, որ գաղտնի են պահել. Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի անձնակազմը՝ լուծարման որոշման մասինՄշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, թե Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա, դերասանական կազմը մի կուրսից է եղել: Թատրոնը հիմնվել է ինստիտուտի ակտիվի հիման վրա: Մեր երկրորդ չափանիշն այն է, որ, եթե թատրոնը պետք է մնա ամբողջությամբ պետական դոտացիայի տակ, ուրեմն պետք է ունենա ժանրային առանձնահատկություն: Իսկ իրենց թատրոնը որևէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված, դրա համար մենք ուղղակի առաջարկում ենք, որ այն մտնի ինստիտուտի կազմի մեջ, և ուսանողական հարթակի ու դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոնի միջև եղած կապող օղակ լինի, որտեղ կլինեն տարբեր ռեժիսորներ, ուսանողներ, նոր ավարտածներ, կդրվեն փորձարարական ներկայացումներ:
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն ՊՈԱԿ-ի անձնակազմն անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ նշեց.
«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին, երբ Սոս Սարգսյանը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կուրս չի ունեցել: Թատրոնը հիմնադրել է Սոս Սարգսյանը՝ իր համախոհներ Դավիթ Հակոբյանի, Կարինե Ջանջուղազյանի, Գալյա Նովենցի, Կարեն Ջանիբեկյանի, Շահում Ղազարյանի և այլոց հետ:
Նշված մարդկանցից և ոչ ոք չի եղել Սոս Սարգսյանի ուսանողը: Համազգային թատրոնը չի սպասարկել որևէ կուսակցական շահ, թատրոնի խաղացանկում չեն եղել կուսակցական գաղափարախոսություն տարածող ներկայացումներ: Ինչ վերաբերում է թատրոնի՝ ամբողջական դոտացիայի տակ լինելու մասին հայտարարությանը, ապա ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեից թատրոնին հատկացվող դոտացիան մասնակի է, որն ամբողջությամբ ուղղվում է թատրոնի անձնակազմին տրվող աշխատավարձերի ֆոնդին, իսկ բեմադրությունների կազմակերպման և մնացած ընթացիկ ծախսերը վճարվում են թատրոնի տոմսերի վաճառքից և նվիրատվություններից ձևավորվող տարեկան արտաբյուջեից: Թատրոնի ժանրային առանձնահատկության բացակայության վերաբերյալ էլ հայտնում ենք, որ ՀՀ-ում գործունեություն իրականացնող որևէ թատրոն կամ մշակութային հաստատություն ժանրային առանձնահատկության պարտադրանք չունի»:
Ինչ վերաբերում է մի շարք ՊՈԱԿ-ների լուծարման մասին տեղեկանքը գաղտնի պահելուն՝ դերասան Դավիթ Հակոբյանը նկատեց.
«Քիմիական նոր զե՞նք են սարքել, որ գաղտնի են պահել: Թափանցիկության խնդիր կա: Այսինքն, մենք իրավունք չունե՞նք իմանալ, թե ի՞նչ են մտածում մեր մասին: Փառք ու պատիվ նրան, ով տարածեց սա: Հիմա տեսե՛ք, կառավարության կողմից մեսիջ կա բոլոր նախարարություններին, որ ճանապարհներ գտնեն ավելորդ հաստիքների կրճատման համար: Սա նորմալ է, բայց օպտիմալացնում են այնտեղ, որտեղ ոչինչ չի արվում, անգործության են մատնված և գումար են մսխում: Բայց, օպտիմալացնել թռիչքի մեջ գտնվող, ապրող կառույց, նման է նրան, ոնց որ բժիշկը դիտավորյալ առողջ մարդու թոքը կտրի»:
Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ու գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ խոսելով հետագա անելիքների մասին՝ ասացին, որ թույլ չեն տալու, որ նախագիծը հաստատվի: «Սրա մեջ տեսնում ենք միտումնավոր կամայականություն»,- նկատեց Արման Նավասարդյանը:
Թատրոնի տնօրենը հայտնեց նաև, որ Մշակույթի փոխնախարարին հրավիրել են ներկայացումներ դիտելու, բայց նա չի եկել: «Չեն եկել, հետաքրքիր չի իրենց: Ավելի լավ է՝ չնայեն ու նման որոշումներ կայացնեն, քան գան նայեն, բա որ հավանե՞ն ներկայացումը, այդ դեպքում ի՞նչ որոշում են ընդունելու»,- նշեց Արման Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպություններից որոնք է առաջարկվել լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Այսպես՝ առաջարկել են լուծարել. «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը: Լուծարման հիմք նշված է այն, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր