Տեսանյութ.Հայաստանն ընդամենը մանրադրամ է.Հայաստանը կկորցնի տարածքներ հարավում, «Զանգեզուրի միջանցքը» կճեղքվի, Նախիջևանն ու Ադրբեջանն էլ կմիանան Թուրքիային          Փաշինյանը սպառնացել է՝բերետավորներին մտցնելու եմ գյուղ       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

11 հուլ 2019 18:06

Երեխայի զարգացման համար չափազանց կարևոր է նրա մոր երգած օրորոցայինը

Հուլիսի 10-ին «Ականջդ օրոր կանչի» խորագրով սեմինար-քննարկումը ազգագրագետի, հոգեբանի ու երգչուհու հետ բազմաթիվ մայրիկների էր բերել Լոֆթ:   
 
«ԳիՀԻ» գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր, ազգագրագետ և հոգեբան Լիլիթ Սիմոնյանը և նույն կենտրոնի հոգեբան, թրեյնինգավար Լիլիթ Մանուկյանը երեկոյի ընթքացքում ներկայացրին հայոց օրորոցային երգերը, դրանց նշանակությունն ու խորհրդանիշները, իսկ երգչուհի Անուշ Արշակյանն իր գեղեցիկ կատարումներով հնչեցրեց շատ գեղեցիկ օրորոցայիններ: 
 
Երեխայի դաստիարակությունը սկսվում է վաղ մանկությունից: Ու երեխայի հետ աշխարհի ծանոթացումը կատարվում է օրորոցայինների միջոցով: Դրանք այն առաջին պատմությունները, հեքիաթներն են, որով երեխան սկսում է ճանաչել աշխարհն ու այն միջավայրը, որտեղ ծնվել է: 
 
«Ինչպիսի՞ լեզվով կարելի է խոսել դեռևս չծնված երեխայի հետ, ի՞նչ է զգում երեխան, երբ դեռ գտնում է մոր արգանդում, ի՞նչ է զգում երեխան, երբ նոր է ծնվել: Սրանք դժվար է բացատրել: Բայց խոսքի, փաղաքշանքի, օրորոցայինների միջոցով մայրը կարողանում է կոնտակտ, կապ հաստատել երեխայի հետ: Երեխայի ու մոր այդ զրույցը, որտեղ մայրը խոսում կամ երգում է, իսկ երեխան լսում է, այն կապն է, որ միավորվում են երեխայի ու մոր տիեզերքները: Մենք պետք է հասկանանք, որ կա մի հարթություն, որտեղ անգամ դեռ չծնված կամ նոր ծնված երեխան հենց այդ կապի միջոցով է կարողանում է հասկանալ մեր քաղաքակրթությունը, սկսում է ծանոթանալ դրա հետ»,- սեմինարի սկզբում ասաց Լիլիթ Սիմոնյանը: 
 
Մեր օրերում շատ մայրիկներ օրորոցայինները չեն երգում իրենց երեխաների համար, լավագույն դեպքում միացնում են գեղեցիկ երաժշտություն կամ որևէ մեկի կողմից կատարվող օրորոցայիններ, ինչը մայր- երեխա կապի ամրապնդմանը չի նպաստում:  
 
Ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանի խոսքով՝ մեզ հասած ու գրառված օրորոցայինների մեջ կան բարբառային բառեր, որոնց իմաստը չեն հասկանում ծնողները և գուցե հենց այդ պատճառով է, որ միայն մեղեդին են հնչեցնում: Լիլիթ Սիմոնյանն խոսքով՝ ժամանակակից մարդու համար հաճախ անհասնալի են օրորոցայինների տեքստերը՝ թե ինչու պետք է քամին օրորի երեխային կամ եղնիկը կերակրի նրան, ինչու է մայրը կանչում երկնային մարիններին՝ արևին, լուսնին, աստղերին, որ գան ու քնեցնեն իր զավակին, երբ հենց մայրը պետք է օրորի ու քնեցնի երեխային:  
 
«Մի ավանդազրույց կա, ըստ որի մի չխոսկան կին է լինում, երկար ճանապարհ գնալիս ծննդաբերում է մի թփի տակ ու ամաչում է իր ուղեկիցներին՝ ամուսնուն, սկեսրայրին, ասել այդ մասին: Տանը նա սկսում է մի տխուր երգ երգել և խնդրում է, որ քամին իր զավակին օրորի, եղնիկը նրան ծիծ տա: Ընտանիքի անդամներն այդ երգից են իմանում, որ երեխան ծնվել է ու գնում են նրան տուն բերում: Իրականում հայկական մշակույթը շատ խորն է և բարդ: Այս ու նման պատմությունները հասկանալու համար պետք է խորամուխ լինել այդ մշակույթի շերտերի մեջ»,- պատմեց Լիլիթ Սիմոնյանը:- «Հետաքրքիր է, որ բոլոր հերոսները՝ ոչ սովորական մարդիկ, ծնվում կամ մեծանում են ոչ սովորական ձևով: Օրինակ՝ հիշեք Մովսեսին, ում դրեցին զամբյուղի մեջ, գցեցին ջուրը… Կան հերոսներ, ում կերարկում են վայրի կենդանիները, օրինակ՝ եղնիկները: Լինում են նաև այնպիսի հերոսներ, ինչպես Կյուրոս թագավորը, հռոմի հիմնադիր եղբայրներ Հռոմուլոսը և Հռեմոսը, որոնց կերակրում են անգամ գայլերը: Այ, հենց հերոսի մոտիվն է, որ գալիս հայտնվում է օրորոցայինների մեջ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ մայրն ուզում է իր երեխային հերոս տեսնել, հերոս մեծացնել: Եվ հենց օրորոցայինների մեջ իր երեխային առանձնացնում է ուրիշ երեխաներից, որ նա սովորական չի, որ բնությունից է դուրս եկել և և պետք է հերոսի նման ու հերոս մեծանա»: 
 
Լիլիթ Սիմոնյանը բացատրեց, որ հերոս մեծացնելու մոտիվացիան երևում է նաև այն հատվածներում, որտեղ մայրը երեխային ոսկե օրորոցում ու մետաքսե շապիկով է նկարագրում:  
«Թվում է, թե ի՞նչ կապ ունի գյուղում մեծացող երեխան ոսկե օրորոցի հետ, որտեղի՞ց այղ աղքատ գյուղացուն մետաքսե հագուստ: Այս տեսարաններն էլ հասկանալու համար մենք պետք է գնանք մեր մշակույթի խորքերը, մեր առասպելներն ու հեքիաթները, որտեղ արքայազուններին գտնում ենք ոսկե օրորոցներում՝ մետաքսե շապիկներով: Սրանք թագավորական խորհրդանիշներ են և մայրն իր զավակին մեծարում է որպես արքայի»: 
Քանի որ օրորոցայինները երգվում էին, ժողովուրդը դրանց որոշակի ծիսական նշանակություն էր տալիս, ինչի շնորհիվ էլ երգերի մեջ բազմաթիվ բարեմաղթանքներ ու օրհնություններ ենք հանդիպում: 
 
Օրորոցայինների մասին խոսելու և դրանք մայրերի համար բացատրելու գաղափարը ծնվել է Անուշ Արշակյանի ու Լիլիթ Սիմոնյանի զրույցի ընթացքում: Նրանք ընտրել են օրորոցայինները երգով ու բացատրելով ներկայացնելու տարբերակը, որ հնարավորինս շատ օգտակար լինի մայրերի համար: 
Հոգեբան Լիլիթ Մանուկյանը կարծիքով նման սեմինարները, զրույցները հնարավորություն կտան առօրյա վազքից կտրվել և զինվել ազգային հետաքրքիր ընկալումներով: «Նպատակը մի գեղեցիկ միջոցառման շուրջ միավորելն է ազգագրությունը, հոգեբանությունը և այդ երկուսի կիզակետում ունենալ ուժեղ և ռեսուրսներով լի ծնողի կերպար»,- ասաց Լիլիթ Մանուկյանը և հավելեց, որ մասնակիցները հնարավորություն կունենան այնպիսի մի հոգեվիճակի մեջ գտնվել, որ դա իրենց կլցնի:
 
ԳիՀԻ-ն յունգյան անալիտիկ հոգեբանության և հայագիտական մի շարք բնագավառների ուսուցման և գործնական պարապմունքների, նաև գիտական հետազոտությունների կենտրոն է: 2019թ. մարտին այն հիմնադրել են մի շարք հայագետներ ու հոգեբաններ՝ նպատակ ունենանալով միավորել հայագետների և հոգեբանների աշխատանքը, նպաստել հայոց ոչ նյութական և նյութական մշակույթի պահպանության գործին, ստեղծել վայր, որտեղ հայաստանաբնակ ցանկացած անձ կարող է գիտելիքներ ստանալ հայագիտության և յունգյան հոգեբանության տարբեր ոլորտներում` անկախ տարիքից և մասնագիտությունից: 
 
Միլենա Մովսեսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր