Թրամփը թող հիշի՝իրանցիներն ավելի համախմբված են դառնում, երբ նրանց սպառնում են. Լարիջանի
Իրանցիներն ավելի համախմբված են դառնում, երբ նրանց սպառնում են: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, փոխանցում է The New York Times-ը:
«Պարոն Թրամփը պետք է հիշի, որ երբ ինչ-որ մեկը քաղաքակիրթ ազգի հետ սպառնալիքի լեզվով է խոսում, այդ ազգն ավելի է համախմբվում»,- ասել է Լարիջանին:
Նա հավելել է, որ ԱՄՆ առաջնորդի սպառնալիքները միայն միավորել են Իրանի տարբեր քաղաքական շարժումներին:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «Իրանը կրակի հետ է խաղում»:
Բացի այդ, Սպիտակ տունը խոստացել է Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրել այնքան ժամանակ, մինչև Իրանի իշխանությունները չփոխեն իրենց ռազմավարությունը:
Նշենք, որ Թեհրանը հուլիսի 1-ին հայտարարել է, որ ավելի շատ ցածր հարստացված ուրան է կուտակել, քան թույլատրված է 2015 թվականի միջուկային համաձայնագրով:
Հիշեցնենք, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ 1 տարի անց Իրանը հայտարարել էր 60 օրվա ընթացքում ծրագրի որոշ կետերի պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին: ԳՀՀԾ-ի պարտավորություններից մասնակի հրաժարումն Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ առանց եվրոպական երկրների հավանության միջուկային ծրագրից դուրս գալուն ի պատասխան առաջին քայլն է: