Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից.Քոչարյանը բաց տեքստով ԼՂՀ իշխանություններին կոչ է անում հակադրվել Հայաստանի իշխանություններին

Հիմա անդրադառնանք ղարաբաղյան խնդրին: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ իշխանությունների մասնակցությամբ «Ղարաբաղի վզին ինչ-որ սցենար է փաթաթվում», պարզ ասած՝ ՀՀ իշխանությունները դավեր են նյութում Արցախի դեմ: Փորձենք հասկանալ:
Հայաստանի ցանկացած իշխանություն, որը կփորձի անընդունելի զիջումներ անել Արցախի հարցում, հզոր դիմադրության կհանդիպի եւ շատ արագ կկորցնի իշխանությունը, ու սա, վստահաբար, գիտակցում են բոլորը: Հետեւաբար՝ Հայաստանի ցանկացած իշխանություն փորձելու է կարգավորման գործընթացում հասնել առավելագույն արդյունքի: Իսկ առավելագույն արդյունքի հասնել հնարավոր է միայն Հայաստանի եւ Արցախի բացարձակ ու անառարկելի միասնությամբ: Որեւէ մեկը, վստահաբար, չի կարող հերքել սա: Իսկ ի՞նչ է ասում Ռոբերտ Քոչարյանը:Ասում է, որ Ղարաբաղի իշխանությունները չպետք է տուրք տան որեւէ մեկի, այդ թվում՝ ՀՀ ղեկավարի «քմահաճույքներին», Արցախն էլ չպետք է վախենա ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից: Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ ցանկացած մարդ ամենաշատը հենց դրանից պիտի վախենա, որովհետեւ այդ տարաձայնություններից ավելի կործանարար բան պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Քոչարյանը գրեթե բաց տեքստով ԼՂՀ իշխանություններին կոչ է անում հակադրվել Հայաստանի իշխանություններին, Արցախի ժողովրդին էլ կոչ է անում ընտրել այնպիսի նախագահ, որը Հայաստանի այսօրվա լեգիտիմ իշխանությունների հետ առճակատման գնալուց չի խուսափի: Պարզ ասած՝ կոչ է անում գնալ Հայաստանի ու Արցախի համար ամենակործանարար ճանապարհով: Եվ դա՝ ընդամենը այն պատճառով, որ հույս ունի դրանով թուլացնել Հայաստանի իշխանություններին, հասնել արտահերթ ընտրությունների եւ հնարավոր է՝ հայտնվել ազատության մեջ «իրավիճակի փոփոխության պատճառով»:
Հետաքրքիր է՝ Արցախի ժողովուրդը կցանկանա՞ ունենալ Հայաստանի իշխանությունների հետ առճակատման գնացող իշխանություններ՝ ինչ է, թե դրա արդյունքում Քոչարյանը կկարողանա խուսափել պատասխանատվությունից, հայտնվել ազատության մեջ ու շարունակել առյուծներ որսալ աֆրիկյան սավաննաներում: