Միշտ էլ հայկական բանաձևը, որպես մահակ օգտագործելով, ցանկանում են դաստիարակել մեզ.Թուրք նախարար

Ստամբուլում ընթացող Սևծովյան կազմակերպությունների հավաքին ելույթ ունեցած Սոյլուն մասնավորապես ասել է. «Ամերիկան էլ, Եվրոպան էլ երբ ցանկացել են այս ժողովրդին հարվածել, միշտ հայկական բանաձև են օրակարգ բերել: Դա արել են մեզ իբրև ջարդարար ազգ ներկայացնելու համար, մեզ մեկուսացնելու համար»:
Սոյլուն ակնարկել է, որ այժմ որոշ հարցերում Թուրքիայից կախված լինելու պատճառով այդ երկրները փոխել են իրենց քաղաքականությունը:
«Թուրքիան Սիրիայի հարցում սիրիացիների համար ընդունելի քաղաքականություն է որդեգրել: Այժմ ողջ աշխարհից իմ գործընկերնրը, փախստականների հարցերով զբաղվող բոլոր կազմակերպությունների ամենաբարձրաստիճան ղեկավարները այստեղ են գալիս, քանի որ փախստականների խնդիրը ես եմ վերահսկում: Գալիս են, նայում են ճամբարները (Թուրքիայում հիմնված սիրիացի փախստականներ ճամբարներ-խմբ.), ծանոթանում փախստականների կենսապայմաններին: Գնալիս ասում են, որ մենք մեծ ժողովուրդ ենք: Մինչդեռ դրանից առաջ կար մի աշխարհ, որը հայկական բանաձևը, որպես մահակ օգտագործելով, ցանկանում էր դաստիարակել մեզ»: