Տեսանյութ. Ծեծկռտուք Ախալքալաքում հայերի և ոստիկանության միջև
Ախալքալաքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՃՈ աշխատակիցների և երկու վարորդների միջև:
Բախումը տեղի է ունեցել Ազատության փողոցում, այն բանից հետո, երբ Մերսեդեսի վարորդը կանգնել է հասկանալու համար, թե ինչու են ոստիկաններն ուզում տուգանել մոտոցիկլետի վարորդին:
Jnews-ը հայտնում է, որ ոստիկանները Մերսեդեսի վարորդին հորդորել են շարունակել ճանապարհը, սակայն վերջինիս հրաժարվել է դա անել՝ հայտարարելով, որ այդ փողոցում ապրում են իր հարազատները: Դրանից հետո ոստիկանները նրան դուրս են բերել ավտոմեքենայից և սկսել են հարվածներ հասցնել:
Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել են, որ ՃՈ աշխատակիցները վարորդին կանգնեցրել են խախտման համար: Սակայն տեղացիները դիմադրություն են ցույց տվել իրավապահներին:
Ինչպես հայտնում է «Ջավախք Մեդիա»-ն, քաղաքացիներից մեկը վատացել է և բարձր ճնշումով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Կադրերում երևում է, թե ինչպես պարեկային ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ գործադրելով քաղաքացուն դուրս են բերում մեքենայից։
Միջադեպի արդյունքում բերման ենթարկվածներն ավելի ուշ ազատ են արձակվել:
Մամուլի տեղեկություններով՝ տուժածն Ախալքալաքի բնակիչ Մեխակ Խաչատրյանն է: