Երկու ծանր օր խորհրդարանում

Վարչապետի ներկայացրած թվերը հուսադրող են, ի տարբերություն նրա ընդդիմախոսների այն քննադատության, թե ոչինչ չի արվել մեկ տարում, ամեն ինչ վատ է: Վարչապետն ասում էր, թե անցած տարում, չնայած երեք վարչապետի փոփոխության, երկու նոր համապետական ընտրությունների` հնարավոր է եղել տնտեսական անկայունություն թույլ չտալ, խուսափել հետընթացից: Նա իր դրական թվագրումների մեջ նշում էր հիպոթեկային վարկավորման ծավալների մեծացման եւ տոկոսների նվազման դրական դինամիկան, գյուղատնտեսական վարկերի տոկոսների նվազման եւ այլ փաստեր: Միգուցե նաեւ արտերկրի զանազան հաշիվներից Հայաստանից անօրինական կերպով դուրս բերված որոշակի գումարների վերադարձով (չնայած` այդպիսի գործընթացի բարդությանը) հնարավոր լինի դրական դինամիկան անշրջելի դարձնել, մեր կյանքի էական, նկատելի եւ շոշափելի բարելավման արձանագրում անել: Մանավանդ` Փաշինյանը «տնտեսական հեղափոխության» իրագործումն ի վերջո տարավ- հասցրեց երջանիկ լինելու, միմյանց հյուր գնալու, միմյանց հետ շփումով երջանիկ լինելու բանաձեւին: Նա մի քանի անգամ նշեց, թե երկրում փողի խնդիր չկա` պետությունը բանկային համակարգի հետ արդյունավետ համագործակցում է, կա այդ փողի արդյունավե՛տ օգտագործման խնդիր:
Նրա ելույթից պարզ դարձավ, որ համապատասխան միջազգային փորձաքննություններից հետո միգուցե ե՛ւ Թեղուտի, ե՛ւ Ամուլսարի հանքավայրերը կաշխատեն, կախված կլինի փորձաքննության արդյունքներից: Նա կողմ էր բարձր որակավորմամբ անձանց բարձր աշխատավարձերի քաղաքականությունը խթանելուն` «պպզելու» սովորույթին պետք է փոխարինի բարձր կրթությամբ բարձր աշխատավարձի համար պայքարելու մղումը: Արտաքին ոլորտում ցնցումներ չպետք է լինեն, թեեւ արդեն եկել է նաեւ այդ ոլորտում Հայաստանի ներկայացուցիչների աշխատանքին համարժեք գնահատական տալու ժամանակը:
Չգիտենք, կապրենք-կտեսնենք: Շատ բան ասվեց, մանավանդ`վարչապետին յոթ տասնյակի չափ հարցեր ուղղվեցին, ու նա բոլոր հարցերին փորձում էր ըստ էության պատասխանել, բավական կանգ առավ գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ պրոբլեմների վրա: Անգամ խոստացավ ջրօգտագործողների միություններում ստուգումներ անցկացնել, տեսնելու համար, թե ինչպես է, որ միության ղեկավարը «Բրաբուսով» է շրջում, բայց վատ է կառավարում ոլորտը եւ տապալում ոռոգման գործը, դեռ աշխատավարձի պարտք կուտակում աշխատակիցներին:
Եւ վերջում` Փաշինյանի մի պատասխան առանձնացնենք այն քննադատությանն ի պատասխան, թե արտաքին ոլորտում միակողմանի համագործակցություն է, եւ, օրինակ, ԱՄՆ ուղղությամբ համագործակցությունը կաղում է. «Իսկ ԱՄՆ-ը ինչպես արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցող աննախադեպ փոփոխություններին` գործնականում զրո արձագանք», հակադարձեց վարչապետը, դրա պատճառների մեջ նշելով նոր իշխանության կողմից մեր երկրի ինքնիշխանության կարեւորումը.«Դրան լուրջ ենք վերաբերում բոլոր ուղղություններով», ասաց, եւ ըստ նրա` ՀԱՊԿ- ում ոչ թե ձախողել ենք, այլ հաջողել, մեր նկատմամբ հարգանքը մեծացել է, Սիրիա էլ գնացել ենք մեր ինքնիշխանության ու պատմական առաքելության նպատակներով: Նա առաջարկեց ընդդիմախոսություն կառուցելիս կրքեր բորբոքելու տրամաբանությունից այլեւս չելնել` հին դիսկուրսից դուրս գալ, քանի որ այդ դիսկուրսը իշխանություն պահելու, կոռուպցիոն դրսեւորումներ թույլ տալու, ընտրություն կեղծելու դիսկուրսն է, իսկ իր օրակարգում իշխանություն պահելու հարց գոյություն չունի.«Մեզ այստեղ բերել է ժողովուրդը, եւ կարող է հեռացնել ժողովուրդը»,-ասաց:
Մարիետա Խաչատրյան