Զեղչը տարածվեց նաեւ տղայիս՝ Աշոտի վրա. սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել

Որդուն՝ զինծառայող Աշոտ Փաշինյանին այցելած Փաշինյանների ընտանիքը ճաշել է Արշակ Զաքարյանին պատկանող ռեստորանում, որտեղ վարչապետը պահանջել է ՀԴՄ և աշխատակիցները նկատել են, որ ՀԴՄ տպող սարքը չի աշխատում և այդ մասին տեղեկացրել են նրան:
Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանն աշխատակիցներին մեղադրել է «զինվորի հաց ուտելու» մեջ, ապա զանգահարել է Արցախի Պետնախարարին և պահանջել է, որպեսզի տուգանեն ռեստորանի սեփականատիրոջը, որից հետո այցելել են Արցախի Հարկայինի աշխատակիցներն ու տուգանել ռեստորանին:
Արշակ Զաքարյանն էլ նշեց, որ ռեստորանը հարկերը վճարում է հաստատագրված վճարով և ՀԴՄ չտրամադրելը չի կարող հարկ թաքցնել համարվել:
«Ես և իմ ընկերները շատ չեմ խորանա՝ ինչեր ենք արել բանակի համար, մենք դարձանք զինվորի հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «Քաղաքացիական պայմանագիրն» էլ զինվորին հաց տվողն էին, հա՞: ...Այդպիսի աղմուկ բարձրացնելն ու մեզ զինվորի «հաց ուտող» անվանելն ուղղակի վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, վայել չէ ՀՀ վարչապետին ու ընդհանրապես տղամարդուն: Նախ, քանի որ այդ ՀԴՄ-ով ոչինչ չի լուծվում, մենք հաստատագրված հարկ ենք վճարում: Մենք ապրում ենք սարերում, այստեղ բիզնես դնելը հեշտ չի, եթե որևէ բան է պատահում մոտակա խանութը Սոտքի վտանգավոր ոլորաններով պետք է 65 կիլիոմետր գնաս, որ մի բան գնաս: Պետք է հասկանալ իրավիճակը, ոչ թե մանիպուլյատիվ օգտագործել այդ ճղճիմ ու շատ ամոթալի ձևակերպումը: Ես այս մասին չէի խոսի, եթե մեզ չմեղադրեին «զինվորի հաց ուտելու մեջ», մենք զինվորին հաց տվող ենք: Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է»,-ասել էր Արշակ Զաքարյանը՝ նշելով, որ վրդովված է վարչապետի հասցված անձնական վիրավորանքից:
«Եթե մարդիկ հաց են ուտում ու փչանում է ՀԴՄ մեքենան, ո՞րը պետք է լինի մեր գործողությունները. մարդկանց հանե՞նք դուրս, ի՞նչ անենք, ասում են չէ՝ պարտավոր ենք ունենալ պահեստային ՀԴՄ մեքենա, մեկի փոխարեն երկուսը պետք է առնենք: Միգուցե կա նման օրենք, ես չեմ էլ ուզում դա քննարկել, ես այդ օրենքից տեղյակ չեմ: Ինձ տուգանելը ընդհանրապես խնդիր չէ, ուզում եմ իրենք հասկանան, այդ տուգանքը ոչինչ չի անում, 10 անգամ կարող են ինձ տուգանել: Մարդկային առումով է սխալ: Այդ բարձր պաշտոնյային բացատրում են, ասում են աշխատողները, ինչ է պատահել: Մանավանդ որ աշխատողը իր համակիրներից է, ցավոք սրտի, ինքը էդ համակիրն էլ կորցրեց էդ վերաբերմունքի պատճառով»,- նշեց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կիրակի օրը տեղի ունեցած միջադեպին։
Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում:
Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա:
Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում):
Այդ ընթացքում իմացել էի, որ քաղաքացիների խումբ է եկել, որ ինչ-որ հարց է ուզում ինձ հետ քննարկի: Ռեստորանից դուրս եկա, երեւի մի քսան րոպե զրուցեցի քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվեցի. ՀԴՄ կտրոնը բերեցի՞ն: Ոչ ոք տեղյակ չէր: Ներս մտա, հարցրեցի. ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել եւ այլն եւ այսպես շարունակ ու այդպես էլ կտրոն չտվեցին:
Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայու՞մ, չեք տեսնու՞մ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարեւորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետեւ շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:
Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու եւ նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիներին:
Հ.Գ. Հաշիվը բերելիս ասացին, թե իրենց մոտ զինվորները տասը տոկոս զեղչ ունեն եւ այդ զեղչը տարածվեց նաեւ մեր զինվոր Աշոտի վրա: Ահա, այսպիսի հայրենասիրական քայլ: Բայց սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցը օրենքով նախատեսված կարգով լուծեք եւ դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: Եւ նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի:
Հ.Գ. -2 Քանի որ հիմա սկսվելու են բազմաթիվ հրապարակումներ լույս տեսնել այդ օրը այդ ռեստորանում բացված «էլիտար» սեղանների եւ «ճոխ» ուտեստների մասին, միանգամից ասեմ, որ 39 հազար դրամ է կազմել մեր հաշիվը: Էս գործի սիրահարները թող նայեն, թե ինչ կարող են տեղավորել այս աննախադեպ թվաբանության մեջ: Ասեմ նաեւ, որ Աշոտը կիրակի օրով զորամասի տարածքը մի քանի ժամով լքել է օրենքով սահմանված կարգով, ինչպես մեր մյուս բոլոր զինվորներն են անում: Փաստաթղթերը անձամբ եմ ստուգել»։