Եթե իրավիճակը չմեղմվի, ականատես կլինենք ռազմական գործողությունների. Արցախի նախագահի խորհրդական
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1550489735_964622.jpg)
Araratnews.am-ը զանգահարեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին՝ իմանալու, թե ինչո՛ւ է Ադրբեջանն այսքան ակտիվ: Նախագահի խորհրդականը հիշեցրեց՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինժեներական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ: «Դրական փոփոխություն եղել է միայն հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման առումով, իսկ ինժեներական աշխատանքներ եւ տարբեր բնույթի զորավարժություններ եղել են: Այսինքն՝ Բաքվի ակտիվությունը չի էլ նվազել»,- ասաց նա:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի ակտվությունը պայմանավորված է բանակցությունների չվերսկսմամբ: «Ճիշտ է, հանդիպումներ եղան, որքան էլ լավատեսական հայտարարություններ եղան, բանակցային դաշտ չձեւավորվեց»,- նկատեց է մեր զրուցակիցը:
Տիգրան Աբրահամյանը կարծիքով՝ հակառակորդի ակտիվությունը առաջնագծում իրավիճակի սրացման կհանգեցնի, քանի որ Բաքուն շանտաժի հին մեթոդով է առաջնորդվում:
Արդյո՞ք սա լայնածավալ պատերազմի նշան չէ: Արցախի նախագահի խորհրդականը Ադրբեջանի ակտիվությունը համարեց սպառնալիք եւ իրավիճակն արագ փոփոխվելու նշան. «Առաջնագծում տեսանելի գործընթացները հիմք են տալիս պնդելու՝ շատ կարճ ժամանակում մենք ականատես ենք լինելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Եթե իրավիճակը կտրուկ չփոխվի, Ադրբեջանը հետ չկանգնի իր արկածախնդրությունից, միջազգային հանրությունը գործուն քայլեր չձեռնարկի իրավիճակի լիցքաթափման համար, կլինի իրավիճակի առավել լարվածություն»:
Հնարավո՞ր է, որ լարվածության պատճառը լինի Թուրքիայի ակտիվությունն Ադրբեջանում՝ ազերի զինվորների վերապատրաստումը հանգեցրել է հրադադարի ռեժիմի խախտման աճին: «Մի քանի զորատեսակներ կան, որոնք վերապատրաստվում են Թուրքիայի տարբեր ստորաբաժանումներում: Առաջինը հատուկ ստորաբաժանումներն են, որոնք իրենց ակտիվ ներկայությունն ունեն մարտական գործողություններում: Ադրբեջանը երբեք էլ չի հերքել, որ իրենց ստորաբաժանումները վերապատրաստվում են Թուրքիայում: Էլ չեմ ասում Թուրքիայի հայտարարությունը Արցախի խնդրի մասին ու ընդհանրապես նրա բացասական ազդեցությունը»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը: