Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք` բռնեն. Լևոն Քոչարյանը՝ ԱԱԾ տեսանյութի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությանն ու տեսանյութին, որում ենթադրյալ սուտ տեղեկատվություն տարածող քաղաքացին ասում է, թե ինքն այդպես է վարվել, քանի որ ունի ընդդիմադիր քաղաքական հայացքներ, և համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ։
«Սկզբում մտածեցի կատակ է, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեռնային հիվանդության (altitude sickness) ախտանիշ է: Նաև, ըստ ամենայնի, խումհարի յուրահատուկ դրսևորում։
P.S. Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք` բռնեն»,– գրել է Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ երեկ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան այս օտգատերը տեղեկություն էր հրապարակել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այդ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Ֆեյսբուքյան էջի օգտատերը բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։