Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

27 նոյ 2019 09:58

Ֆեյսբուքում ակտիվությամբ աշխարհի առաջնորդների տասնյակում հայտնվելը դեռևս արդյունավետության ապացույց չէ.«Փաստ»

«Հայաստանի ներքաղաքական կյանքում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, երբ կառուցողական բանավեճը բացակայում է, միայն ականատես ենք լինում քաղաքական ուժերի կողմից միմյանց ուղղված մեղադրանքների, պիտակավորման, անցյալը հիշեցնելու և երեսով տալու գործելակերպի։ 
Հանրությունը կառուցողական քննարկումների ականատես չի լինում անգամ խորհրդարանի ամբիոնից, որը խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարած երկրի ամենաբարձր ամբիոնն է։ 

Դրան զուգահեռ՝ քննարկումներն ընթանում են այնպիսի պրիմիտիվ հարցերի շուրջ, ինչպիսիք դժվար է պատկերացնել։ 
Օրինակ՝ այս օրերին հանրության շրջանում և լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի ունեցած խաշկերույթը։ 
Եվ սա առաջին անգամը չէ, երբ խաշի թեման այսպիսի մեծ «ժողովրդականություն» է ստանում։
Ինքնին քննարկումը պրիմիտիվ էր, քանզի մոտ մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան իր ծննդյան օրը կարող է մոտ 300 հազար դրամ ծախսել, ու այստեղ դժվար է «կրիմինալ» գտնել: Ամիսներ առաջ էլ թերթերից մեկը գրել էր, թե Նիկոլ Փաշինյանի թիմը մերձեցման խաշկերույթ է կազմակերպել: 
Սրան ի պատասխան Փաշինյանը, երկրի բազմաթիվ և լրջագույն խնդիրները թողած, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր իրենց խաշակերության մասին հրապարակմանը և տարակուսանք հայտնել, որ այդ թեման դարձել է հանրային քննարկման առարկա։ Սկզբունքորեն Փաշինյանի տարակուսանքը գուցե տեղին էր: 
Սակայն արդյունքում թեման դարձավ հանրային էլ ավելի մեծ ուշադրության առարկա։ 
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այսպիսի պրիմիտիվ թեմաները դառնում հանրային քննարկման հարցեր, երբ երկրի առջև բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ կան ծառացած։ 
Այսպիսի իրավիճակի պատճառները հասկանալու համար պետք է դիտարկել, թե ինչ քաղաքական օրակարգով և տեսլականով են առաջնորդվում այսօրվա իշխանավորները, որոնք իշխանափոխության օրերին «ոսկե սարեր» էին խոստանում ժողովրդին։ 
Իրադարձությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը և իր թիմը քաղաքականությունը կառուցելիս ոչ միայն չեն առաջնորդվում որևէ գաղափարախոսությամբ, այլև չունեն քաղաքական տեսլական, ռազմավարություն և առաջնահերթություններ։ 
Իրենց քաղաքականության հիմքում ընկած է «ամեն կերպ ժողովրդին զբաղեցնելու» մղումը, և այդ նպատակով էլ պետք է, որ ամենապրիմիտիվ հաջողությունները ներկայացվեն որպես խոշոր «տրիումֆ»` ցույց տալու համար, թե՝ տեսեք, իշխանավորները լիովին տարված են աշխատանքով։ 
Եվ ըստ այս տրամաբանության՝ նրանց աշխատանքի արդյունավետությունն էլ որոշվում է ֆեյսբուքում կատարած հրապարակումների և տարածումների չափով։ 
Իսկ իշխանավորների շրջանում սոցցանցային ակտիվությամբ անգերազանցելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է, որը չի զլանում իր ֆեյսբուքյան էջի միջոցով հանրության ուշադրությանն արժանացնել այնպիսի թեմաներ, որոնք ընդհանրապես կապ չունեն վարչապետի գործառնությունների հետ։ 
Օրինակ՝ վերջերս էլ վարչապետը իր էջում հրապարակել էր ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու կոնկրետ կազմակերպության հասցեները՝ այն դեպքում, երբ կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են տարբեր մանր-մունր թեմաներով զբաղվել, իսկ վարչապետին պետք է մնա քաղաքական ուղեգծի մշակումը և ամենակարևոր նշանակություն ունեցող պրոբլեմների լուծումը։ 
Եթե հանրության համար վարչապետի աշխատանքն իրոք արդյունավետ լիներ, ապա Փաշինյանը ստիպված չէր լինի իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալ հազար ու մի երկրորդական թեմաների ու հանրությանը զանազան աճերի մասին ցուցանիշներ ներկայացնել։ 
Եվ եթե Փաշինյանի պաշտոնավարումը բեկումնային նշանակություն ունենար հանրության կյանքում, ապա առանց ֆեյսբուքյան հրապարակումների էլ նա կարժանանար հանրության դրվատանքին։ 
Այնպես որ, ֆեյսբուքում ակտիվություն ցուցաբերող՝ աշխարհի առաջնորդների լավագույն տասնյակում Նիկոլ Փաշինյանի հայտնվելը դեռևս չի նշանակում, որ իր կառավարության գործունեությունը նույնքան արդյունավետ է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր