Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

13 հուն 2019 14:12

Արսեն Թորոսյանն էժանագին, մանիպուլյատիվ շահարկումներ է արել. Առողջապահական տեսչական մարմին

«Ցավում ենք, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը, որին վստահվել է ոլորտային քաղաքականության մշակման պատասխանատվություն, դիմում է նման էժանագին և մանիպուլյատիվ շահարկումների, չբերելով ոչ մի հստակ փաստարկ և դիրքավորվելով բացառապես հուզականության դաշտում:
Իսկ իրականում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր ողջ մասնագիտական ներուժով աջակցում է բոլոր այն հանրային առողջապահական ծրագրերին, որոնք իրականացվում են՝ պահպանելով մեր երկրի գործող օրենսդրությունը, չեն պարունակում մեր հայրենակիցների առողջությանը անդառնալի վնասներ հասցնելու հնարավոր ռիսկեր և ունեն պատշաճ ապացուցողականություն և գիտական հիմնավորվածություն:
ՀՀ առողջապահության նախարարը, տիրապետելով նախնական տեղեկատվության, որ մեր մարմինը, օրենքով սահմանված կարգով և ամբողջությամբ իր լիազորությունների շրջանակներում , այս պահին իրականացնում է վարչական վարույթներ հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում, որի շրջանակներում ուսումնասիրվում է իմունոկանխարգելման գործընթացի կազմակերպման ողջ շղթան, և հավանաբար գիտակցելով հայտնաբերված խախտումների համար պատասխանատվության իր բաժինը ունենալու հետևանքների բեռը՝ որպես այդ գործնթացի կազմակերպման պատասխանատու, փորձում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել տեսչական մարմնին և թույլ չտալ ավարտին հասցնել վարույթները:
Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չի կաշկանդվելու որևէ հրապարակումից կամ կադրային փոփոխությունների սպառնալիքից և իրականացնելու է իր առաքելությունը՝ մնալով բացառապես գործող օրենսդրության շրջանակներում:
Մենք խորապես գիտակցում ենք այն պատասխանատվության բեռը, որը դրված է տեսչական մարմնի վրա, որպես առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում վերահսկողություն իրականացնողի, և մեր ողջ գործունեությունը միտված է պաշտպանելու ազգաբնակչության առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ է լինում պարբերաբար սթափեցնելով որոշ արկածախնդիրների և ստիպել նրանց հարգել մեր երկրի օրենսդրությունը և դուրս չգալ նրա սահմաններից:
Տեղեկացնում ենք նաև, որ հաշվի առնելով հայտնաբերված խախտումների մեջ առերևույթ հանցակազմի առկայության նշանները, նյութերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին’ համապատասխան ընթացք տալու նպատակով»,- նշված է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքացուց ստացած դիմումի հիման վրա տեսչական մարմինը տուգանել էր Արսեն Թորոսյանի ընկեր, բժիշկ Վահե Տեր-Մինասյանին՝ հեռուստաթերթում Գարդասիլ պատվաստանյութը գովազդելու համար:
«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով տեսչական մարմնի որոշմանը՝ Արսեն Թորոսյանն ասել էր. «Շատ անհեթեթ վարչական վարույթ է իմ կարծիքով, որովհետև նույն տրամաբանությամբ ինձ էլ կարող էին տուգանել, որովհետև ես էլ եմ շատ հաճախ խոսում այդ մասին։ Ես ու հարյուրավոր մարդիկ խոսել ենք այդ մասին թե եթերում, թե եթերից դուրս։ Ես կարծում եմ, որ դա տեսչական մարմնի կողմից արված միտումնավոր քայլ էր՝ մեր հանրային առողջապահական ծրագրերին դեմ»:
Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ Առողջապահական խորhրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։
Ըստ թերթի, Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել է՝ «պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր