ԱՄՆ-ն Սիրիայում ինչ-որ պահից կմտնի խաղի մեջ.ո՛չ ավիացիոն, ո՛չ ցամաքային ճանապարհով այնտեղի հայերին չենք կարող օգնել
![](https://mamul.am/images/photos/190618/chpetq-e-tulacnenq-zgonutyuny--n153751-1.jpg)
«Թուրքական կողմը համեմատաբար պասիվ ռազմական գործողությունների ընթացքում իրականացնում է հետախուզական տվյալների հավաքագրում, և դա է փաստում նաև այն, որ այս գիշեր Ղամիշլիում հետախուզական ուղղաթիռներ են երկինք բարձրացել։ Քիչ առաջ եմ խոսել այնտեղի մեր հայերի հետ, ովքեր պնդում են, որ չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրերը և պատրաստ են դիմել նաև ինքապաշտպանական մարտերի»,- ասաց Հովհաննիսյանը։
Փորձագետն անդրադարձավ նաև Ղամիշլիի հայերին Հայաստանից հումանիտար օգնություն հասցնելու հետ կապված խնդիրներին և նշեց, որ ո՛չ ավիացիոն, ո՛չ ցամաքային ճանապարհով այնտեղի հայերին չենք կարող օգնել։
«Թուրքական ուժերի աջակցությունը վայելող ռազմական ուժերը դարանակալել են ցամաքային ճանապարհներին, որի պատճառով տեղի բնակիչնեը չեն կարողանում դուրս գալ իրենց տներից։ Իհարկե, վերահսկվում է նաև օդային ճանապարհը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ղամիշլիին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկության և դրա անհնարինության մասին խոսել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը.
«Եթե անհրաժեշտություն լինի, ապա Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշում կկայացվի, միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ այդ տարածքում հումանիտար օգնություն ուղարկելը, այն էլ՝ ավիացիայի միջոցով, դժվար կլինի, քանի որ Ղամիշլիի ամբողջ տարածքը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ»,- ասել էր պաշտոնյան։
Քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհանիսյանը խոսեց նաև ամերիկյան զորքերի՝ հակամարտության գոտում գտնվելու մասին։
«Ամերիկան զորքերը դուրս չի բերել Սիրիայից, ինչ-որ պահից ԱՄՆ-ն խաղի մեջ կմտնի. Այդ պետությունը թաքնված նպատակ ունի, այն է՝ քրդերին դարձնել պաշտոնական բանակցող կողմ, ինչը բխում է հենց քրդերի շահերից։ Կա թյուր կարծիք, որ գերտերությունները խաբեցին քրդերին, բայց դա այդպես չէ. հիմա այս ամենով հիմք է դրվում քրդական պետության ստեղծմանն այս տարածքների վրա և դրանով կտրվի ամերիկա-թուրքական համակամարտության նոր մեկնարկը»,- ասաց Հովհաննսիյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ փորձագետի, Ռուսաստանն իր լռությամբ և կատարվող մի շարք իրադարձություններին չարձագանքնելով՝ իր սատարումն է հայտնում Թուրքիային։
«Ռուսաստանը Թուրքիայի ներսում իր շահն ունի և սպասում է իր առևտուրն ավարտին հասցնելու հարմար պահին»,- նկատեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիային սատարելու մասին հայտատարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ շեշտելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ և հավատարիմ դաշնակիցն է։