Ուզում են օրինականացնել, որ օլիգարխների երեխաները չգնան երկիրը պահելու. Ռուստամ Գասպարյան
![](https://hraparak.am/uploads/images/image_750x_5ca9dff1a0447.jpg)
«Դա բանակը քայքայելո՞ւ, կրճատելո՞ւ ծրագիր է, էս ի՞նչ է կատարվում: Բանակը կրճատել օլիգարխների հաշվի՞ն, ովքե՞ր են ծառայելու, էն քյասիբի երեխեքը, որ միշտ էլ ծառայել են: Փողատետերի երեխեքը միշտ էլ խուսափել են, այսօր օրինակացնում են այդ խուսափելը: Հայրենիքի պաշտպանությունը դարձնում են փողով: Փողը տան՝ հայրենիքը չպաշտպանե՞ն: Ոչ մի տեղ չէր օրինականացվել, որ օլիգարխների, հարուստների երեխաները չգնան երկիրը պահելու, հիմա օրինականացնում են: Դա աբսուրդ է, անընդունելի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը։
Նշենք, որ Հայկ Սարգսյանի պնդմամբ՝ այս օրինագծի կիրառման դեպքում մեր զինված ուժերը կուժեղանան։ Ռուստամ Գասպարյանը կարծում է՝ բանակը պետք է այլ կերպ ուժեղացնել։
«Եթե փող ունենք, ծախսելու տեղ չունենք, պետք է պայմանագրային ծառայության անցնենք, զորք ավելացնենք, ոչ թե կրճատենք»,- ասաց նա՝ նշելով, որ բանակը զինվորների կարիք ավելի շատ ունի. «Պատերազմը դեռ ավարտված չի, մեր շեմին է, իսկ մեր զինվորը չի հերիքում մեր սահմանները լրիվ պահելուն»։
Հայկ Սարգսյանը պարզաբանել է, որ արագացված կարգով ծառայելու ընթացքում զինծառայողները մեկ ամսում սովորելու են զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, զենքից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվելու են ներկայանալ զորահավաքներին, ընդգրկվելու են պահեստազորում: Ռուստամ Գասպարյանը վստահ է, որ մեկ ամիսը բավական չէ այդ ամենի համար. «Մի ամսվա ծառայությունը ո՞րն է, ձեռառնոցի է: Ես 4 տարի կռվել եմ, 2 տարի՝ ծառայել, ես էլի շատ բաների չեմ տիրապետում»։